«Տա Աստված, որ այս հրադադարը դառնա խաղաղություն». Հրանուշ Հակոբյան

«Հայերն այսօրը» ներկայացնում է «Իրավունք» պարբերականի հարցազրույցը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

Պարբերականը նախարար Հրանուշ Հակոբյանի հետ զրուցել է սփյուռքյան արձագանքների մասին՝ կապված օրեր շարունակ Ադրբեջանի կողմից զարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկված լայնածավալ նախահարձակ գործողությունների հետ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման ենթարկվեցին ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Հրանուշ Հակոբյանը նախևառաջ ասաց, որ ինչպես Հայստանում և Արցախում, այնպես էլ Սփյուռքում, բոլորը ոտքի են կանգնել:

– Միահամուռ, կազմակերպված կանգնած են ու պատրաստ տրամադրել ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ նյութական օգնություն, ինչպես նաեւ ե՛ւ բարոյական, ե՛ւ քաղաքական ճնշում գործադրել իրենց իշխանությունների վրա` այս ահավոր ագրեսիան կասեցնելու եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

– Իրավիճակը հաշվի առնելովարդեն իսկ Սփյուռքից հայրենիք եկողներ կա՞ն:

– ԼՂՀ պաշտպանության բանակից հայտարարեցին, որ եղել են մարդիկ, ովքեր եկել են: Ընդհանրապես, շատ տարածաշրջաններում կամավորների ցանկեր են գրանցվում: Ուղղակի, մենք խնդրում ենք, որ դեռեւս չգան: Տա Աստված, որ այս հրադադարը դառնա խաղաղություն:

– Անդրադառնանք նաև այս օրերին սփյուռքահայերի կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին՝ տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատների դիմաց:

– Ասեմ ձեզ, որ արդեն Լոնդոնում է եղել, Վարշավայում, Ֆրանսիայում եւ նախատեսվում է նաեւ վաղը` ապրիլի 9-ին: Մեծ ցույցեր են տեղի ունենալու Լիբանանում, Կանադայում եւ այլ երկրներում: Չեմ կարծում, որ կգտնվի մի երկիր, որտեղ ցույցեր, բողոքի ակցիաներ, ստորագրահավաքներ եւ համապատասխան այլ քայլեր չձեռնարկեն: Մեր հայրենակիցներն այս իրավիճակը համարում են սեփականը ու նույն ձեւով փորձում են պայքարել:

– Եվս մեկ հարց՝ կապված Սիրիայից Հայաստան եկեած մեր հայրենակիցների մասին. չե՞ք կարծում, որ ճիշտ կլիներ նրանց տալ փախստականի կարգավիճակ՝ հաշվի առնելով այն, որ միջազգային կառույցները, օրինակ, Թուրքիային մեծ գումարներ են բաշխում՝ փախստականներին պահելու համար:

– Որեւէ ստատուսի խնդիր չկա, նրանք բոլորն էլ փախստականներ են: Այլ բան է, որ մեր երկրում նրանց քաղաքացիություն ենք շնորհում, եւ դա նրանց փրկության փաստաթուղթն է: Նրանք ռումբերի պայթյունի տակ, մահվան ճիրաններում իրենց փաստաթղթերը լրիվ կորցրել են եւ Հայաստան պետությունը` որպես իր հայրենակից, չի կարող սիրիահայերի հետ այլ կերպ վարվել: Այնպես որ, դրա համար չէ, որ մեզ օգնություն քիչ է հատկացվում կամ վատ է հատկացվում, այլ նրա համար, որ մեր երկրում կարողացել ենք շատ համակարգված կազմակերպել նրանց օգնությունը` նրանք աշխատանք ունեն, փողոցում չեն, սոված չեն, անկարող չեն, կրթում են, բժշկական ծառայություններից են օգտվում, որը հատուկ չէ մյուս փախստականներին: Եվ ես վերջերս եղել եմ Նյու Յորքում` ՄԱԿ-ի գրասենյակում ու պետք է ասեմ, որ իրենք ամբողջությամբ տեղյակ են այն աշխատանքներից, որն անում են տարբեր երկրներ, այդ թվում` նաեւ Հայաստանը` փախստականների հարցում: Ավելին` նրանք ուզում են Հայաստանի կատարած աշխատանքը փախստականների հետ համարել մոդելային եւ ցույց տալ, թե ինչպես կարող է փախստականը գալ եւ օգուտ տալ տվյալ երկրին, ոչ թե` հակառակը: Շատ երկրներ փախստականների գալը համարում են բացասական երեւույթ, չեն համարում, որ փախստականների ներուժը օգտագործելով` կարող են օգուտ ստանալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Scroll Up