«Լրագրողը պետք է բազմակողմանի զարգացած, անաչառ, ազնիվ ու քաջ լինի՝ ճշմարտությունը վեր հանելու». Հակոբ Բալյան

Հոկտեմբերի 20-ից 24-ը ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագիրը կրող Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի շրջանակներում ուշագրավ և հետաքրքիր ելույթներով հանդես եկան հայաստանյան և սփյուռքյան հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, անվանի և վաստակաշատ լրագրողներ: Նրանց բոլորին հիմնականում մտահոգում էին տեղադրվող, հեռարձակվող  թեմայից  լրագրողի  խիստ անհրաժեշտ իրազեկվածությունը՝ ելնելով ազգային անվտանգության  շահերից, լրագրողների  փորձառության մակարդակը, նյութերի որակային կողմը, լեզվական հարցերը: Այս և այլ հարցերի շուրջ «Հայերն այսօր»-ի համար իմ հարցազրույցը  ծավալվեց  լրագրող, գրող,  հրապարակախոս  Հակոբ Բալյանի հետ:

-Պարո՛ն Բալյան, որքանո՞վ եք կարևորում այս համաժողովները, ինչպիսի՞ տպավորություններ ունեք:

-Ինձ նեղ կացության եք մատնում, որովհետև համաժողովներն անհավասար ժողովներ են. մարդիկ են մասնակցում, ովքեր լրագրության, հրապարակագրության ասպարեզում չեն, իրենց հետաքրքրությունները սահմանափակ են (խոսքը բոլորին չի վերաբերում), թաղային թերթերի մակարդակի են. հիմնահարցերը դժվարությամբ են քննվում և նույնիսկ, երբ քննվում են, ապա հաջորդ օրն արդեն մոռացվում են: Այս համաժողովներն օգտակար կլինեն, եթե նյութերը նախապես բաժանվեն մասնակիցներին: Բազմամարդ ժողովների անպատեհությունն այն է նաև, որ մի տեսակ վեր է ածվում հանրահավաքի՝ միտինգի. լուրջ հարցերի քննարկումները պետք է լինեն կլոր սեղանի շուրջ: Անշուշտ, այս համաժողովի կազմակերպումը ողջունելի է:

-Ասացեք, խնդրեմ, թե որն եք համարում ճիշտ լրատվությունը, լրագրողական աշխատանքի ճիշտ գործելաոճը:

-Ես պետք է խոսեմ հետախուզական մամուլի մասին, որովհետև հետախուզական մամուլն արդարության հասցնող ճշմարտությունն է, երկրորդը՝ պետք է խոսեմ  մամուլի մասին, որը գնում է դեպի լուրը: Մեր մամուլը, հատկապես՝ Սփյուռքում, ելքերով, էլեկտրոնային փոստով  եկած լուրերն են, որոնք ստանում են՝ գրասեղանի մոտ նստած. ես դրանք լուր չեմ համարում. լուրերի հետքերով պե՛տք է գնալ, պետք է պեղել, պետք է գիտենալ, թե ստացված լուրի ետևում ինչ կա, ինչ է պատահել, ինչի՞ց է սկիզբ առել, ո՞րն է պատճառը: Օրինակ՝ ասենք, թե մի նախարար հրաժարական է տալիս, լրագրողը գրում է լուրը և վերջացավ….սակայն պե՛տք է բացել փակագծերը, փնտրել, մեկնաբանել հրաժարականի պատճառը, որպեսզի հասարակությունը  ճիշտ իրազեկվի: Բոլոր լուրերը պետք է հետևողականորեն լուսաբանել, որովհետև լուսաբանված ժողովու՛րդն է, որ ճիշտ ընտրություն է անում:

-Պարո՛ն Բալյան, համաժողովի ընթացքում շատ խոսեցին լրատվամիջոցների նորարարական տեխնոլոգիաների, համացանցային տեխնիկական զինվածության մասին, սակայն գրեթե ոչ ոք մտահոգություն չհայտնեց լրագրողի գրելու,  գրագիտության, ստեղծագործական շնորհի, հայոց լեզվով ոչ ճիշտ արտահայտվելու մասին…ի՞նչ կասեք այս առումով:

-Իմ տեսակետը շատ հստակ է. մեր զանգվածային լրատվամիջոցները՝ ձայնասփյուռը, հեռատեսիլը, համացանցային էլեկտրոնային պարբերականները, մամուլը հանրակրթարաններ են և հե՛նց դրանցում է հաճախ աղավաղվում մեր լեզուն (խոսքս, հարկավ, ոչ բոլորին է վերաբերում), օգտագործում են անգլերեն բառեր. ասենք ՝ որևէ մարզի, որևէ գյուղի բնակիչը ինչպե՞ս դա հասկանա և, ի վերջո, ինչու՞ պետք է հասարակ հայ մարդը փորձի դա հասկանալ: Անցյալում թերթի ազդօրինակը դուրս էր գալիս, սրբագրիչը ծայրից ծայր կարդում էր, ուղղում, և դրանից հետո էր միայն տպագրվում հիմնական քանակն ու մատուցվում հասարակությանը: Հիմա այդ սրբագրությունը չկա. մեկն արաբաբանություն է դնում թերթի մեջ, մեկը՝ ֆրանսաբանություն….չեղա՛վ, չի՛ կարելի այդպես: Զանգվածային լրատվամիջոցների լեզուն չի հսկվում, այսպես չի՛ կարելի շարունակել: Այս հարցում պետական քաղաքականությո՛ւն է պետք: Առաջարկներիցս մեկն էլ պետք է լինի մամուլի լեզվի հսկողության հարցը: Լեզուն ինքնություն է. երբ լրագրողը  գեղեցիկ, ճիշտ հայերենով է խոսում ու գրում, նա ժողովրդի հիացմունքն ու վստահությունն է վաստակում:

-Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի լրագրողը:

-Լրագրողը պետք է ի վերուստ օժտված լինի ստեղծագործելու, գրելու շնորհով, ունենա լայն մտահորիզոն և քաջություն՝ ճշմարտությունն ասելու, վեր հանելու, խոսելու անարդարության մասին. նա  պետք է անաչառ  լինի, ազնի՛վ: Այսպիսի՛ն  է իմ ընկալումն իսկական լրագրողի մասին:

-Շնորհակալությու՛ն, պարո՛ն Բալյան. Ձեր խոսքը լրագրության և լրագրողների մասին, հիրավի, հոգու խոսք է. կարծում եմ՝ այն  նաև ուսուցողական է՝ ամենալայն իմաստով:

Կարինե Ավագյան

Scroll Up