«Ես իմ «բանակով»` «Արցախի ձայներ»-ի հե՛տ կ’երթամ մրցոյթի, ինձ հետ է նաեւ իմ խաչը». «Մանկական Եւրատեսիլ-2017»-ի պատուիրակ` Միշա

ՀՀ սփիւռքի նախարարութեան գրեթէ բոլոր աշխատակիցները նոյեմբերի 16-ին աշխոյժ եռուզեռի մէջ էին` «Մանկական Եւրատեսիլ-2017» երգի միջազգային մրցոյթի հայաստանեան մասնակիցպատուիրակ փոքրիկ ղարաբաղցու` Միքայէլ Գրիգորեանի այցելութեամբ. Սփիւռքի նախարարի ջերմ ու անչափ սիրալիր հիւրընկալութեամբ, նախարարութեան աշխատակիցների հիացական ժպիտներով շրջապատուած Միշան ասես մի այլ մոլորակում էր յայտնուել. բոլորը ցանկանում էին լուսանկարուել տաղանդաւոր տղայի հետ, հարցեր տալ նրանդրանից անմասն չմնացինք նաեւ մենք` լրագրողներս, եւ Միքայէլի հետ մտերմիկ ու պարզ մի հարցազրոյց ծաւալուեց «Հայերն այսօր»-ի խմբագրասենեակում: Իմ հարցերին, որոնց մի մասը նաեւ Արցախի բարբառով էի տալիս, Միշան պատասխանում էր շատ պատրաստուած, խելօք, սակայն,  բնականաբար, մանկան անմիջականութեամբ ու անկեղծութեամբ: Ստորեւ մեր ընթերցողների  ուշադրութեանն ենք ներկայացնում այդ  հարցազրոյցը:

Փոքրի՛կ հայրենակից, ո՞վ է ընտրել երգը, որը պէտք է ներկայացնես «Մանկական Եւրատեսիլ-2017»-ում, հաւանու՞մ ես այն:

-Երգն ընտրել է իմ պրոդիւսերը, ես էլ շատ եմ հաւանում այն ու պատրաստւում եմ լաւ ներկայացնել, բարձր պահել Հայաստանի պատիւը, իմ Արցախի անունը:

-Ո՞ր երգը կը ցանկանայիր լաւ սովորել ու մի օր աշխարհին ներկայանալ դրանով:

-Դա Մայքլ  Ճեքսոնի կատարմամբ Սթիւի Վուանդերի «Higher ground»-ն է. որոշել եմ անպայման շատ լաւ սովորել այն:

Միքայէ՛լ, բայց դա դժուար երգ է…

-Դժուա՛ր է, ճի՛շտ է, բայց ես չեմ սիրում հեշտ (այստեղ Միշան ասաց` թոյլ ճանապարհով, ես խմբագրեցի փոքրիկի խօսքը) ճանապարհով գնալ:

-Կարո՞ղ ես յիշել, թէ որն է եղել քո կատարած առաջին երգը:

– Ես երգում եմ 4 տարեկանից եւ յիշում եմ առաջին երգս. դա Ռոբերտինօ Լորետտիի կատարած «Ճամայկա» երգն է, որով հնարաւոր է` մի օր ներկայանամ հանդիսատեսներին:

-Երբեւէ փորձե՞լ ես ինքդ երգ գրել:

–Այո՛, փորձել եմ. եղբայրս դաշնակահար է, մենք միասին ստեղծել ենք մի երաժշտութիւն` հայրենասիրական բառերով երգի համար, սակայն բառերը դեռ չունենք (ես Միքայէլին խոստանում եմ գրել այդ երգի բառերը):

-Միշա՛, դու արդէն ճանաչու՞մ ես քո բոլոր մրցակիցներին, ի՞նչ ես կարծում, նրանցից ո՞վ կարող է լինել առաջատար:

-ճանաչում եմ նրանց, գիտե՛մ նրանց ուժը, երգելու ոճը. կարծում եմ` առաջատարների շարքերում կը լինեն Ռուսաստանն ու Աւստրալիան:

–Դասընկերներդ խնդրու՞մ են երբեմն երգել դպրոցի դասամիջոցների ընթացքում…

-Այո՛: Սկզբում շատ էին ասում, սակայն, տեսնելով ինձ հեռուստատեսութեամբ, հասկացան, որ ես չեմ կարող անընդհատ եւ ամենուրէք երգել, որ պէտք է պահպանեմ ձայնս, չյոգնեմ:

-Երգը կլանել է քեզ, քո ամբողջ ժամանակը, սակայն դու պէտք է նաեւ ապրես քո մանկութիւնը, շփուես հասակակիցներիդ հետ, խաղաս բակում. ժամանակ գտնու՞մ ես դրա համար:

–Ճիշտ է, շատ եմ զբաղուած, բայց հասցնում մի քիչ շփուել ընկերներիս հետ, ֆուտբոլ խաղալ:

-Երաժշտական ի՞նչ գործիք ես նուագում` բացի ջութակից:

-Նուագում եմ նաեւ դաշնամուր, սովորում եմ «Արցախի ձայներ»-ում:

–Միքայէ՛լ, բացի քեզանից` ընտանիքում էլ ովքե՞ր են երգում:

-Բոլորը՛, բայց ամէնից լաւ մայրի՛կս է երգում:

-Ին՞չ թիմով ես գնում Վրաստան, ովքե՞ր են քո «պահապան հրեշտակները»:

-Մեր «Արցախի ձայներ»-ի թիմով. իմ պրոդիւսերն է լինելու այնտեղ, ես նրանցից ու՛ժ եմ ստանալու: Ես իմ «բանակով» եմ գնում մրցոյթի, ինձ հետ է նաեւ իմ խաչը (Միկան ցոյց է տալիս իր պարանոցից կախուած խաչաշղթան):

-Միշա՛, բացի երգելուց` ի՞նչ մասնագէտ կը ցանկանայիր դառնալ:

-Բարեգո՛րծ…(փոքրի՜կ, բարի՛ տղայ) որպէսզի կարողանամ օգնել Արցախում ապրող անապահով մարդկանց, տուն չունեցողներին. ես ուզում եմ, որ բոլորը լաւ ապրեն: Իմ ընտանիքն ինձ համար ամէն ինչ անում է, ես ոչ մի բանի կարիք չունեմ եւ շատ եմ ցանկանում, որ բոլոր երեխաները, մեծերը կարիքի մէջ չապրեն: Շատ կը ցանկանայի նաեւ մաթեմատիկոս դառնալ:

-Քո փոքրիկ ու շատ մեծ սրտով ի՞նչ կը մաղթես քո հասակակիցներին:

-Ցանկանում եմ, որ միշտ բարի լինեն, կարողանան չարին յաղթել, եւ ամէն ինչ լաւ կը լինի:

-Երբ մեծանաս, կը գնա՞ս ծառայելու Հայոց բանակում. քո առջեւ երկու ընտրութիւն է` գնալ երգի ճանապարհով եւ ծառայել բանակում. որը՞ կ’ընտրես առաջինը:

–Այդ դէպքում առաջինը կ’ընտրեմ Հայրենիքիս սահմանների պաշտպանութիւնը, յետոյ` երգը. երգելո՛վ կը պաշտպանեմ մեր սահմանները: Իմ հայրիկն էլ է զինուորական: Ես ապրիլին լսել եմ պատերազմի ձայնը եւ շատ եմ ուզում, որ իմ ծննդավայր Արցախում միշտ խաղաղութիւն լինի:

-Ինչ՞ն է Արցախում քեզ ամէնից շատ դուր գալիս:

-Արցախն` ամբողջութեամբ. Արցախի բնութիւնը, կերակուրները` ժենգեալով հացը, Արցախի սօուսը, թխուածքներից` թերթերուկը, Արցախի մարդի՛կ են ինձ դուր գալիս…

-Ինչ՞ն ես գնահատում արցախցու բնաւորութեան մէջ:

-Հպարտութիւնը, ազնուութիւնը, անկեղծութիւնը, երգելու տաղանդը:

-Միքայէ՛լ, ի՞նչ ես կարծում ` ինչպէ՞ս կ’անցնի այս մեծ փորձութիւնը:

-Մեծ կռիւ, պայքա՛ր կը լինի այս մրցոյթում. տեսնենք, թէ ով է լինելու առաջինը, ով կը դառնայ յաղթող:

Ջերմ ժպիտներով ողողուած մեր նախարարութեան բազմաթիւ աշխատողների ցանկութեանն ընդառաջ` փոքրիկ հրաշքը լուսանկարւում է նրանց հետ եւ ընթացքում մի քանի տող երգում Ալեքսէյ Հեքիմեանի «Ղարաբաղցին» երգից`

Լաւ ընկերոջ համար անգամ`

Կեանքը կը տայ ղարաբաղցին,

Բայց թէ հոգով դու դառնացրիր,

Ամպի նման կ’որոտայ

Շանթ ու կրակ ղարաբաղցին …

…Երգում է Միքայէլն ու սիրուն աչուկների չարաճճի ժպիտով նայում բոլորիս: Բարեմաղթանքների հեղեղով ճանապարհում ենք բարեգործութիւնը մասնագիտութիւն համարող (այո՛, ճի՛շտ է, Միշան դա՛ էլ է մասնագիտութիւն համարում, ու ես անուղղակի եւ շատ ուղղակի կերպով համամիտ եմ նրա հետ) տաղանդաւոր, փոքրիկ ղարաբաղցուն` բարեմաղթանքների հեղեղով ողողելով նրան, փայփայելով, որ հրեշտակատեսք փոքրիկ Միքայէլը տուն կը վերադառնայ յաղթանակով:

 …Աստուած քեզ օգնակա՛ն, մեր փոքրի՛կ հայորդի, թո՛ղ Արցախի լեռները քեզ պահապան լինեն, թո՛ղ քո մաքուր էութեան, հոգու ձայնը գրաւի աշխարհի տարբեր ծայրերից քո երգը լսող մարդկանց, եւ Հայաստան ու Միքայէլ անունների դիմաց գրանցուեն ամենաբարձր միաւորները:

Կարինէ Աւագեան

 

 

 
 
 
 

Scroll Up