«Ես իմ 5 երեխաներին բերեցի՝ իբրև նվեր Հայրենիքիս». Հրաչ Գևորգյան

Բազմաթիվ հարցազրույցներ եմ ունեցել սիրիական պատերազմի պատճառով Հայաստանում հանգրվանած և Սփյուռքի տարբեր գաղթօջախներից հայրենադարձված մեր հայրենակիցների հետ, սակայն այս մեկը բացառիկ էր իր մասնակիցների առումով՝ 5 փոքրիկներ, որոնցից երկուսը՝ զույգեր, իրենց ծնողների հետ ՀՀ Սփյուռքի նախարարություն էին եկել՝ մասնակցելու Աստվածաշնչյան ընկերության Արաբական ծոցի տարածաշրջանի ընդհանուր քարտուղար, Միջին Արևելքի Աստվածաշնչյան ընկերության խորհրդի ատենապետ, դոկտոր Հրայր Ճեպեճյանի կազմած, Երևանում բնակվող սիրիահայ երիտասարդ ընտանիքներին, երեխաներին նվիրելու համար բերված «Երիտասարդ ընտանիքի Աստվածաշունչ» գրքի շնորհանդեսին:

…Վերելակի դռները բացվեցին, և… հրաշք՝ զարմացած աչուկներով 5 անուշիկ փոքրիկներ իրար ետևից ներս մտան. մի պահ ինձ թվաց՝ երազում եմ տեսնում այդ դեմքերը, հետո սթափվեցի և սկսեցի զրուցել ծնողների ու երեխաների հետ: Երկու տղա և 3 աղջիկ՝ հայրենադարձների ընտանիքում… Ցանկացա ուրախությունս կիսել գործընկերներիս հետ և նրանց ուղեկցեցի «Հայերն այսօր»-ի խմբագրասենյակ, ուր փոքրիկների մուտքը պակաս զարմանքով ու հիացմունքով չընդունվեց: Այդքան մարդ տեսնելով՝ երեխաները ճուտիկների պես հավաքվել էին իրար գլխի, իսկ հետո…Կարևորը հետո տեղի ունեցավ, երբ սկսեցի հարցեր տալ փոքրիկներին. հարցրեցի, թե ով է նրանցից ամենախելոքը, և երեխաներից ամենից աշխույժ ու ժիր Դանիելն ասաց՝ ե՛ս, երբ հարցրեցի, թե ով է ամենալավ սովորողը, Դանիելը դարձյալ ասաց՝ ե՛ս, իսկ երբ հարցրեցի, թե նրանցից ով է ամենաչարաճճին, նա մատնացույց արեց մյուս երեխաներին…այդ պահին մեծ քույրը՝ Զեփյուռը և եղբայրը՝ Սարգիսն, ասես ներողամտաբար, ժպտում էին, իսկ զույգ աղունակները մոլորված նայում էին Դանիելին: Նրանց նայելիս՝ ակամայից հիշեցի Մանկական Աստվածաշնչում պատկերված Հիսուսի շուրջը բոլորված մանուկներին և Տիրոջ ասածները.«Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև Երկնքի արքայությունն այդպիսիններինն է. ճշմարի՛տ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի արքայություն չեք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է՝ ինչպես այս մանուկը, Երկնքի արքայության մեջ նա՛ է մեծ: Եվ ով իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կընդունի»:

 Իհարկե, Տիրոջ խոսքը մանկան նման մաքուր ու անմեղ լինելու մասին է, ու ես այս 5 փոքրիկներից յուրաքանչյուրի աչքերում, հայացքում դրոշմված անմեղության, մաքրության կնիքը տեսա, լսեցի նրանց թոթովանքները, ծնողների՝ Հրաչ Գևորգյանի ու Արմիկ Յակոբի պատմություններն իրենց հայրենադարձվելու մասին, որը ներկայացնում ենք նաև մեր ընթերցողներին:

«Ես ծնվել եմ Սիրիայում, 1988-ին Հալեպից գնացել եմ Լիբիա, այնտեղից էլ գնացել եմ Արաբական Միացյալ Էմիրություններ, ապրում ու աշխատում էի Դուբայում. վերադարձա Սիրիա, 2007-ին ամուսնացա Արմիկի հետ և միասին գնացինք Դուբայ: Ընտանիքս մեծացավ, ծնվեցին երեխաներս՝ 2008-ին՝ Զեփյուռս, 2010-ին՝ Սարգիսս, 2012-ին՝ Դանիելս, 2013-ին ծնվեցին Աննան ու Մերին,- իր ընտանիքի մասին անսահման սիրով և հրճվանքով պատմում է Հրաչ Գևորգյանն ու շարունակում,– ես ուզեցի, որ իմ երեխաները իսկական հայ մեծանան, հայերենը չմոռանան և որոշեցի տեղափոխվել մեր Հայրենիք: Դուբայում նրանք արդեն հաճախում էին անգլիական դպրոց, և վախ կար, որ մի օր կմոռանան հայերենը՝ չնայած մեր ընտանիքը հայախոս է: Ես իմ երեխաներին բերեցի՝ նվիրելու Հայրենիքիս: Մեր երեխաներն այստեղ շատ լավ են զգում, ընկերներ ունեն, երբ հարցնում եմ՝ գնա՞նք Սիրիա, ընդդիմանում են. նրանք սիրեցին Հայաստանը, արդեն խոսում են արևելահայերենով: Բնականաբար, դյուրին չէր նոր կյանք սկսել, բայց Հայաստանի հանդեպ ունեցած սերը վեր էր ամեն ինչից: Ես մեքենայի մասնագետ եմ, աշխատանք չունեմ, կինս՝ Արմիկը, երեխաներին է խնամում, նրա գործը շատ է: Երեխաների համար նպաստ ենք ստանում, կարողանում ենք ապրել: Մեծապես շնորհակալ ենք ՀՀ սփյուռքի նախարարին, ով մեզ օգնության ձեռք մեկնեց, աջակցեց, որպեսզի կարողանանք հաղթահարել դժվարությունները, պահել երեխաներին: Մեզ օգնում է նաև հայաստանյան մի հիմնադրամ՝ վճարելով մեր բնակարանի վարձի 60000 դրամը: Շնորհակալ ենք բոլորին. եթե միայն ես կարողանամ իմ մասնագիտությամբ մի աշխատանք գտնել, ամեն ինչ ավելի լավ կլինի. ամենից կարևորն այն է, որ Հայրենիքում ենք»,- ասում է իմ զրուցակիցն, ու ես հավատում եմ, որ այսպիսի ոգևորությամբ ու լավատեսական տրամադրությամբ ներշնչված մեր հայրենակիցներն անպայման պետք է Հայրենիքո՛ւմ իրականացնեն իրենց նվիրական բոլոր երազանքները:

… Հրաժեշտ եմ տալիս այս մեծ ու գեղեցիկ ընտանիքին, երկու ձեռքերով «Երիտասարդ ընտանիքի Աստվածաշունչ»-ը ամուր գրկած 5 փոքրիկ հրաշքներին՝ հոգուս ու աչքերիս մեջ նրանց անմեղ հայացքները:

Կարինե Ավագյան

Scroll Up