Մի փոքրիկ Հալեպ Երևանում

Սիրիայում ծավալված պատերազմական գործողությունների պատճառով մեր հայրենակիցներից շատերը հեռացան իրենց ծննդավայրից՝ թողնելով հարազատ թաղամասերը, դպրոցները, եկեղեցիները, բնակարանները, կայքն ու աշխատատեղերը, սեփական խանութները, հարազատներին, հարևաններին ու ընկերներին: Սիրիահայերի մի մասը հանգրվան փնտրեց օտար ափերում, իսկ մի ստվար մասն ապաստանեց երազների երկիր Հայաստանում: Բնականաբար, դյուրին չէր ամեն ինչ սկսել նորից, աշխատանք ու բնակարան ունենալ, սակայն կյանքը պիտի շարունակվեր… և շարունակվեց:

Հանրապետության հրապարակի մետրոպոլիտենի նույնանուն կայարանամերձ տարածքում սիրիահայերը հնարավորություն ունեցան ստեղծելու մի փոքրիկ Հալեպ, ուր կողք կողքի գործում են սննդի և կենցաղի առևտրային խանութներ, վարսավիրանոց: Մի փոքր կտրելով նրանց աշխատանքից՝ զրուցեցի և լսեցի մեր հայրենակիցների տպավորությունների ու խնդիրների մասին:

 

Վահրամ Տեր-Օհանյան

 02

– Ես 11 ամիս առաջ եմ եկել Հայաստան: Եկել եմ ընտանիքով: Սիրիայում թողել ենք տուն, աշխատանք և մի կերպ փախել ենք: Երբ եկանք, մեր տունը Հալեպում դեռևս վնասված չէր, բայց ասում են, որ այժմ հրթիռներից այն վնասվել է: Իմ ընկերներից մեկն այնտեղ մահացավ, մյուս ընկերս էլ ծանր վիրավոր է և ասում են, որ վիճակն այնքան էլ լավ չէ: 4 ամիս է, որ աշխատանք ունեմ. բացել եմ Սպիտակի երկրաշարժի հիշատակի անունով «Սպիտակ» կոչվող սննդի այս փոքրիկ կետը: Լավ է, որ կա այս գործը, սակայն դժվարանում եմ վճարել տարածքի 60.000 դրամը, հարկայինի գումարը, 2 սառնարանների համար 18.000-ը և ամեն ամիս՝ 2 սեղանի համար 30.000 դրամը: Եթե այս վճարները չլինեին, ամեն ինչ լավ կլիներ: Կինս աշխատանք չունի, զավակներս էլ ինձ օգնում են այս գործում: Ապրում ենք վարձու բնակարանում, որի վարձավճարի հարցում մեզ օգնում է Հայ առաքելական եկեղեցին: Ինչքան էլ դժվար լինի, մենք մեր տանն ենք՝ Հայրենիքում: Ի վերջո, եթե սիրիական պատերազմն էլ չլիներ, մեր տեղը, մեր տունը, մեր միակ ու վերջին հանգրվանը Հայաստանն է: Եթե Սիրիայում պատերազմն ավարտվի ու խաղաղություն տիրի, միևնույն է, մենք էլ չենք վերադառնա այնտեղ. ես նախընտրում եմ ապրել իմ Հայրենիքում: Արդեն հարմարվել ենք նոր միջավայրին, նոր ընկերներ ու բարեկամներ ենք ձեռք բերել: Իմ խանութի հաճախորդներն ինձ հարազատ են դարձել. տեղացիները շատ են հավանում մեր ուտեստները: Կուզեի մեկ անգամ գնալ Հալեպ, կարոտս առնել, նաև վաճառել մեր ունեցածը, ետ վերադառնալ և Հայաստանում մի տուն գնել, սեփական տանիք տալ ընտանիքիս: Թո՛ղ Աստված խաղաղություն տա թե՛ Սիրիային, թե՛ Հայաստանին. մեկը մեր ծննդավայրն է, մյուսը՝ մեր Հայրենիքը:

Սարգիս Կիրազյան

03

-Երեք տարի է, ինչ պատերազմի պատճառով ողջ ընտանիքով հաստատվել ենք Հայաստանում: Ես արմատներով պատմական Ուրֆայից գաղթածների երիտասարդ ժառանգ եմ: Սիրիայում հորս հետ զբաղված էինք պապենական արհեստով՝ երկաթի մշակման գործով: Այժմ՝ շուրջ 9 ամիս, սիրիական համեմունքների այս խանութն ենք աշխատացնում, ծայրը ծայրին հազիվ ենք հասցնում: Շատերը մեր խանութի տեղը չգիտեն, որովհետև որևէ ձևով չի գովազդվում այս տարածքը: Մենք շատ խնդրեցինք, որ թույլ տան և օգնեն՝ մետրոյի ետևի հատվածում դեպի այս տարածք ուղղորդող գովազդային վահանակ տեղադրելու, սակայն չստացվեց, իսկ մենք մեր անձնական միջոցներով չէինք կարող դա իրագործել, քանի որ խոսքը գումարային մեծ թվերի մասին էր: Տարածքի մոտավորապես 100.000 դրամը, հարկայինի գանձումն այնքան շատ են արդեն, որ գովազդային նման վահանակի համար հնարավորություն չեղավ, բայց դրա անհրաժեշտությունը շատ է՝ մեր տեղն իմանալու համար: Եթե մի որոշ ժամանակ հարկային դաշտ գոնե չմտնեինք, ոտքի կկանգնեինք, ընթացքի մեջ կամրապնդվեինք: Առայժմ Սիրիայից մեր բերած գումարով ենք ապրում, որովհետև տարածքի և հարկայինի գումարը մուծելուց հետո առանձնապես բան չի մնում: Հայաստանում մարդկային հարաբերությունների հարցում խնդիրներ չունենք. տեսնո՞ւմ եք պատի վրայի շնորհակալագրերը՝ Էրեբունի-Երևան տոնա-կատարության ժամանակ բացված ցուցահանդես-վաճառքի օրերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից ենք ստացել: Լեզվի հարցում էլ դժվարություն չունեցանք. ուղղակի այստեղ շատ առարկաներ և տերմիններ ռուսերենով են անվանում, դա էլ երևի 70 տարվա անկախ չլինելու հետևանքն է: Իհարկե, մենք էլ Սիրիայում շատ բաներ արաբերենով էինք ասում: Սպասում ենք և հուսանք, որ ամեն ինչ ավելի լավ կլինի թե՛ Սիրիայում, թե՛ Հայաստանում, թե՛ ողջ աշխարհում: Հայերը բոլոր դարերում, բոլոր ժամանակներում շատ են տանջվել և արժանի են ավելի լավ կյանքի:

Գևորգ Սուքիասյան

04

-Երեք տարի է, որ Հայաստանում ենք: Ընդամենը մեկ ամիս է, ինչ բացել ենք այս վարսավիրանոցը: Ցավոք, մեր տեղը քչերը գիտեն. գովազդ է պետք: Ապրում ենք վարձով, մոտավորապես կարողանում ենք բավարարել մեր ընտանեկան հոգսերը՝ բնակարանի վարձը, սնունդը, հագուստը և այլն: Հայրս էլ է վարսավիրությամբ զբաղվել: Մերոնք արմատներով Երզնկայից են, ու ես հպարտ եմ իմ արմատներով: Այստեղ ես միայնակ չեմ աշխատում. տարածքի և հարկայինի համար 130.000 դրամ ենք վճարում: Մարդկային հարաբերություններում դժվարություններ չունենք. ես շատ երիտասարդ եմ և Հայաստանի, Երևանի իմ հասակակիցների մեջ արդեն շատ նոր ընկերներ ունեմ, գոհ եմ: Հայաստանում երբևէ չէի եղել և ավելի լավն էի պատկերացնում այն: Շատ եմ սիրում Երևանը: Ակնկալում եմ, որ շատ մոտ ապագայում Հայրենիքս ավելի հզոր և ծաղկուն կլինի. կարևորը հավատալն է:

Հաջորդիվ դեռ կային սիրիահայերի խանութներ, սրահներ, որոնց տերերն այդ պահին տեղում չէին, սակայն այս փոքրիկ շրջայցն էլ բավական էր՝ ծանոթանալու Երևանում ծվարած այս մի բռաչափ Հալեպի գույներին ու բույրերին:

Կարինե  Ավագյան

Scroll Up