«Մեզ պետք է լիարժեք խաղաղություն, միասնականություն, և հրաշալի ապագան երաշխավորված է». Կարո Հալաջյան

Սիրիական պատերազմի պատճառով Սիրիայից Հայաստանում հաստատված մեր հայրենակիցներին ժամանակն է այլևս չանվանել սիրիահայ, այլ պարզապես հայ ասել, քանզի տարիներ շարունակ ապրելով ու աշխատելով Հայրենիքում՝ նրանք այնքան են արմատացել ու հայաստանյան դարձել, որ երբեմն թվում է, թե բնիկ երևանցիներ են՝ անգամ իրենց առօրյայում գործածած բառերով ու արտահայտություններով: Մեր հայրենակիցներից շատերն այսօր Երևանում, մի շարք մարզերում ու Արցախում արդեն ճանաչված անուններ են՝ իրենց առևտրային ցանցերով, սրահներով, համեղ սննդի կետերով, զարդակիրառական արվեստի, ձեռագործության, արհեստագործության հոյակերտ աշխատանքներով, ինպես նաև՝ բժշկության, ոսկերչության, ճշգրիտ գիտությունների և այլ ոլորտներում:

«Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի համար պատրաստվող նյութիս հերոսը տարիներ առաջ Սիրիայից Հայաստան տեղափոխված Կարո Հալաջյանն է, ով այսօր Երևանի կենտրոնական փողոցներից մեկում բացել է «Մոսինի» մարզահագուստեղենի վաճառատունը և շարունակում է դեռևս Սիրիայում հիմնադրած բամբակից պատրաստվող հագուստեղենի արտադրությունն ու իրացման աշխատանքը:

«Ես այստեղ շարունակում եմ իմ 35 տարվա աշխատանքը: Սիրիայում ես գործարան ունեի, որտեղ 400-ից 500 մարդ էր աշխատում: Մեր գործարանն ուներ իր ասեղնագործման, տպագրության, փաթեթավորման, ձևավորման, կարի բաժինները: Տարվա կտրվածքով բավականին շատ արտադրանք էինք տալիս, 80%-ը արտահանում էինք հիմնականում դեպի արաբական երկրներ , մի փոքր մասը՝ Եվրոպա, ավելի փոքր խմբաքանակով՝ Հունաստան:Արտադրում էինք մարզական և առօրեական, տոնական հագուստեղեն: Այս գործն ինքս եմ հիմնադրել: Սկզբնական շրջանում դրսից էի հագուստեղեն բերում, սակայն հետագայում, երբ Սիրիայի օրենքի համաձայն արգելվեց դրսից ներմուծել որևէ ապրանք, և Սիրիան զարկ տվեց տեղական արտադրությանը, ես էլ փոխեցի իմ աշխատելու ձևը: Սիրիան առատ է բամբակով, և այդ ոլորտն սկսեց զարգանալ:Երբ դրսից ներմուծումն արգելվեց, տեղի ժողովուրդը, տեղական հումքի վրա հիմնվելով, զարգացրեց տեղական արտադրությունը, ընդլայնեց այն: Տեղափոխվելով Հայաստան՝ ես էլ Երևանում եմ փորձել շարունակել իմ նախկին աշխատանքը՝ գործակցելով տեղական մի ֆաբրիկայի հետ: Վարձով վերցրել եմ «Գարուն» կարի արտադրական միավորման տարածքից մի հատված, հագուստեղենի վրայի տպագրական աշխատանքներն եմ անում և ցանկանում եմ կամաց-կամաց ընդլայնել իմ արտադրությունը: Մոտ 40 աշխատատեղ է ստեղծվել արտադրությունում. առայժմ այսքանը կարող եմ ասել: Փորձել ենք նաև կապեր ստեղծել ՌԴ-ում հաստատված սիրիահայերի հետ՝ նրանց միջոցով ու օգնությամբ մեր արտադրանքն այնտեղ իրացնելու: Հագուստեղենի հումքի հարցն ավելի հեշտ էր լուծվում Սիրիայում, իսկ այստեղի արտադրության համար հումք եմ բերել Չինաստանից, հումքի որոշ քանակ էլ, մինչև Սիրիայում իմ գործարանի թալանվելը, այնտեղից եմ բերել, հիմա բերում եմ Չինաստանից: Սիրիայի իմ գործարանի պահեստից կարողացել եմ փրկել մի քիչ կտորեղեն, իսկ հաստոցներն ու ամեն տեսակի սարքավորումները, արտադրության և գործարանին անհրաժեշտ պարագաները թալանեցին: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, թե արդյոք հարմարվե՞լ ենք հայաստանյան, երևանյան միջավայրին, ասեմ որ ես մինչև սիրիական պատերազմի սկսվելը Հայաստանի հետ միշտ կապ եմ ունեցել: Հաճախակի էի գալիս գործի բերումով: Դեռևս 90-ականների կեսերին զինվորական հագուստեղեն էի մատակարում Հայաստանին:

Ես ավարտել եմ Սիրիայի համալսարանի տնտեսագիտության բաժինը: Իմ ընտրած մասնագիտությունն աշխատանքիս մեջ շատ անհրաժեշտ եղավ: Ընտանիքս էլ շատ լավ հարմարվել է. այստեղ ինձ հետ է ապրում տարեց մայրս, կինս՝ Լենա Հալաջյանը, «Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահն է, 4 տղա ունենք՝ Մովսեսը, Սարոն, Ռաֆֆին, Շանթը, ովքեր սովորել են Միացյալ Նահանգներում: Երբ մեծ տղաս՝ Մովսեսն ավարտեց ուսումը, հորդորեցի, որ վերադառնա Սիրիա և օգնի ինձ արտադրամասի աշխատանքներում, սակայն սկսվեց սիրիական պատերազմը, և բոլորս եկանք Հայրենիք: Հիմա մեծ տղաս՝ Մովսեսն այստեղ է. վաճառատունը նրա անունով եմ կոչել՝ մի քիչ ձևափոխելով՝«Մոսինի»: Աշխատում ենք ու ապրում, գոհ ենք. կարևորը, որ անվտանգության մեջ ենք: Մեծ ցանկություն ունեմ մեր հայրենական արտադրանքը շատացնել. հաճախորդները մեր ապրանքը բարձր են գնահատում, շատ են հավանում որակը, նյութը, ձևավորումը: Ապրանքատեսակի վրա գրում ենք, որ այն պատրաստված է Հայաստանում: Ուրախ եմ, որ հաստատվել եմ Հայրենիքում. անգամ պատերազմի ավարտը մեզ չի ստիպի վերադառնալ Սիրիա, ուղղակի մենք կհամագործակցենք, կապի մեջ կլինենք, հաճախակի կայցելենք՝ անձնական և գործնական առիթներով. ի վերջո, այն մեր շատերի ծննդավայրն է, մեր կյանքի պատմության մի մասը: Հայաստանն ինձ համար անբացատրելի ուժ է, հզորություն: Այստեղի մրգերի համն ուրիշ է. Սիրիայում էլ կար խորոված, սակայն այստեղի խորովածի համն ու բույրն անգամ ուրիշ է:

Մեծ ցանկություն ունեմ համագործակցել նաև այլ երկրների հետ, որովհետև մեր արտադրանքի որակը չի զիջում ոչ մի երկրի նմանօրինակ արտադրանքին: Կարծում եմ՝ այնքան էլ հեռու չէ մեր ապագա ծրագրերի իրագործումը, որոնցից մեկն էլ Արցախում մասնաճյուղ բացելու գաղափարը կյանքի կոչելը կլինի:

Մեզ պետք է լիարժեք խաղաղություն, միասնականություն, տաղանդավոր մարդկանց, մասնագետների համախմբում, և հրաշալի ապագան երաշխավորված է»:

Ահա մի հայ մարդու՝ գործարար Կարո Հալաջյանի կյանքի պատմությունը՝ Հայրենիքից դուրս և Հայրենիքում, ուր այդ կյանքի պատմությունը շարունակվում է՝ ի նպաստ հայրենի երկրի տնտեսության զարգացման և սեփական հողի վրա հիմնած տան բարօրության:

Կարինե Ավագյան

Հալաջյան

Scroll Up