«Արյուն հանձնելով՝ Հայաստան գալու գումար հավաքեցի». Սարգիս Շիրինյան

 Օրեր առաջ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ռոստովահայ գրող, սպորտային բժիշկ Սարգիս Շիրինյանի «Չալթր՝ Դոնի հայերի մայրաքաղաք.Չալթրի բնակիչների պատմություններ» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը:

Շնորհանդեսից հետո «Հայերն այսօրի» թղթակիցը զրուցել է Սարգիս Շիրինյանի հետ:

Սարգիս Շիրինյանը ծնվել է Դոնի Ռոստովի հայկական Չալթր գյուղում: Նրա նախնիներն ապրել են Զաքարյանների թագավորության ժամանակ՝ հազար ու մի եկեղեցիների մայրաքաղաք Անիում:

Սարգիս Շիրինյանի գրվածքներում արտացոլվում է նախնիների ապրած կյանքը, իր տոհմից տեսած ու մտապահած կյանքի ուշադրվագ դրվագները: Նա երբեք գրող դառնալու ցանկություն չի ունեցել և իրեն գրող չի համարում: Ինչպես վստահեցնում է Սարգիս Շիրինյանը, գրքերը գրել է ռուսախոս հայ երիտասարդներին իրենց սեփական պատմությանը ծանոթացնելու համար:

Սիրում է գրել ոչ միայն իր ընտանիքի անցած ճանապարհի, այլև արժանահիշատակ այլ մարդկանց և իրադարձությունների մասին: Նա երեք գրքերի հեղինակ է: Սկսել է գրել դեռևսՀայաստան տեղափոխվելուց առաջ:

 2011 թվականին հրատարակել է «Համաշխարհային պատմության 600 հայերը», 2014 թվականին՝ «Հայերը՝ որպես ազգ, օտար քաղաքակրթության ստեղծարար մասնիկ են համարվում. 1000 հայտնի հայերը համաշխարհային պատմության մեջ», իսկ 2016 թվականին՝ «Չալթր՝ Դոնի հայերի մայրաքաղաք» գրքերը:

Ի դեպ, «Հայերը՝ որպես ազգ, օտար քաղաքակրթության ստեղծարար մասնիկ են համարվում. 1000 հայտնի հայերը համաշխարհային պատմության մեջ» գրքի 50 օրինակ Սարգիս Շիրինյանն օրեր առաջ ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով ուղարկել է Լեռնային Ղարաբաղի սահամանամերձ  շրջաններում ծառայող զինվորներին:

Դեռևս փոքր հասակից մեծ սեր է ունեցել հայոց պատմության հանդեպ և հոգու խորքում միշտ Հայրենիք վերադառնալու հույս փայփայել: Գրողն առաջին անգամ Հայաստան 19 տարեկանում է եկել, որի հիմքում մի ազդեցիկ պատմություն է ընկած:

Դպրոցն ավարտելուց հետո ուսուցչուհին՝ Մագդա Հաջյանը, տեղեկացրել է, որ Երևանի պետական համալսարանն առանց քննություն հանձնելու երկու հայրենասեր երիտասարդների հրավիրում է սովորելու, որոնք ուսումնառությունից հետո պետք է դասավանդեին Չալթրի հայկական դպրոցում: Քանի որ Սարգիսը հայոց լեզվին  լավ էր տիրապետում, ուսուցչուհին առաջարկել է նրան նույնպես ուղարկել սովորելու: Սակայն հայրը չի համաձայնել՝ ֆինանսական խնդիրների և Հայաստանում ազգականներ չունենալու պատճառով:

«Չենթարկվեցի հորս ցանկությանը և ամեն գնով որոշեցի Հայաստան գնալ: Դոնի Ռոստովի Բժշկական ուսումնարանում սովորելու ժամանակ երկու տարի շարունակ արյան մշտական դոնոր եմ եղել, որպեսզի այդ միջոցով գումար հավաքելով՝ կարողանայի Հայաստանը տեսնելու գալ: Երբ ծնողներս իմացան այդ մասին, մայրս լաց եղավ և առաջին անգամ վիճեց հորս հետ: Ինձ այլևս ոչինչ չէր կարող հետ կանգնեցնել. տոմսն արդեն գնել էի: Հիշում եմ՝ գնացքից Արարատ լեռը տեսնելով՝ չկարողացա հուզմունքս թաքցնել»,-լուսավոր ժպիտով «Հայերն այսօրին»  պատմեց Սարգիս Շիրինյանը:

Հայաստանում գրողը մնացել է ընկերոջ՝ անվանի գեղանկարիչ Սեյրան Խաթլամաջյանի մոտ, որն օգնել է բացահայտելու հայրենի եզերքները: Սեյրան Խաթլամաջյանը նրան տարել է նաև Մարտիրոս Սարյանի հետ հանդիպման: Հայ մեծ նկարիչն իմանալով, որ տղան «արյան գնով է»  Հայաստան եկել, գրկել է նրան և լաց եղել:

Սակայն նա հարկադրված էր թողնել ամեն ինչ և բանակում ծառայելու համար Դոնի Ռոստով վերադառնալ: Ծառայելու տարիներին հոգում փոթորկվում էր Հայաստան վերադառնալու փափագը. բանակից նախապայմանով թողնում են նրան Հայաստան գալ՝  ընդունվելու համար Բժշկական համալսարան, սակայն քիմիայի քննությունը չի կարողանում հանձնել: Սարգիս Շիրինյանը մինչև հիմա հիշում է, թե որն է եղել պատճառը. քիմիական բանաձևերից մեկը՝ HClO-ը չիմանալն էր, ինչն էլ դասախոսի դժգոհությանն է արժանացել:

Դրանից հետո Սարգիսը վերադառնում է բանակային ծառայությունը շարունակելու, իսկ զորացրվելուց հետո ընդունվում է Ռոստովի բժշկական համալսարան, ապա տեղափոխվելով Մոսկվա՝ շարունակում է ուսումը և հմտանում  սպորտային բժշկի մասնագիտության մեջ:

 Սարգիս Շիրինյանը աշխատել է Սովետական միության սպորտային գլխավոր հավաքականներում՝ բիաթլոն (մարզիչներ՝ Ա. Տիխոնով, Գ. Ռամենսկի), գեղասահք (Տ.Տարասովա), նաև 1992 թվականին չորս ամսով Տոկիոյում աշխատել է բռնցքամարտիկների հետ, որտեղ ծանոթացել է աշխարհահռչակ դերասան Միկի Ռուրկիին:  Սպորտային բժիշկը 15 օր շարունակ պարապել է Միկի Ռուրկիի հետ՝ պատրաստելով նրան ելույթների:

2012 թվականին Սարգիս Շիրինյանը երազանքի հետքերով որոշում է Հայաստանում հաստատվել: Վաճառում է Մոսկվայի բնակարանը և Երևանում նոր բնակարան գնում:

Գրողի  մտքում միշտ Հայաստանին օգտակար լինելն է  և փորձում է հնարավորությունների սահամաններում նպաստել Հայրենիքի զարգացմանը:

Իր ջանքերի շնորհիվ ռուս կին և տղամարդ ընկերներից շատերին «հայացրել է». նրանց միշտ պատմել է հայ ժողովրդի կրած չարչարանքների, պատուհասած արհավիրքների և հերոսական պայքարի մասին: Արցախյան պատերազմի տարիներին այդ հայասեր ընկերների հետ նեցուկ են եղել հայրենակիցներին՝ հագուստի և նպարեղենի ծանրոցներ ուղարկելով Լեռնային Ղարաբաղ:

Զրույցի վերջում Սարգիս Շիրինյանն անդրադարձավ նաև Չալթրի հայ համայնքին. «Չալթրում, չնայած առկա դժվարություններին, հայերը շարունակում են պահպանել ազգային ոգին և հայկականությունը: Դպրոցներում հայ ուսուցիչները երեխաներին հայոց լեզու են դասավանդում, ինչպես նաև հայապահպանությանն ուղղված տարբեր ծրագրեր իրականացնում: Գործում է Հայկական պետական թատրոնը, երգի-պարի «Անի» խումբը, ինչպես նաև  Չալթրի Հայ Առաքելական Սուրբ Համբարձում եկեղեցին»:

Գևորգ Չիչյան

Ս.Շ.

Scroll Up