Ավստրալահայ գործիչ Ռիտա Լեփեջյանը և երգահան Արա Գևորգյանը հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ-Ավստրալական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, համայնքային գործիչ Ռիտա Լեփեջյանին և երաժիշտ, երգահան Արա Գևորգյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց Ռիտա Լեփեջյանի՝ հայապահպանությանն ուղղված գործունեությունը և Հայաստանն ու հայ մշակույթը Ավստրալիայում հավուր պատշաճի ներկայացնելուն միտված նրանց ջանքերը: Նախարարը կարևորեց Ավտրալիայի առաջատար լրագրողների հետ համատեղ Հայաստանն ու նրա պատմամշակութային ժառանգությունը փաստավավերագրական ֆիլմի միջոցով ավստրալական հեռուստատեսություններով ներկայացնելու ծրագիրը և աջակցելու պատրաստակամություն հայտնեց:

Ռիտա Լեփեջյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար, նշեց, որ այն հայության հնարավորությունները բացահայտելուն, միասնաբար գործելուն և հայրենիքը զորացնելուն միտված բացառիկ իրադարձություն էր: Նա իր գոհունակությունը հայտնեց Հայ առևտրաարդյունաբերական պալատների ցանցի գործարար ֆորումը համաժողովի շրջանակներում կազմակերպելու վերաբերյալ:

Ռիտա Լեփեջյանը կարևորեց Ավստրալիայում հայ մշակույթի ներկայացումն ու հանրահռչակումը, և նշեց,  որ իր կողմից հիմնադրված «Ryde Hunters Hill» սիմֆոնիկ նվագախումբը համերգների ընթացքում ավստրալացի հանդիսատեսին ներկայացնում է Ա. Խաչատրյանի, Է. Միրզոյանի, Ա. Հարությունյանի և Ա. Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Քննարկվեցին Ավստրիալիայի հայ համայնքում հայապահպանությանն առնչվող հարցեր:

Scroll Up