«Շվեդիայում Հայաստանի դեսպաններն ենք դառնալու».«Արի տուն»-2016 ծրագրի մասնակիցներ

Շվեդիայի Ուպսալա քաղաքից «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլին  մասնակցելու եկած եղբայրները՝ Գևորգ և Արա Էքիզյանները, Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում կայացած համերգային ծրագրի ժամանակ իրենց ելույթի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հայի անպարտ ոգով խոստացան, որ Շվեդիայում Հայաստանի Հանրապետության յուրատեսակ դեսպաններն են դառնալու՝ պահպանելով հայի ինքնությունն ու ազգային նկարագիրը:

Գևորգի և Արայի հայրենասիրական դրսևորումն անտարբեր չմնաց «Հայերն այսօր»-ի ուշադրությունից. եղբայրները «Հայերն այսօր»-ի թղթակցի հետ զրուցել են  «Արի տուն» ծրագրի, Հայաստան կատարած առաջին այցելության և իրենց երազած Հայրենիքի մասին:

Գևորգ Էքիզյան, Շվեդիա, Ուպսալա, 17 տարեկան

-Ուպսալայում, ցավոք, հայկական դպրոց չկա, և մենք ստիպված շվեդական դպրոց ենք հաճախում: Շվեդիայի կառավարությունն այժմ քայլեր է ձեռնարկում հայկական մեկօրյա վարժարաններ բացելու ուղղությամբ, որպեսզի այնտեղ ապրող հայ երեխաները կարողանան շաբաթը մեկ անգամ հայոց լեզու սովորել:

Այնուամենայնիվ, Շվեդիայի տարբեր քաղաքներում գործում են հայկական մի քանի կիրակնօրյա դպրոցներ: Շվեդահայերը հիմնականում հայկական եկեղեցու շուրջ են հավաքվում, որտեղ տարբեր քննարկումներ են ծավալում, մտահոգիչ հարցերը վեր հանում՝ փորձելով դրանց միասնաբար լուծում տալ:

ՀՀ սփյուռքի նախարարության  «Արի տուն» ծրագրի մասին հայկական մեկօրյա դպրոցներից մեկի տնօրենից ենք իմացել: Անցյալ տարի էլ Ուպսալայից երեխաներ եկան մասնակցելու, որոնք շատ գոհ էին  մնացել: «Արի տուն» ծրագրի շրջանակներում սփյուռքյան տարբեր համայնքներից ժամանած տղաների և աղջիկների հանդիպեցինք, որոնց հետ մտերմացանք՝դառնալով լավ ընկերներ:

Առաջին անգամ էինք գտնվում Հայաստանում, շատ սիրեցինք մեր Հայրենիքը. այստեղ ամեն ինչ գեղեցիկ է ու հետաքրքիր:

Հայկական ավանդական տարբեր ուտեստներ ճաշակեցինք, սակայն ամենից շատ Արարատյան դաշտավայրի արևահամ մրգերը հավանեցինք: Իսկ հայկական գյուղերի գողտրիկությունը՝ կախարդական թվաց: Այցելելով այդ գյուղեր՝ մարդկանց  բարությունից և հյուրընկալությունից մեզ հանգստություն փոխանցվեց:

Արա Էքիզյան, Շվեդիա, Ուպսալա, 16 տարեկան

-Այո՛, եղբայրս ճիշտ է: Շվեդիայում նման գյուղեր չեք հանդիպի: Հայաստանի գյուղերի լեռնածածկ հատվածները մեզ շատ դուր եկան, որոնք բնության չքնաղ պատառիկ են:

Հնարավոր է՝ կրկին Հայաստան գանք, ավտոմեքենայով շրջագայենք բոլոր քաղաքներով և գյուղերով՝ տեսնելու համար այն վայրերը, որտեղ չհասցրեցինք լինել:

«Արի տուն» ծրագիրը հայրենաճանաչության մի մեծ դպրոց դարձավ: Ինձ ու եղբորս համար կարևոր նվաճում էր ծրագրի շրջանակներում հայոց լեզվի դասընթացներին մասնակցելը. հայերեն շատ նոր բառեր սովորեցինք: Հայաստանում, իրոք, մեզ տանն էինք զգում. շուրջբոլորը ջերմ ու անկեղծ մթնոլորտ էր թևածում:

Շրջայցերի ընթացքում շատ տեսարժան վայրերում եղանք, որոնցից առավել շատ սիրեցինք Գառնիի հեթանոսական տաճարն ու Գեղարդի վանքը:

Անչափ տպավորված ենք Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում անցկացրած օրերից: Մեկ հարկի տակ համերաշխ մի քանի օր ապրելով հայ երեխաների հետ՝ ոչ մի խնդիր չառաջացավ: Ճամբարային օրերին միմյանց ավելի կապվեցինք, իսկ երբ հրաժեշտի պահը եկավ, դժվարությամբ բաժանվեցինք, բոլորս հուզվել էինք:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նաև Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում ապրող տիկին Անահիտի հյուրընկալ ընտանիքին՝ մեզ գրկաբաց իրենց տանն ընդունելու և հայկական ավանդույթներին ծանոթացնելու համար:

Վերջում ուզում եմ ասել՝ ցանկանում եմ ճանաչված ֆուտբոլիստ դառնալ, որպեսզի իմ գործունեությամբ հետագայում նպաստեմ Հայաստանի ճանաչմանը: Երկրպագում եմ  «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբին:

Գևորգ Չիչյան

արի տուն1

Scroll Up