ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին Վենեսուելայի և Իրաքի հայոց թեմերի առաջնորդները
Նոյեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Վենեսուելայի թեմի առաջնորդ Կոմիտաս արք. Օհանյանին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Ավագ արք. Ասատուրյանին և իրաքահայ համայնքային գործիչ Պարույր Հակոբյանին:
Ողջունելով սրբազան հայրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը արժևորեց Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովում քննարկված՝ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգը և սրբադասմանն առնչվող հարցեր: Նախարարը կարևորեց Կոմիտաս վարդապետի սրբացման անհրաժեշտությունը:
Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվել է կատարել 2015-ի ապրիլի 23-ին՝ Մայր աթոռում:
Հանդիպման ընթացքում խոսվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայ եկեղեցու հետ Հայաստանում և Սփյուռքում համատեղ իրականացվելիք միջոցառումների մասին:
Սրբազան հայրերը նշեցին, որ Եպիսկոպոսաց ժողովը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում միջազգային հանրությանը` «…վճռականորեն շարունակելու Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված` 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը», ինչպես նաև Թուրքիայի Հանրապետությանը` ճանաչելու հայ ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանությունը և վերահաստատելու հայ ժողովրդի արդար իրավունքները: