«Ես արցախցի մանուկների մեջ լավատեսություն, խաղաղություն, տեսա՝ չնայած նրանք ապրում են պատերազմական գոտում, լսել են արկերի շաչյունը». Սևակ Հակոբյան
ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժումը մեծ տարածում գտավ՝ արժանանալով մեր հայրենակիցներից շատերի հավանությանը. եղան և շարունակվում են իրականացվել գործնական բազմաթիվ քայլեր՝ բարոյական և նյութական օգնությունների տեսքով: Դրանց նախաձեռնողները խմբեր ու անհատներ, կազմակերպություններ ու ընտանիքներ են՝ Հայաստանից ու Սփյուռքից: Նման մի նախաձեռնությամբ էլ հանդես են եկել Լիբանանի Հայ Կաթողիկե եկեղեցու Սուրբ Խաչ-Հարպոյան վարժարանի ներառական կրթության բաժնի ուսուցիչները՝ «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանի գլխավորությամբ, ում հետ էլ զրույց ունեցա «Հայերն այսօր»-ի համար:
-Պարո՛ն Հակոբյան, ամիսներ առաջ մեր խմբագրությունում հյուրընկալվել էին Արցախի Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան ներառական կրթությամբ համալրված թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենն ու երկու ուսուցչուհիներ, ովքեր Ձեր հրավերով պատրաստվում էին գալ Հարպոյան վարժարան՝ փորձի փոխանակման և դասընթացի մասնակցելու նպատակով. ամիսներ անց Դուք գալիս եք Մարտակերտի նույն դպրոցից՝ Ձեր ուսուցչուհիների հետ. ասացեք, խնդրեմ, թե ինչ տվեց Ձեզ այս այցելությունը, ավելին՝ առաքելությունը:
-Դեռևս Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի ժամանակ նախարարի առաջարկությամբ ընդունված այս շարժումը խորհելու տեղիք տվեց և որոշեցինք, ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցելով, նախաձեռնությամբ հանդես գալ՝ Արցախում գտնել ներառական կրթություն ունեցող մի դպրոց: Մեզ բախտ վիճակվեց կապ հաստատել սահմանամերձ Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան թիվ 2 հիմնական՝ ներառական կրթությամբ համալրված դպրոցի հետ և հնարավորինս աջակցել նրանց՝ խորհուրդներով, փորձի փոխանակումով, լսել նաև նրանց առաջարկները: Նրանց Բեյրութ հրավիրեցինք: Դպրոցի տնօրինուհի Մելսիդա Քարդումյանն ու նրա հետ եկած ներառական կրթություն դասավանդող ուսուցչուհիները մեկ շաբաթով եղան Սուրբ Խաչ-Հարպոյան վարժարանի հատուկ դժվարություն ունեցող երեխաների բաժանմունքում, ծանոթացան մեր ուսումնական մեթոդներին, դասավանդման եղանակներին, երեխաների հետ տարվող հոգեբանական աշխատանքներին: Այս անգամ մե՛նք գնացինք Արցախ, ծանոթացանաք նրանց դասավանդման մեթոդներին ու նրբություններին, շփվեցինք երեխաների հետ, ծանոթացանաք նրանց շենքային ոչ բարվոք պայմաններին…Մեր խմբում ընդգրկված երիտասարդ ուսուցչուհիներից ամեն մեկն իր մասնագիտության գծով մի նյութ էր պատրաստել. երբ Արցախի Գիտության ու կրթության նախարարության աջակցությամբ կիրակի օրը սեմինար կազմակերպեցինք, աղջիկները ներկայացրեցին իրենց զեկուցումները, որոնց ունկնդիր եղան այդ դպրոցի 30 տարբեր մասնագետներ: Կարծում եմ՝ օգտակար եղավ այդ սեմինարը: Մեր առաքելությունը դեռ չի ավարտվել, այն դեռ նոր է սկսվել և շարունակություն պիտի ունենա:
-Շա՞տ մեծ է Ձեր և Մարտակերտի ներառական կրթություն տվող դպրոցի ուսուցման մեթոդների տարբերությունը:
-Պետք է նախընտրեմ, որ այդ մասին խոսի մեր դպրոցի հատուկ դժվարություն ունեցող երեխաների վարքի վերլուծության գծով մասնագիտացած հոգեբան Քրիստին Տեր-Սարգսյանը…
-Քրիստի՛ն, Ձեր դիտարկումն այս առիթով.
-Շատ կարևոր է, թե որտեղ են ծնվել, որ հողի վրա, ինչ միջավայրում են ապրում երեխաները. ուսուցման մեթոդների, մոտեցման մեջ, բնականաբար, լինում է տարբերություն: Մեր վարժարանի համապատասխան բաժանմունքում առարկաների դասավանդումն ավելի հագեցած է, առարկաներն ավելի շատ են, լիբանանահայությունը քիչ է, հայերենով տվյալ ուսուցմամբ դասավանդող մասնագետներն էլ քիչ են, իսկ Արցախում մասնագետները թվով ավելի շատ են:
-Քրիստի՛ն, օրինակելի ի՞նչ առանձնահատկություն տեսաք Մարտակերտի այդ դպրոցի ներառական բաժանմունքում, որը կարող եք տանել Ձեր դպրոց:
-Շատ մեծ սեր ու ջերմություն, յուրահատուկ հոգատարություն՝ հատուկ դժվարություն ունեցող երեխաների հանդեպ: Մանկավարժների այդ խումբը օրինակելի միասնություն, համախմբում ունի. նրանք մի ընտանիքի պես, հաշտ ու համերաշխ, լռելյայն կատարում են իրենց գործը: Նրանց ներքին խաղաղությունն է նաև այդ երեխաներին թևեր տալիս:
-Պարո՛ն Հակոբյան, հարցս դարձյալ Ձեզ ուղղեմ՝ ի՞նչ տվեց Ձեր ներկայությունն արցախցի այդ մանուկներին:
– Նախ ասեմ, որ այդ մարդիկ ոչնչից ստեղծել են աշխատանք՝ իրենց հոգին դնելով այդ գործում, այդ փոքրիկներին տալով կրթություն, սեր, հավատալով, որ այդ երեխաները բոլորի նման իրավունք ունեն ստանալու համապատասխան կրթություն, վերաբերմունք: Տիկին Հրանուշ Հակոբյանը շատ լավ միտք արտահայտեց՝ ասելով, որ եթե անգամ շոշափելի օգտակարություն չլինի, այդ մարդիկ կզգան, որ իրենք միայնակ չեն, որ իրենցով հետաքրքրվում են: Երեխաները մեզ դիմավորեցին աղուհացով, արտասանություններով, գեղեցիկ հագնված, հարդարված, տոնական տրամադրությամբ: Մեզ համար շատ հուզիչ էին այդ պահերը. զարմանալի է, որ սահմանամերձ այդ վայրում, նման պայմաններում նրանք ապրում են, արարում, ժպտում, որ այնքա՜ն լավատեսություն կա նրանցում, իսկ ամենակարևորը՝ չեն լքում իրենց բնակավայրերը: Հողին վրա ապրե՛լն է իսկական հայրենասիրությունը, սահմանները պաշտպանելն ու պահելը:
-Քրիստի՛ն, ներառական կրթություն ստացող արցախցի մանուկների և Հարպոյան վարժարանում նմանօրինակ կրթություն ստացող երեխաների միջև վարքի դրսևորման, հոգեբանության առումով ակնառու ի՞նչ տարբերություն կա :
–Արցախցի մանուկներն ավելի համարձակ են, ավելի պարզ, անմիջական, գոհանում են քչով, բարարվում եղածով…
–Պարո՛ն Հակոբյան, Դուք ի՞նչ կասեք այս առումով…
-Ես նրանց մեջ խաղաղություն տեսա՝ չնայած նրանք ապրել են պատերազմական գոտում, լսել արկերի շաչյունը, դժվար օրեր տեսել. այն ճանապարհները, որոնցով նրանք դպրոց են հաճախում, դժվար են, մեր երեխաները չէին կարողանա այսպիսի քաջությամբ դպրոց հաճախել, տանը կմնային, դպրոց չէին գնա: Մեր երեխաները այդքան քաջ չեն և ավելի ինքնամփոփ են:
–Ձեր խմբում են Հարպոյան վարժարանի ներառական կրթության բաժանմունքի ուսուցչուհիներ, կներկայացնե՞ք նրանց աշխատանքը:
-Ասեմ, որ նրանցից երկուսն առաջին անգամ են Հայրենիքում և շատ տպավորված են Հայաստանով ու Արցախով: Ի պատիվ աղջիկների՝ պետք է ասեմ, որ այս ուղևորությունը, այս առաքելությունը սեփական միջոցներով են իրականացրել, նրանք մեծ ցանկություն ունեին ինչ–որ ձևով օգտակար լինել արցախցի այդ երեխաներին:
-Ապագայում ի՞նչ ծրագրեր ունեք՝ կապված Մարտակերտի թիվ 2 դպրոցի ներառական կրթության ուսուցման բաժնի հետ:
-Մեր աշխատանքը, կապը պետք է շարունակական լինի. Մարտակերտի դպրոցի այն սենյակը, որտեղ պարապում են ներառական կրթություն ստացող երեխաները, և, առհասարակ, դպրոցի շենքային պայմանները շտկելու կարիք կա: Հնարավորության սահմաններում պիտի փորձենք կահավորել այդ սենյակը:
–Պարո՛ն Հակոբյան, շնորհակալություն Ձեզ և Ձեր հայրենասեր, պատրաստակամ ուսուցչուհիներին՝ Քրիստին Տեր-Սարգսյանին, Նատալի Ավետյանին, Լարա Գուտուզյանին, Ջենիֆեր Ավետյանին. մաղթում եմ, որ Մարտակերտի դպրոցի ներառական կրթության բաժանմունքի հետ կապված Ձեր բոլոր ծրագրերը իրականություն դառնան և Ձեր՝ բազմազբաղ մտավորականի ժամանակն ու առողջությունը կարողանան ներդաշնակորեն համընթաց քայլել Ձեր երազանքների, ծրագրերի հետ:
Զրուցեց Կարինե Ավագյանը