«Նորաստեղծ համայնքն ազգային զարթոնք է առաջացրել». Հռիփսիմե Համբարյան

ՌԴ Մոսկվա քաղաքի Դոմոդեդովոյի տարածաշրջանի հայերն այլևս «փոքրիկ Հայաստան» ունեն, որտեղ այցելելով՝ նրանք կկարողանան հայկականությամբ լցվել և Հայրենիքի շունչը զգալ:

«Ադանա» հայ ազգամշակութային համայնքի ստեղծումից հետո մեր հայրենակիցներն աննախադեպ աշխուժությամբ և խանդավառ ոգով են ապրում, որի մասին «Հայերն այսօրը» զրուցել է համայնքի կանանց խորհրդի նախագահ Հռիփսիմե  Համբարյանի հետ:

 -Տիկի՛ն Համբարյան, համայնքի գոյությամբ հայապահպանության ազգանվեր գործին եք Ձեզ նվիրել: Վաղու՞ց էիք մտածել համայնքի ստեղծումը կյանքի կոչել:

-Համայնքն ստեղծվել է երկու ամիս առաջ: Այն դեռևս ձևավորման փուլում է գտնվում: Համայնքի նախագահ է ընտրվել ամուսինս՝ Աղասի Համբարյանը: Երկար տարիներ ապրում ենք Դոմոդեդովոյում՝ բարի համբավ և հարգանք ունենալով: Ամեն ջանք գործադրել ենք մեր երկու տղաներին հայրենասիրությամբ լցնելու և հայեցի դաստիարակություն տալու համար: Մեր հետևողականությունն իզուր չանցավ. նրանք շատ են կապված Հայաստանին և հաճախակի են Հայրենիք գալիս:

Փոքր տղաս Դուբայում սովորելու տարիներին այնքան էր կարոտել Հայաստանը, որ ննջասենյակի պատի ամբողջ երկայնքով  հայկական դրոշն էր փակցրել:

Ընտանիքով գրկաբաց օգնում ենք մեզ դիմող բոլոր հայերին, միշտ ակտիվ գործունեություն ենք ծավալում: Ես քսան տարի է՝ ճանապարհաշինարարական ընկերություն ունեմ, որտեղ հարյուր հայ ընտանիք է աշխատում: Երևի այս ամենը հաշվի առնելով՝ մեզ համայնքի ղեկավարությունը վստահեցին:

Մինչ այդ, Դոմոդեդովոյում համայնք չի գործել, պարզապես տեղի հայերն իրար հետ համագործակցության մեջ են եղել:

Երկու հեկտար հողատարածք ունեմ, որի վրա ուզում էինք մի շենք կառուցել՝ հայ երիտասարդներին հանդիպելու և իրենց հուզող թեմաների շուրջ զրուցելու հնարավորություն տալու նպատակով: Ցանկանում էինք հայերի համար հավաքատեղի ստեղծել և տարածել հայկական մշակույթը, հատկապես՝ երիտասարդների շրջանում:

Հայկական կիրակնօրյա դպրոց ենք բացել, որտեղ կարճ ժամանակահատվածում արդեն հարյուր աշակերտ  է  սովորում: Դպրոցում դասավանդվում է Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաները, պարի ու երգի խմբակ է գործում, նաև սպորտային ակումբ ենք բացել:

Աշակերտների թվի աճի պատճառով՝ դասագրքերը չէին բավականացնում: Այդ հարցով ՀՀ սփյուռքի նախարարություն դիմեցի՝ արժանանալով նախարարության աշխատակիցների բարեհամբույր ընդունելությանը. նրանք շատ արագ կարագավորեցին դասագրքերի հետ կապված հարցը:

Համայնքի անդամների թիվը նույնպես գնալով ավելանում է. մարդիկ հաճույքով և ուրախությամբ են գալիս մեզ մոտ: Կարող եմ ասել, որ համայնքը հայերի շրջանում ազգային զարթոնք և ցնծություն է առաջացրել:

-Պաշտոնական բացում նախատեսված է արդյո՞ք:

-Նոյեմբերի 25-ին տեղի կունենա համայնքի պաշտոնական բացումը, որին հրավիրել ենք մասնակցելու քաղաքային իշխանություններին, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան, Դոմոդեդովոյի քաղաքապետարանի և «Ռուսաստանի հայ կանանց միության» ներկայացուցիչների:

Այդ օրը կիրականացնենք «Հայաստան՝ սեր առաջին հայացքից» խորագիրը կրող ցուցահանդեսը: Հյուրերին լուսանկարների, հայկական ուտեստների, երաժշտության, գրականության և այլ միջոցներով ներկայացնելու ենք Հայաստանն ու հայկական մշակույթը: Ամենուր հայկական մթնոլորտ է լինելու: Ցուցահանդեսի կազմակերպմամբ ցանկանում ենք ռուսական շրջանակներում հայ ժողովրդի դարավոր պատմությանը ճանաչելի դարձնել:

– Դուք նաև համայնքի կանանց խորհրդի նախագահն եք: Ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում այս ուղղությամբ:

-Համայնքի ստեղծումից հետո հետագա աշխատանքները դյուրացնելու և համակարգելու համար որոշեցինք աշխատանքային բաժանում կատարել: Այժմ գործում են մշակույթի, կրթության, երիտասարդների և այլ հարցերով զբաղվող բաժիններ: Իսկ ես, այո՛, կանանց խորհրդի նախագահը դարձա:

Իմ նպատակն է, որ ոչ միայն Դոմոդեդովոյի, այլև՝ ամբողջ Մոսկվայի հայ կանայք միավորվեն և օգնեն միմյանց: Կարծում եմ՝ «Ռուսաստանի հայ կանանց միության» հետ համագործակցելով՝ զգալի արդյունք կունենանք:  Սերտ համագործակցում ենք միության նախագահ Արմինե Առաքելյանի հետ:

Առհասարակ, լինելով գործարար կին, շրջապատում աշխատանքի մեջ բարձր դիրքի հասած շատ հայ կանանց գիտեմ, որոնցով հպարտանում եմ: Մեզ մոտ հայ կանայք ընտանիքի լավ մայրեր են, մտահոգ են իրենց երեխաներին հայեցի կրթություն, դաստիարակություն տալու համար և ամեն բան անում են, որ նրանք օտար միջավայրում իբրև արժանապատիվ հայ մեծանան:

Նրանք նաև մեծ ակտիվություն են ցուցաբերում համայնքային կյանքում՝ մեզ օգնելով տարբեր հարցերում:

-Քառօրյա պատերազմի օրերին ողջ Սփյուռքը ոտքի կանգնեց, բռունցքվեց՝ օգնելու համար Արցախին, հայ զինվորներին: Դոմոդեդովոյի հայերն ի՞նչ նախաձեռնություններով հանդես եկան:

-Մենք նույնպես անմասն չմնացինք Արցախին սատարելուց: Արագ համախմբեցինք ուժերը՝ որոշելու համար հետագա աշխատանքները: Բոլոր տղամարդիկ, հատկապես՝ երիտասարդները, մի մարդու պես որոշեցին անհրաժեշտության դեպքում կամավորության սկզբունքով Արցախ գալ՝ միանալու առաջնագծում մարտնչող հայ զինվորներին:

 Մեր ընտանիքի սանիկը, որը ծնունդով արցախցի է, այդ օրերին Արցախ եկավ, հանդիպեց տարբեր պաշտոնատար անձանց հետ՝ քննարկման արդյունքում կողմնորոշվելու համար, թե ինչ տեսակի օգնություն է անհրաժեշտ: Ըստ այդմ՝ նյութական  և տարաբնույթ այլ  օժանդակություն տրամադրեցինք:

Որոշել ենք հատուկ Արցախին օգնելու նպատակով հիմնադրամ բացել, որտեղ Դոմոդեդովոյում ապրող հայերը կկարողանան իրենց հնարավորությունների չափով գումար փոխանցել: Հանգանակած գումարով մենք ամեն ամիս շարունակաբար կաջակցենք արցախցի կարիքավոր ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած  զինվորներին:

-Հայաստան կատարած այցելության ընթացքում հանդիպեցիք նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Ինչպե՞ս կորակեք կայացած հանդիպումը:

Շատ հետաքրքիր և արդյունավետ հանդիպում ունեցա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Երկու անգամ տարբեր առիթներով հանդիպել էի նրան, բայց այս հանդիպումը բոլորովին այլ հարթակում տեղի ունեցավ: Քննարկեցին նախարարության ծրագրերին՝ համայնքի առավել ակտիվ մասնակցության, հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Հրանուշ Հակոբյանը կարևոր խորհուրդներ տվեց և քաջալերեց ինձ՝ նորաստեղծ համայնքում աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ: Պայմանավորվեցինք մեր դպրոցի ուսուցիչներին ուղարկել «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» դասընթացին, իսկ աշակերտներին՝ «Արի տուն» ծրագրին մասնակցելու:

Նախարարի առաջարկով՝ 2017 թվականը համայնքում Արցախի տարի ենք հայտարարելու. կազմակերպվող միջոցառումները նվիրելու ենք Արցախին: Շատ հավանեցի «Դո՛ւ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» խորագրով շարժաման գաղափարը: Վերադառնալով Դոմոդեդովո՝ համայնքում անպայման տարածելու եմ շարժման մասին՝ ամեն կերպ փորձելով գործուն մասնակցություն ունենալ:

Զրուցեց Գևորգ  Չիչյանը

Scroll Up