Արցախին սատարելը գիտակցական քայլ է, որին պետք է դիմի յուրաքանչյուր անհատ. Շահան Գանտահարյան

Հոկտեմբերի 20-24-ը Երևանում և Ստեփանակերտում կայացավ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին նվիրված «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը, որին մասնակցեց շուրջ 140 լրագրող աշխարհի 31 երկրից:

Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ մասնակիցները որոշեցին համահայկական լրատվամիջոցներով սկսել «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը, որի շուրջ և «Հայերն այսօր»-ը զրուցել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանի հետ:

Պարո´ն Գանտահարյան, արդեն անցյալ է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը, որն անցկացվեց Երևանում և Ստեփանակերտում: Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ ինչպե՞ս եք գնահատում Սփյուռքի նախարարության կողմից համաժողովների կազմակերպումն ու աջակցությունը: Որո՞նք են Ձեր կարծիքով այս տարիների կարևոր ձեռքբերումները:

– Նման համաժողովները ծառայում են փոխճանաչողությանը, այնուհետև ունենում գործնական դրսևորումներ՝ համագործակցության ուղիների ճշտման առումով։ Այս համաժողովների շնորհիվ է, որ սկսեց գործուն աշխատել Հայկական աշխարհում գործող բոլոր լրատվամիջոցների ցանցային համակարգը։

Հետզհետե նկատում ենք հայրենի լրատվամիջոցներում սփյուռքյան կազմակերպված կյանքի ճիշտ, օբյեկտիվ լուսաբանում: Փոխադարձաբար, հայրենիքն էլ առավել ներկա է սփյուռքյան ԶԼՄ-ներում։ Այս համաժողովների շնորհիվ՝ սփյուռքյան կարևոր թերթեր ունեն իրենց սեփական թղթակիցները Հայաստանում։

2010 թվականին կայացած Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը հատուկ քննարկել էր հակառակորդների սանձազերծած ապատեղեկատվական արշավներին ճիշտ դիմակայելու ռազմավարական ու մարտավարական խնդիրները։ Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք ականատես եղանք, որ հայկական լրատվադաշտը լուծել էր իր դեմ դրված բազում մարտահրավերները և փայլուն կատարողականությամբ իրականացրեց ճգնաժամային տեղեկատվության գործողությունները։ Մեր լրատվամիջոցներն իրենց աշխատելաոճով ցույց տվեցին, որ հատկապես նման պահերին պետք է լրատվությունն ու մեկնաբանությունը բացառապես հիմնել համապատասխան գերատեսչությունների թողարկած տեղեկատվությունների վրա։

Սա փաստ է: Եվ համոզված եմ, որ այս փաստի կայացման մեջ դերակատարություն ունեն նաև մեր համաժողովները:

Նման համախմբվածություն և նման ընդգրկուն օրակարգեր, նման ընդառաջում և մասնակցության պատկեր՝ միայն պետական տանիքի տակ կարելի է իրականացնել։ Սփյուռքի խայտաբղետ դաշտը միայն նման առանցքի շուրջ կարելի է համախմբել և´ իբրև գաղափարախոսություն, և´ իբրև մեխանիզմ և ծառայություն

 – Պարո´ն Գանտահարյան, Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ընթացքում սկիզբ դրվեց «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը: Ձեր կարծիքով ո՞րն էր նման շարժում նախաձեռնելու շարժառիթը և ի՞նչ է այն ենթադրում:

– Կարծում եմ՝ շատ կարևոր կարգախոս է Հայկական աշխարհում համակարգելու Արցախի միջազգային ճանաչման և Արցախի Հանրապետության հզորացման նպատակով տարվող աշխատանքները։

Համոզված եմ՝ Հայկական կազմակերպված Սփյուռքում չկա համայնք, որ այս նպատակների համար քարոզչաքաղաքական առումով գործողություն չի իրականացնում։ Այս կարգախոսը անպայման կխթանի, որ առավել ևս համակարգված, ծրագրված և նպատակուղղված աշխատանքներ կազմակերպվեն տարբեր ոլորտներում, հատկապես՝ մշակութային, կրթական, երիտասարդական, զբոսաշրջության, բնակեցման։

Յուրաքանչյուր համայնք եթե իր երգչախմբի համերգը, պարախմբի ելույթը, մարզական խմբի մրցությունը մեկ անգամ կազմակերպի Արցախում՝ մենք կունենանք փառատոնային եղանակներ։

Եթե յուրաքանչյուր համայնք իր երկրի ամենանշանավոր լրագրողներին գործուղի Արցախ, արդյունքը կլինի այն, որ բազմաթիվ օտար լրատվամիջոցներում մենք կունենանք Արցախի խնդիրը ճիշտ լուսաբանող լրատվական-մեկնաբանական նյութ։

Եթե յուրաքանչյուր համայնք կազմակերպի զբոսաշրջային այցելություններ դեպի Արցախ, ընդ որում՝ ոչ միայն տեղի հայերի, այլ նաև օտարազգիների, մենք կունենանք զբոսաշրջության որոշակի աճ։

Այս տարի 140 լրագրող աշխարհի 31 երկրից արդեն երկրորդ անգամ համախմբվեցին Ստեփանակերտում (2010 թվականին Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը ևս անցկացվել է Ստեփանակերտում-Հ.Ա.)։ Տարբեր ոլորտների համաժողովներ ևս պետք է անցկացնել Ստեփանակերտում, Շուշիում կամ Արցախի այլ քաղաքներում։

Լրատվամիջոցներն ինչպե՞ս կարող են նպաստել շարժման տարածմանը:

– Իբրև նախորդ հարցի շարունակություն՝ հայկական լրատվամիջոցները պետք է շարունակեն ակտիվ լուսաբանել այն ամենը, ինչը կատարվում է հանուն Արցախի։ Մենք պետք է հասկանանք, որ Արցախը միայն ռազմագոտի չէ: Խնդիրը չի վերաբերում նաև միայն նյութական օժանդակությանը։ Երբ ասվում թե՝ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար», դա ենթադրում է որևէ աշխատանք՝ որևէ ոլորտի համար։ Խոսքը բազմաբնույթ և բազմաշերտ երկարաժամկետ ծրագրերի մասին է։

Եվ հայկական ԶԼՄ-ները պետք է շարունակեն ակտիվ լուսաբանել այս կարգախոսի տակ անցկացվող միջոցառումները։

– Պարո´ն Գանտահարյան, Լիբանանում ի՞նչ արձագանք է գտել «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» նախաձեռնությունը:

– Լիբանանում հայկական ԶԼՄ-ներն իրենց կայք-էջերի վրա արդեն տեղադրել են կարգախոսն ու տարբերանշանը։ Տպագրել են համապատասխան հայտարարությունը և լուսաբանում են այս կարգախոսի ներքո տարբեր համայնքներում կատարվող միջոցառումները։

Մեկ անգամ ևս նշեմ, որ նախաձեռնությունը ֆինանսական օժանդության ընկալումով պետք չէ ընկալել և դրանից բխող հետևություններ անել։ Յուրաքանչյուր նախաձեռնություն, որը կնպաստի Արցախի հզորացմանը, կարելի է տեղադրել այս կարգախոսի տակ։

– Պարո´ն Գանտահարյան, Լրագրողների 8-րդ համաժողովի ընթացքում մասնակիցները եղան Արցախում, հանդիպումներ ունեցան ԼՂՀ ղեկավարության հետ, այցելեցին առաջնագիծ: Իբրև հետևություն Արցախ կատարած այցից՝ ի՞նչ առաջնահերթություններ կմատնանշեք, որոնք հնարավոր է համահայկական ուժերով լուծել:

– ԼՂՀ ղեկավարության հետ մեր հանդիպումները անցան շատ բաց, հանգիստ: Երկրի Նախագահ Բակո Սահակյանը սպառիչ պատասխաններ տվեց մեր բոլոր հարցերին։

Արցախյան կողմը, գիտակցելով լրագրողական դաշտի կարևորությունը, օբյեկտիվ և հիմնավոր պարզաբանումներ տվեց բոլոր հարցերին, ինչը էապես կնպաստի մեր կողմից իրադարձությունների լուսաբանմանն ու մեկնաբանմանը։

Առաջնագիծ այցելությունը համոզեց բոլորիս, որ շնորհիվ այնտեղ կանգնած տղաների, մենք՝ իբրև ազգ, ուր էլ գտնվենք, շարունակում ենք գոյություն ունենալ, արարել և զարգանալ։

– Եվ վերջին հարցը. Արցախին սատարելը յուրաքանչյուր հայի համար ի՞նչ է՝ պարտականության, սրտի թելադրանք, թե՞

– Արցախին սատարելը գիտակցական քայլ է, որին պետք է դիմի յուրաքանչյուր անհատ, միություն և կազմակերպություն։ Համոզված եմ, որ համահայկական ներուժի առաջնային օրակարգում է Արցախի Հանրապետության ճանաչման խնդիրը, որի իրականացման համար ամեն բնույթի ծրագրային աշխատանք, համակարգված և մշակված, ենթադրում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռակողմ ձևաչափով հաստատված նախագծերի գոյացում և իրագործում։ Եվ այստեղ մեծ դեր ունեն իրականացնելիք հայկական ԶԼՄ-ները։

Հայեցակարգային այս ըմբռնումով պետք է մոտենալ « Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» կարգախոսին։

Լուսինե Աբրահամյան

Scroll Up