«Արցախի դրոշը ծածանեցինք հեռավոր Պատագոնիայում». Գագիկ Գասպարյան
ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի մասնաճյուղը առաջիններից մեկը դարձավ, որ անսաց ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման կոչին և միանգամից գործուն քայլեր ձեռնարկեց շարժման հանրահռչակման հարցում:
Համերգարշավն արդեն մեկնարկել է, որի ընթացքի և վերջինիս առնչվող այլևայլ հարցերի շուրջ է «Հայերն այսօր»-ի հարցազրույցը համերգների գեղարվեստական ղեկավար,արգենտինաբնակ երաժիշտ, ՀԲԸՄ–ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպայանի հետ:
-Գագի՛կ, ի՞նչ հանգրվանի է հասել համերգարշավը:
–Ինչպես արդեն նշել ենք, ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի մասնաճյուղի սկսած համերգարշավն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում: Կազմակերպչական հարցերը համակարգում եմ ՀԲԸՄ կենտրոնական վարչությանպատվավոր անդամ, ՀԲԸՄ–ի Արգենտինայի մասնաճյուղի փոխատենապետ, համերգների ընդհանուր պատասխանատու Անտոնիո Սարաֆյանի հետ: Համերգներից գոյացած ողջ հասույթով երաժշտական գործիքներ ենք գնելու Արցախի դպրոցների, մանկապարտեզների և մշակութային կենտրոնների համար: Արդեն մեկ դաշնամուր նվիրաբերել ենք Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցին և երկու դաշնամուր՝ Ստեփանակերտի թիվ 4 մանկապարտեզին:
Տեղի ունեցող բոլոր համերգները խաղաղության կոչ են՝ ուղղված համայն մարդկությանը և արցախցու խաղաղ, անվտանգ ապրելու իրավունքը խոչընդոտող պետություններին:
Համերգները մեկնարկեցինք մայիսի 4-ին՝ Բուենոս Այրեսում, ապա մայիսի 6-ին շարունակեցինք Կորդոբայում, հունիս 14-ին համերգ կայացավ Նյու Յորքում:
Համահայկական այս ծրագիրը գնալով մեծ արձագանք է ստանում հատկապես օտար հանդիսատեսի և երաժիշտների կողմից:
Խոսքիս վառ ապացույցն է օրեր առաջ Հարավային Ամերիկայի Պատագոնիայի մարզում կայացած երկու համերգները, որոնցից առաջինը հունիսի 2-ին Ռոկա քաղաքում էր՝ Պատագոնիայի մշակութային հիմնադրամի դահլիճում: Այս համերգը կազմակերպվել էր մշակութային այդ ամենակարևոր հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Ի դեպ, Պատագոնիայով վերջանում է Հարավային Ամերիկայի սահմանը:
Հանդիսատեսին ներկայացանք դուդուկի, դաշնամուրի և լարային գործիքների կվարտետով՝ հնչեցնելով Կոմիտասի անմահ ստեղծագործությունները: Ինձ հետ միասին ելույթ ունեցան երաժիշտներ՝ վրացի ջութակահարներ Վիտալի Բուժիաշվիլին և Գելա Գելաշվիլին, արգենտինացի ալտջութակահար Կոստանցիա Խուան Բաուտիստան, արգենտինացի դաշնակահարուհի Մարիանելլա Գարսիա Պերեզը, ուկրաինացի ջութակահար Էլվիրա Ֆասևան: Այս տաղանդավոր մարդիկ հիմնադրամի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն են:
Համերգին այլազգի երաժիշտների ներգրավումը կապված էր այն հանգամանքի հետ, որ ցանկանում էինք հայկական մշակույթը նաև օտարներին ներկայացնել: Ռոկայում հայկական համայնք չի գործում, ընդամենը հինգ հայ է ապրում՝ Հայկ Քաջբերունյանը, Սոնա Հարությունյանը, Դիանա Ֆերմանյանը, Արմեն Գրիգորյանը, Սոֆյա Սարգսյանը, ովքեր տաղանդավոր արվեստագետներ են և քաղաքի մշակութային կյանքում շատ կարևոր մարդիկ: Նրանք նույնպես, իբրև հայ՝ իրենց հոգու պարտքը կատարեցին՝ համերգի ժամանակ բալետային կատարումներով ելույթ ունենալով:
Համերգի հասույթը փոխանցեցինք Պատագոնիայի մշակութային հիմնադրամին՝ այս միջոցով հայ ժողովրդի կողմից օժանդակություն ցուցաբերելով այնտեղ աշխատող երաժիշտներին և, միաժամանակ, շնորհակալություն հայտնելով այն երաժիշտներին, ովքեր առանց որևէ տեղեկություն ունենալու Արցախի մասին՝ անշահախնդրորեն միացան «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը:
Հաջորդ համերգը, կրկին նույն երաժշտական կազմով, կայացավ հունիսի 4-ին` Ռոկայից 600 կմ հեռավորության վրա գտնվող Բարիլոչե քաղաքի «Կամպինգ մուզիկալ Ժաո-ժաո» ճանաչված համերգասրահում: Ինչ վերաբերվում է Բարիլոչեյում ապրող հայերի թվին, ապա այնտեղ ընդամենը քսան հայ է ապրում, որոնցից Ալեխանդրո Ավետիսյանի, Սիլվիա Չոլուկյանի, Գաբրիել Կալիպսյանի, Կարինա Կեդիկյանի, Ասպե Սարաֆյանի և Անդրեաս Դավիթյանի ջանքերով կազմակերպվեց համերգը:
– Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել համերգներից:
– Տպավորությունները, իրոք, հիանալի են: Շատ ուրախ եմ, որ Արցախի դրոշը ծածանեցինք հեռավոր Պատագոնիայում:
Հնարավորություն ունեցանք նաև օտարազգի մարդկանց ներկայացնելու ոչ միայն հայկական մշակույթը, այլև խոսելու Արցախի, Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին:
Մշակույթը հզոր ուժ է՝ աշխարհի քարտեզի վրա ցույց տալու Հայաստանն ու հայ ժողովրդին: Հանդիսատեսը պարզապես հիացած էր կոմիտասյան երաժշտությամբ. նրանք ժպտալով մոտենում էին ինձ և ասում, որ Կոմիտասի երաժշտությունն օրհնված է, այն իրենց ներաշխարհի վրա մեծ ազդեցություն է ունեցել:
Համերգները լայնորեն լուսաբանել են տեղական գրեթե բոլոր լրատվամիջոցները: Հայկական մշակույթի, Արցախի, Հայաստանի, համահայկական շարժման վերաբերյալ հարցազրույց եմ տվել «Ռիոնեգրո» թերթին, որը 40 միլիոն մարդու է հասանելի՝ ներառյալ համացանցով:
-Մտածել եք այն մասին, թե ո՞րն է «Դու՞ ինչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման բուն առաքելությունը:
-ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած կարևոր շարժումը նախևառաջ մեծապես նպաստում է ինչպես Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, այնպես էլ՝ հեռավոր քաղաքներում ապրող սակավաթիվ հայերի համախմբմանը, միմյանց ճանաչելուն, ինչպես եղավ Ռոկայի և Բարիլոչեի հայերի դեպքում: Պետք է տեսնեիք մեր հայրենակիցների ոգևորությունը, ովքեր մինչև վերջ իմ կողքին էին գտնվում՝ պատրաստակամորեն օգնելով կազմակերպչական հարցերում:
Շարժման ձեռքբերումներից է նաև բազմաթիվ օտար մարդկանց Հայաստան այցելելուն նպաստելը. նրանք իմանալով Հայաստանի մասին, շատ են տպավորվել և ցանկություն հայտնել տեսնելու մեր երկիրը:
Առհասարակ, համերգներին ներկա տարբեր ազգությունների մարդկանց միշտ հորդորում եմ դրախտավայր Հայաստանն ու Արցախը տեսնելու գնան:
Համերգարշավը շարունակվում է. հաջորդիվ՝ օգոստոսի 10-ին, արգենտինյան Սալտա քաղաքում ելույթ կունենամ՝ դուդուկահար, հոբոյահար Սարո Դանիելյանի և սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Համերգներ կկազմակերպվեն նաև Բրազիլիայում և Չիլիում:
Համերգներին, ընդհանուր առմամբ, նախատեսվում է շուրջ 200 օտարազգի երաժիշտների մասնակցություն՝ ներառյալ Սալտա քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը: Այս հանգամանքն էլ, կարծում եմ, կարելի է լուրջ նվաճում համարել:
Անհամբեր սպասում ենք սեպտեմբեր ամսին Հայաստանում կայանալիք մեծ համերգին, որն էլ կամփոփի ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի մասնաճյուղի «Դու՞ ինչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում տեղի ունեցող ձեռնարկները: Համերգին ելույթ են ունենալու Նորայր Դավթյանի ղեկավարած Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, Հայաստանի պարի պետական անսամբլը, ճանաչված երգիչ-երգչուհիներ:
Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի
Ռոկա
Բարիլոչե