«Հաղթահարենք պատերազմի հետևանքները միասին» ծրագրի պատվիրակությունն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/09/կարիտաս.jpg)
Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանն ընդունեց «Հայկական Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի և «Գերմանա-ռուսական փոխանակում» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Հաղթահարենք պատերազմի հետևանքները միասին» ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած պատվիրակությանը:
Հյուրերին փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը՝ փոխնախարարը մասնավորապես նշեց. «Հայկակական Կարիտաս»-ը մեզ շատ հոգեհարազատ է դարձել, սիրով ենք աշխատում այս կառույցի հետ: Ուրախ ենք, որ կազմակերպության բարեգործական ծրագրերը միայն Երևանում չեն իրականացվում, այլ հասնում են նաև Հայաստանի մարզեր: Քաջատեղյակ ենք, որ «Հայկական Կարիտաս»-ը ծավալուն աշխատանքներ է իրականացնում սոցիալական պաշտպանության և խնամքի, համայնքային զարգացման ծրագրերի ուղղությամբ՝ բարելավելով թիրախային խմբերի առողջապահական, կրթական, սոցիալական պայմանները, մարդասիրական, զարգացման և ինտեգրման գործողություններ իրականացնելով վերադարձողների համար: Շարունակեք ձեր առաքելությունը, շնորհակա´լ ենք»:
Սերժ Սրապիոնյանը ներկայացրեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության հայապահպան ծրագրերը և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության ամբողջական և արդյունավետ իրականացումը:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Լևոն Անտոնյանը ներկայացրեց Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայերի ինտեգրման ուղղությամբ գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ «Հայկական Կարիտաս»-ը նույնպես գործուն մասնակցություն է ունեցել այս հարցում: Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, ապա հղեցին իրենց հետաքրքրող հարցերը:
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը հույս հայտնեց, որ հետագայում ևս կշարունակեն սերտ համագործակցությունը «Հայկական Կարիտաս»-ի հետ:
Հանդիպման ավարտին հյուրերը ՀՀ սփյուռքի նախարարության թանգարանին հուշանվերներ հանձնեցին: