Ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ Սիդնեյում
Արդեն երկրորդ տարին է` ՀՀ սփյուռքի նախարարությունը Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն աջակցության ծրագիր է իրականացնում: Համայնքի մեկօրյա և ամենօրյա վարժարանների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներն այս ծրագրի ամենակարևոր մասն են: 2013 թվականին Սփյուռքի նախարարության աջակցությամբ Ավստրալիա էր մեկնել պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը: Սիդնեյի վարժարանների ուսուցիչների համար կազմակերպված վերապատրաստման հաջող փորձը քաջալերեց, որ Սփյուռքի նախարարությունն ու Սիդնեյի համայնքի կրթական պատասխանատուներն ուսուցիչների վերապատրաստման այս ծրագիրն ամենամյա դարձնեն:
Այս տարի ծրագրի շրջանակներում օգոստոսի 9-31-ը Ավստրալիա էր մեկնել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի միջազգային բակալավրիատի կրտսեր դպրոցի ծրագրի համակարգող, Կրթության ազգային ինստիտուտի մասնագետ Աստղիկ Բալայանը: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Սիդնեյի համայնքի հայկական մեկօրյա և ամենօրյա վարժարանների տնօրենների աջակցությամբ կազմակերպվել են երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև հանդիպումներ ուսուցիչների, խնամակալ մարմինների և ծնողների հետ:
Սիդնեյում տիկին Բալայանը վարել է մասնագիտական զարգացման դասընթացներ` Գօլստըն ճեմարանի, Ալեքսանտր վարժարանի, Ալեք Մանուկյան, Թումանեան, Թարգմանչաց, Փափազեան և Լույս շաբաթօրյա վարժարանների ուսուցիչների հետ: Տեղի են ունեցել համատեղ և անհատական հանդիպումներ:
Տիկին Բալայանը, ով երկու օր առաջ է վերադարձել Ավստրալիայից, «Հայերն այսօրի» հետ զրույցում նշեց, որ վերապատրաստման դասընթացները շատ հաջող են կազմակերպվել և կարողացել է մասնագիտական հմտություններ փոխանցել ուսուցիչներին: Սակայն տիկին Բալայանն իր խոսքում անդրադարձավ մի քանի մտահոգիչ հարցերի, որոնք առավել անհրաժեշտ են դարձնում նման ծրագրերի իրականացումը հատկապես Սփյուռքի հեռավոր համայնքներում:
Տիկին Բալայանի դիտարկմամբ, Սիդնեյի հայկական ամենօրյա և մեկօրյա դպրոցները տարիների ընթացքում կարողացել են ձևավորել իրենց ավանդույթները և հայեցի դաստիարակություն, հայկական ոգի ներարկել հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու ապրող հայ մանուկների մեջ: Սակայն այսօր ակնհայտ և բավականին անհանգստացնող են հայկական դպրոցներում առկա խնդիրները, որոնց և անդրադարձավ Աստղիկ Բալայանը.
«Դպրոցների տնօրենները, կրթական գործի պատասխանատուներն ամեն ինչ անում են դպրոցները պահելու համար, սակայն տարեցտարի հայերենը՝ որպես սովորողների հաղորդակցման լեզու, մեծ արագությամբ զիջում է իր դիրքերը: Անգամ հայերենի դասաժամերին երեխաները դժվարանում են հայերեն խոսել»:
Երկրորդ խնդիրը ուսուցիչների՝ հայերենը որպես օտար լեզու դասավանդելու մեթոդիկային ոչ լիարժեք տիրապետելն է: Եվ ինչպես իր խոսքում նշեց տիկին Բալայանը, միայն ոգևորությունը, հայրենասիրությունը, նվիրվածությունը բավարար չեն: Անհրաժեշտ է նպատակաուղղված ու հետևողական աշխատանք տանել մասնագիտական որակների զարգացման ուղղությամբ.
«Ուսուցիչները, առաջնորդվելով ձեռքի տակ եղած դասագրքերով, շեշտը դնում են գրավոր խոսքի զարգացման վրա: Մինչդեռ բանավոր խոսքը չի ձևավորվում երեխաների մեջ, ինչն էլ հետագայում հաղորդակցման դժվարություններ է առաջացնում:
Երրորդ դժվարությունը ուսումնական բավարար ու անհրաժեշտ նյութերի բացակայությունն է: Դասագրքերն ու ուսումնաօժանդակ նյութերը ստեղծված չեն այս միջավայրի կարիքներին համապատասխան, տարբեր դպրոցներում գործածության մեջ են տարբեր դասագրքեր ու աշխատանքային տետրեր»:
Տիկին Բալայանի խոսքով, մտահոգիչ է նաև ծնողների ու երեխաների վերաբերմունքը հայերենի նկատմամբ.
«Չկարևորելով լեզվի իմացությունը` շատ ծնողներ նախընտրում են իրենց երեխաներին ոչ հայկական դպրոցներ տանել: Դժբախտաբար, հայկական դպրոցներում սովորողների թիվը նվազում է նույն արագությամբ, ինչ արագությամբ աճում է Սիդնեյի հայկական համայնքը: Իսկ Սիդնեյում այսօր մոտ 35-40 հազար հայ է ապրում, սակայն դպրոց հաճախում է 600-700 երեխա:
Բարձր գնահատելով համայնքի բոլոր հայրենանվեր մարդկանց ջանքերը, այնուամենայնիվ, պետք է նշել, որ միայն ուժերի մեկտեղմամբ, հեռահար նպատակների, ռազմավարական ծրագրի մշակմամբ ու Մայր հայրենիքի մշտական աջակցությամբ է հնարավոր հասնել վերոնշյալ խնդիրների լուծմանը»,-իր խոսքը եզրափակեց տիկին Բալայանը:
Պատրաստեց Լուսինե Աբրահամյանը