«Հիմա ավելի լավ եմ խոսում հայերեն». «Արի տուն-2017» ծրագրի ֆրանսահայ մասնակից

«Հայերն այսօր»– Հուլիսի 7-ին, Աղավնաձորում՝ ճամբարային խարույկի շուրջ բռնած շուրջպարով, ավարտվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլը: Անձրևային եղանակը ոչ մի կերպ չխանգարեց մասնակիցներին ցույց տալ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և մյուս ներկաներին ճամբարային օրերի ընթացքում սովորած երգերն ու պարերը: Ճամբարում տիրող հուզումնալից մթնոլորորտը, հրաժեշտի ջերմ գրկախառնությունները ևս մեկ անգամ հաստատեցին ծրագրի հաջողությունը աշխարհասփյուռ հայերին հայրենի տանիքի տակ միավորելու հարցում: Ծրագրի մասնակից, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ապրող 15-ամյա Լյուսի Սարգսյանը մեծ ոգևորությամբ կիսեց երկշաբաթյա այցի ընթացքում ստացած տպավորությունները և հիշողությունները.

– Ծրագրի մասին տեղեկացել եմ ընկերուհուս շնորհիվ, ով արդեն մասնակցել էր ծրագրին: Ծնվել եմ Ֆրանսիայում, տանը խոսում ենք ֆրանսերեն, հաճախում եմ ֆրանսիական դպրոց, բայց շաբաթական մեկ անգամ այցելում եմ հայերենի դասընթացների, որի ընթացքում սովորում ենք գրել, կարդալ, երգել, խոսում ենք Հայաստանի պատմության ու մշակույթի մասին: Երկրորդ անգամ եմ այցելում Հայաստան, շատ սիրեցի երկիրը, շատ հաճելի էր այստեղ գտնվելը: Այս ընթացքում շատ բան սովորեցի և հիմա ավելի լավ եմ խոսում հայերեն: Տպավորված եմ Նորավանք կատարած այցից, իսկ ամենահաճելին ճամբարային օրերն էին` ընկերներիս հետ շփվելը, երգեր երգելը: Ցանկանում  եմ շնորհակալություն հայտնել Սփյուռքի նախարարությանը մեզ նման հնարավորություն տալու համար: Ծրագիրը այնքան հաճելի էր, որ կցանկանայի նորից գալ և մասնակցել:

Ջուլիետա Սահակյան

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

Scroll Up