«Ես իմ անուշ Հայաստանի…». «Արի տունը» Կարբի գյուղում

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2014»  ծրագրի շրաջանակներում  4-րդ փուլի Աբխազիայից ժամանած 13-18 տարեկան 19 պատանիների ու աղջիկների հյուրընկալել էին Արագածոտնի մարզի  Կարբի գյուղական համայնքի բնակիչները՝ գյուղապետ Կարո Բաղդասարյանի գլխավորությամբ:

Գյուղապետ Կարո Բաղդասարյանը «Հայերն այսօրի»  հետ զրույցում նշեց, որ մեծ սիրով են համաձայնել ընդունել երեխաներին, պատրաստակամություն են հայտնել նաև  գյուղի բնակիչները՝ արձագանքելով Սփյուռքի նախարարության առաջարկությանը: Նա նաև ասաց, որ եթե էլի լինեին երեխաներ՝ մեծ ուրախությամբ կընդունեին: Գյուղապետը ողջունելով  «Արի տուն» ծրագիրը՝ ընդգծեց,  որ այն մեծ նպաստ է բերում հայապահպանության մեծ գործին:

Արի տուն ծրագրով նախատեսված առաջին շաբաթ և կիրակի օրերը երեխաները անցկացնում են հյուրընկալող ընտանիքներում , որոնցից մեկն էլ  համարվում է համայնքի օր:

Հուլիսի 19-ին Կարբիի գյուղապետարանի աշխատակազմը միջոցառումների մեծ ու բազմաբովանդակ ծրագիր էր նախատեսել արիտունցիների համար:

Կարբի համայնքի գյուղապետարանի  աշխատակազմի ղեկավար Անահիտ Խուդավերդյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ երեխաներին ընդունել են 14 ընտանիքներ, եղել են ընտանիքներ, որոնք ընդունել են երկու երեխա: Անահիտը պատմեց, որ սկզբում մտավախություն են ունեցել, սակայն հետո,  երբ ծանոթացել են երեխաների հետ, այդ մտավախությունները փոխարինվել են հաճելի զգացողություններով և անմիջական ու մտերմիկ կապով: Նրա խոսքերով՝ գյուղում աբխազահայ աղջիկների ու պատանիների մուտքով մեծ աշխուժություն է սկսվել:

Գյուղացիները աղ ու հացով, երգ ու պարով են դիմավորել Աբխազիայի երեխաներին, գեղեցիկ ու հանդիսավոր արարողություն կազմակերպել մշակույթի տանը, ներկայացրել գյուղի անցյալն ու ներկան: Ամեն երեկո հատուկ երեխաների համար կազմակերպվում են միջոցառումներ, հանգիստն անցնում է աշխույժ և բովանդակալից:

Միջոցառմանը մասնակցեցին նախ Սփյուռքի նախարարության աշխատակիցները, եղան գյուղի գրադարանում, այցելեցին հյուրընկալող ընտանիքներ, զրուցեցին նրանց հետ:

Աբխազիաից հայրենիք եկած Ժենյա Գառնեցյանին ընդունել է Ալինա  Մարգարյանի ընտանիքը: Ալինան պատմեց, որ անմիջապես է դուր եկել աշխույժ ու գեղեցկուհի Ժենյան, որ իր երեխաները մեծ դժվարությամբ կբաժանվեն նրանից: Օրերս Ժենյայի ծննդյան օրն էր, և Ալինան պատմեց, որ մեծ շուքով Կարբի ձորում նրա ընկերուհիների հետ միասին նշել են  այդ օրը: Ժենյան էլ իր հերթին էր ուրախ, որ իրեն այսքան սիրով ու ջերմությամբ ընդունեցին հայրենիքում:

Հյուրընկալող ընտանիքներից մեկն էլ Լևոնյանների ընտանիքն է, որի դուստրը՝ Լիլիթը, պատմեց, որ չնայած տարիքային տարբերությանը, երկու աբխազահայ աղջիկների ու իր միջև մեծ բարեկամություն ու մտերմություն է հաստատվել:

Հյուրընկալող ընտանիքների հետ ծանոթանալուց հետո մեզ սպասվում էր «Ե՛կ խոսենք հայերեն»  խորագրով միջոցառում, որը կազմակերպել էին Կարբի գյուղի մշակույթի տան սաները: Նրանց ասմունքին, հայրենասիրական երգերին միացան նաև արիտունցիները:

Գյուղի և հարակից տարածքում գտնվող պատմամշակութային և տեսարժան վայրեր այցելություններից  առանձնացան Սաղմոսավանքում   և Տառերի պուրակում շրջայցերը: Սաղմոսավանքում մեզ և մասնակիցներին անսպասելի անակնկալ էր սպասվում: Այնտեղ մենք հանպատրաստից ներկա գտնվեցինք «Կարին» ազգային-ազգագրական պարային համութի պարի դասին: Նրանք արիտունցիներին սովորեցրին մեր ազգային շարքային, մարտական ու աշխատանքային պարերը: Երեխաները  մեծ ոգևորությամբ վանքի դիմաց շուրջպար բռնեցին:

Արիտունցիները  Երևան վերադարցան հաճելի տպավորություններով և մեծ բավականություն  ստացած:

Սփյուռքի նախարարությունը շնորհակալություն է հայտնում Կարբի համայնքի բնակիչներին նման գեղեցիկ ընդունելության համար:

Տաթև Դավթյան

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (6) unnamed (7) unnamed (8) unnamed (10) unnamed (11) unnamed (12) unnamed

Scroll Up