«Արարատ սարի նման մեր թիկունքին  ՀՀ սփյուռքի նախարարությու՛նն է կանգնած». Աելիտա Միրաքյան

 ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2016թ. մրցույթի ամփոփման արդյունքներում «Մայրենիի պաշտպան» անվանակարգում ՌԴ-ի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ  քաղաքից առաջին կարգի մրցանակի արժանացած մեր հայրենակցուհու՝ հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Աելիտա Միրաքյանի հետ «Հայերն այսօր»–ի համար ունեցած հարցազրույցի ընթացքում, լսելով նրա  ոգևորիչ  խոսքը Հայաստանի ու հայության, մեր չքնաղ մայրենիի մասին, չես կարող  չհիանալ ու չհպարտանալ Հայրենիքից դուրս՝ հայապահպանության նմանօրինակ նվիրյալների ծավալած գործունեությամբ:

-Տիկի՛ն Աելիտա, Ձեզ համար անակնկա՞լ  էր այս մրցանակը:

-Ես  աշխատում եմ Նովոռոսիյսկի «Լույս» համայնքում՝ հայոց լեզու դասավանդելով համայնքի երկու մեկօրյա դպրոցներում. կարելի է ասել, որ դրանք ֆակուլտատիվ  պարապմունքներ են՝ ռուսական դպրոցներում: Այս մրցույթին մասնակցել եմ անցյալ տարվա նոյեմբերի  վերջում, ուղարկել եմ իմ աշխատանքները, և երկար ժամանակ լռություն էր տիրում…Սակայն անակնկալները հաջորդեցին միմյանց. մայիսին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվեցի «Մայրենիի դեսպան» մեդալով, մի պատվոգիր էլ համայնքը շնորհեց ինձ, այնուհետև իմ  էլեկտրոնային փոստով նամակ ստացա, որով ինձ ծանուցել էին, որ  այս մրցույթում   արժանացել եմ առաջին կարգի մրցանակի:

-Ի՞նչ զգացումներ ունեցաք …

-Բնականաբար, շատ էի ուրախացել, նաև շփոթված էի այդ անակնկալից, հուզվել էի, նույնիսկ արտասվել եմ, որովհետև իմ աշխատանքը գնահատել էր Հայրենիքս…42 տարվա մանկավարժ եմ և իմ աշխատանքային տարիների ընթացքում մշտապես ձգտել եմ, որ գոհ լինեն թե՛ աշակերտները, թե՛ ծնողները, որպեսզի հայեցի դաստիարակությունը  ամենաբարձր մակարդակի վրա լինի:

-Դուք պարգևատրվել եք նաև Ձեր համայնքի կողմից. Ձեզ համար տարբերություն կա՞ այնտեղ ստացած պարգևատրման ու Հայաստանում ստացած մրցանակների միջև:

-Անշուշտ, երկու դեպքում էլ հաճելի է, առավել պարտավորեցնող, սակայն տարբերությունը մեծ է, որովհետև ինչպես Արարատ սարն է մեր թիկունքին կանգնած, այնպես էլ Սփյուռքի նախարարությունն է կանգնած մեր թիկունքին…Այս փաստը մեզ ուժ, ոգևորություն, եռանդ է պարգևում:

-Տիկի՛ն, Աելիտա, ինչպե՞ս  հայտնվեցիք ոչ Հայրենիքում:

-Ես 25 տարի աշխատել եմ Վանաձորի թիվ 12-րդ դպրոցում, այնուհետև Նովոռոսիյսկի հայկական համայնքի հրավերով  մեկնել եմ այնտեղ և աշխատանքի անցել հայկական դպրոցում. արդեն 21 տարի է ՝ այնտեղ եմ ապրում ու աշխատում:

-Այսինքն՝ Ձեր գիտելիքներն ու վաստակը բաշխել եք  Հայաստանի և Նովոռոսիյսկի հայերի միջև.  որտե՞ղ եք կարևորում Ձեր դերը, Ձեր ծավալած գործունեությունը…

-Որպես հայ մարդ, հայ ուսուցչուհի՝ ես կարոտով ու հուզմունքով եմ հիշում, որ Հայաստանում չեմ. այս պահին էլ արցունքներս, հուզմունքս հազիվ եմ զսպում, իսկ աշխատանքի առումով կարող եմ ասել, որ Հայաստանում ինձ նման ուսուցիչներ շատ կան, մինչդեռ օտար ափերում անհրաժեշտ է ունենալ նվիրյալ հայ ուսուցիչներ՝ պահելու մեր ոսկեղենիկ լեզուն, հայեցի դաստիարակություն ու կրթություն տալով  հայ երեխաներին: Ես պարտավո՛ր եմ դա անել. դրսում ապրող բոլոր հայերը պարտավոր են ապրել Հայրենիքով ու պահպանել իրենց ազգային ինքնությունը:

Հրաժեշտ տալով նվիրյալ ուսուցչուհուն՝ հավատում եմ, որ աշխարհի տարբեր ծագերում ապրող  հայ երեխաները հե՛նց այսօրինակ  մանկավարժների շնորհիվ կխոսեն ու կգրեն, կկարդան հայոց լեզվով, չեն հեռանա իրենց արմատներից:

Կարինե Ավագյան

Scroll Up