Բոստոնի «Սուրբ Ստեփանոս» ազգային վարժարանը՝ հայակերտումի օրրան

«Սուրբ Ստեփանոս» ազգային ամենօրյա վարժարանը հիմնադրվել է 1984 թվականին՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում: Սկզբում  եղել է նախակրթարան՝ 8 երեխաներով: Այսօր արդեն վարժարանն ունի մանկամսուր, մանկապարտեզ և հինգ նախակրթարան: Մանկամսուրում ուսուցիչները հայ են, որոնց մի մասն արևելահայերեն, իսկ մյուս մասը՝ արևմտահայերեն են խոսում, ինչն էլ նպաստում է, որ աշակերտները փոքր հասակից ծանոթանան հայերենի երկու ճյուղերին: Ուսուցումն իրականացվում է ամերիկյան պետական ծրագրով: Դասավանդվում է նաև երաժշտություն, արվեստի, կրոնի պատմություն և այլ առարկաներ:

«Մենք ամեն ինչ անում ենք՝ երեխաների շուրջ հայկական միջավայր ստեղծելու ուղղությամբ, որպեսզի հաճույքով սովորեն Մայրենին: Ճիշտ է, նրանց մեծ մասն անգլիախոս ընտանիքներում ապրելու պատճառով հայերեն սովորելու ընթացքում դույզն-ինչ դժվարությունների են հանդիպում, բայց մեր արհեստավարժ ուսուցիչների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղթահարում են լեզվական «պատնեշը»՝ հասնելով այն արդյունքին, որ մինչև դպրոցն ավարտելը հայերեն հրաշալի գրում ու կարդում են»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց վարժարանի տնօրեն Հուրի Բոյամյանը՝ հավելելով, որ աշակերտները, վարժարանում համապարփակ գիտելիքներ ստանալով, լիովին պատրաստ են պետական քոլեջներ ընդունվելու:

2011թ. վարժարանը Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից հայոց լեզուն, մշակույթը, պատմությունը տարածելու համար ճանաչվել է լավագույն կրթօջախ: Գեղեցիկ ավանդույթ է դարձել նաև ԱՄՆ-ի նախագահի կողմից ամեն տարի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին վկայագրերով պարգևատրելը:

Ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպվում է երկշաբաթյա ճանաչողական այցելություն դեպի Հայաստան, որի ժամանակ նրանք հագեցած ծրագրով ծնողների և հայերենի ուսուցչի ուղեկցությամբ շրջում են տեսարժան վայրերով, ծանոթանում պատմամշակութային հարստություններին: Այս տարվա այցելության շրջանակներում աշակերտները նաև զորակցությունն են հայտնել Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների ծնողներին՝ նրանց փոխանցելով իրենց հանգանակած գումարները:

Հուրի Բայրամյանի վստահեցմամբ, միշտ ակտիվ կապի մեջ են գտնվում ՀՀ սփյուռքի նախարարության հետ, առաջացած բոլոր հարցերին, օրինակ՝ դասագրքերով հետ կապված, նախարարության աշխատակիցների կողմից շտապ լուծում է տրվում: Ի դեպ, ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կազմակերպած «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2011 թ. մրցանակաբաշխության շրջանակներում «Սուրբ Ստեփանոս» ազգային ամենօրյա վարժարանը «Սփյուռքում լավագույն հայկական կրթօջախ» անվանակարգում հաղթող է ճանաչվել:

«Սփյուռքահայերի հայացքն ուղղված է դեպի Հայաստան, բոլորս մեր հնարավորությունների սահմաններում պատրաստ ենք օգտակար լինել Հայրենիքին, քանի որ մեր նպատակը հզոր, ապահով, ամուր հիմքերով երկիր ունենալն է: Սփյուռքում զօրուգիշեր մտածում ենք երիտասարդ սերնդին հայ պահելու, հայեցի կրթություն և դաստիարակություն տալու մասին: Միայն այս միջոցով կարող ենք ամրապնդել Հայաստան-Սփյուռք գործակցության կապերը»,-զրույցն ամփոփեց  Հուրի Բոյամյանը:

Հավելենք, որ Հուրի Բոյամյանը 1988 թվականից է հանդիսանում վարժարանի տնօրենը: Նա ավարտել է Ֆրանսիայի բողոքական քոլեջը՝ ստանալով բակալավրի աստիճան՝ ֆրանսիական գրականության և փիլիսոփայության ոլորտում:

Հետագայում ուսումը շարունակել է Մասաչուսեթսի համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճան՝ կրթության ոլորտում:

2005 թվականին արժանացել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, իսկ 2008 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Թագուհի Զաբել» մեդալի:

Գևորգ  Չիչյան

Scroll Up