Չնայած օտար հողում գրանցած հաջողություններին` երիտասարդ լրագրողը ցանկանում է սովորել նաեւ Հայաստանում

ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի Սփյուռքահայ լրագրողների դասընթացները չնայած նոր են մեկնարկել, սակայն հասցրել են արդեն իսկ հաստատել իրենց արդյունավետությունը: Մասնակիցները բավականին ակտիվ են մասնակցում դասխոսություններին` հարցերի ու դիտարկումների շնորհիվ փորձելով ձեռք բերած գիտելիքները առավել առարկայական դարձնել: Չնայած որ լրագրողները լրագրության երկու հիմնական դպրոցներից են` արեւմտյան եւ արեւելյան, այնուամենայնիվ, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած հեռուստալրագրող Լիլիա Ավագյանն է նշում, դա իրենց չի խանգարում, կատարում են փորձի փոխանակում եւ կիսվում տեսակետներով: Լրագրող-հաղորդավար Լիլիան ապրում եւ աշխատում է Լոս Անջելեսում, բայց Հայաստանի հետ կապը փորձում է անխափան պահել:

Երրորդ անգամն է այստեղ եւ հույս է հայտնում, որ այս այցն էլ մյուսների նման արդյունավետ ու տպավորիչ կլինի: «Առաջին անգամ Հայաստան-Սփյուռք համաժողովին եկա: Դա, ինձ թվում է, տարվա կտրվածքով կարեւորագույն միջոցառում էր, որովհետեւ ոչ միայն հավաքվել էր ամբողջ հայկական Սփյուռքի կորիզը, այլ նաեւ այն պատճառով, որ մենք հստակ հասկացանք, թե ինչպես լուսաբանել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Երկրորդ անգամ Հայաստան այցելեցի հենց ապրիլի 24-ին: Ականատես եղա այդ պատմական իրողությանը ու պիտի ասեմ, որ ամեն ինչ բարձր մակարդակով էր կազմակերպված: Սա նաեւ օգնեց, որ մենք կարողացանք  լուսաբանել ողջ ընթացքը, եւ այդ հսկայական տեղեկատվությունը կարճ ժամանակում տարածեցինք աշխարհով մեկ»,- նշում է Լիլիան:

Նա այս անգամ հայրենիքում է մասնագիտական որակները կատարելագործելու, նոր գիտելիքներ ստանալու եւ փորձի փոխանակման համար: Լիլիան լավ գիտի Սփյուռքում աշխատող հայ լրագրողին հանդիպող դժվարությունները: «Չեմ ուզում կոպիտ հնչի, բայց մեզ մոտ հայալեզու լրատվամիջոցների համար աշխատող լրագրողների մոտ լեզվական բարդույթ կա ձեւավորված: Եվ դա բացատրելի է, քանի որ ինչքան էլ մենք արհեստավարժ լրագրող լինենք, տիրապետենք մեր մասնագիտությանը, այնուամենայնիվ` պետք չէ մոռանալ, որ այդ ամբողջ մասնագիտական պաշարը, գիտելիքներն ու  կրթությունը մենք ստանում են անգլերենով, իսկ այդքանից հետո նորից վերադառնալ հայերենին ու աշխատել հայալեզու լրատվամիջոցում, իսկապես բարդ է»- նկատում է դեռեւս հինգ տարեկանից հեռուստատեսությունում աշխատող լրագրողը` չմոռանալով նշել, որ չնայած դժվարություններին` այդպիսի առաջամարտիկներ դեռ կան:

Այս ամենին ականատես լինելով էլ Լիլիա Ավագյանը կարեւորում է նմանատիպ ծրագրերը, որովհետեւ բացի լրագրողական գիտելիքներից տալիս են նաեւ հավելյալ տեղեկատվություն հայոց պատմությունից ու մշակույթից, որոնց, հակահայ քարոզչության պարագայում, ցանկացած հայ լրագրող պարտավոր է տիրապետել, մանավանդ որ այդ քարոզչությունը իրականացվում է հենց արտաքին աշխարհում:

Անդրադառնալով սփյուռքահայ լրագրության նոր ոճի խնդրին` Լիլիան ներկայացրեց իր մոտեցումը, որը այս խնդրի դեպքում կարող է հիանալի լուծում լինել: « Ոճի դեպքում պիտի հաշվի առնել, թե դա ինչին է վերաբերում` հեռուստալրագրությա՞նը, թե՞ տպագիր մամուլին: Ինձ թվում է ավելի շատ ավանդույթներին հետեւում են եւ ավելի պահպանողական են իրենց ոճի նկատմամբ մամուլի ներկայացուցիչները: Ավագ սերունդը ավելի խիստ է, բայց ունի հիանալի հիմք, որին պիտի հետեւեն երիտասարդները: Հենց այդ հիմքի վրա է, որ մենք նորամուծություններ ենք անում, փորձում նոր շունչ բերել: Հեռուստատեսության` ասել է թե նոր մեդիայի պարագայում, սկզբունքներն ու կանոնները քարացած չեն, մոտեցման շատ նոր տարբերակներ կան: Ինչքան էլ հակասություններ լինեն, չեմ կարող չնշել, որ ավագ եւ նոր սերնդի միջեւ անդունդը այնքան մեծ չէ, ինչքան մենք ենք պատկերացնում, վերցնելով նրանցից հարուստ ավանդույթները եւ ավելացնելով մեր նոր տեսակետները` փորձում ենք ժամանակի հետ քայլել»,- ասում է Լիլիան:

Խոսելով հենց սպառողների պահանջարկի մասին` լրագրողը նկատում է, որ այսօր կարճ, արագահաս ու պարզ լրագրությունն է պահանջված, քանի որ բարդ ու խորը հոդվածները ստիպում են ընթերցողին կամ հեռուստադիտողին ապավինել նաեւ սեփական վերլուծական հմտություններին, որի ժամանակը նրանք չունեն: «Մեկ անգամ ասել եմ, որ արդի լրագրության մեջ բացակայում է հենց լրագրությունը: Այսինքն` հանրությունն այսօր դասական լրագրություն չի ուզում: Մի տեսակ ամեն ինչ վերածվել է աշակերտ-ուսուցիչ հարաբերություններին, երբ ուսուցիչը ցանկանում է, ինչքան հնարավոր է, պարզ ու մատչելի գիտելիք տա, ու աշակերտը առանց ավելորդ ջանքի յուրացնի դա: Սակայն ես նաեւ մի բան գիտեմ, որ ամեն ինչ չէ, որ պետք է հարմարեցնել լսարանի պահանջներին, պետք է նաեւ մի փոքր սկզբունքային լինել ու փորձել գտնել արդյունավետ մատուցման ձեւ»,-հավելում է Լիլիան:

Նա այստեղից կփորձի որոշ բանալիներ իր հետ տանել, քանի որ շատ է ոգեւորված դասընթացներով, որոնք անցնում են սպասվածից լավ: Սակայն Լիլիան կցանկանար, որ ժամանակը մի փոքր շատ լիներ.« Տասը օրում յուրացնել այն, ինչ պիտի յուրացնենք, հերոսական քայլ է թե´ կազմակերպիչների, թե´ մասնակիցների կողմից, որովհետեւ տեղեկատվությունը հսկայական է»,- նշում է Լիլիա Ավագյանը` հավելելով, որ իրենց տեսակի մեջ այս դասընթացները բացառիկ են:

Ամերիկահայ լրագրողը բացի ժուռնալիստիկայի ոլորտից նաեւ ակտիվ գործունեություն է ծավալում Հայ դատի հանձնաժողովում, զբաղվել է ապրիլի 24-ի միջոցառումների կազմակերպմամբ, մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացնել թ´ե հանձնաժողովի հետ, թ´ե առանձին: «Աշխատել եմ նաեւ Գլենդելի քաղաքապետարանին կից այն կազմակերպությունում, որը զբաղվում էր քաղաքի Կենտրոն համայնքի զարգացմամբ: Այնտեղ հանրային կապերի պատասխանատուն էի»,- պատմում է Լիլիա Ավագյանը:

Չնայած ԱՄՆ-ում գրանցած հաջողություններին` հայուհին ցանկանում է վերադառնալ եւ ուսումը շարունակել Հայաստանում` Մայր բուհի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում: «Չեմ ուզում բացել փակագծերը, բայց թեզս գրելու համար պիտի ուսումնասիրեմ ԱՄՆ-Հայաստան փոխհարաբերությունները տարբեր կողմերից` քաղաքական, սոցիալական, մշակութային եւ այլն, եւ այդ ամենի համար Հայաստանում գտնվելը եւ այստեղ հետազոտություններ կատարելը պարտադիր է»,- նշում է Լիլիան:

Երեւանում սովորելը նաեւ նրա երազանքն է եղել, որ կփորձի իրականացնել հենց այս տարի: Ցանկանանք նրան հաջողություններ նաեւ հայրենիքում ու հուսանք, որ սեպտեմբերին նրան կշնորհավորենք հենց որպես համալսարանականի:

Ամալյա Կարապետյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

411 9 8 7 12լրագրող

Scroll Up