«Շատ ծանր օրեր ունեցանք Հալեպում, սակայն  մշտապես շարունակել ենք կրթական աշխատանքը». Զեփյուռ Էքմեքջյան-Ռեիսյան

Սիրիայում ծավալված երկարատև պատերազմական գործողությունների ընթացքում  մեր հայրենակիցներից շատերը հայրենադարձվեցին. նրանց մի  մասը հաստատվեց օտար ափերում, իսկ մի մասն էլ, վտանգի ենթարկելով իր կյանքը, մնաց Սիրիայում…Շատ հալեպահայեր չլքեցին իրենց բնակավայրը, ապրեցին ու  աշխատեցին դիպուկահարների ու ռմբակոծությունների նշանառության տակ անգամ:  Նրանցից  մեկն էլ՝ Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հարգարժան տիկին, կոչումով մանկավարժ Զեփյուռ Էքմեքջյան-Ռեիսյանն է, ում հետ, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի համար ծավալված հարցազրույցի ընթացքում, քանիցս համոզվեցի, որ  բացառիկ է հայ կնոջ, հայ մոր, հայրենասեր հայուհու տեսակն աշխարհում:

-Տիկի՛ն Զեփյուռ, պատմեք, խնդրում եմ Ձեր մանկավարժական բազմամյա գործունեության մասին:

-Մանկավարժական կրթությունս ստացել եմ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում՝ նախադպրոցական մանկավարժության և մանկան հոգեբանության մասնագիտացմամբ: 29 տարվա մանկավարժական գործունեություն ունեմ. սկզբնական շրջանում աշխատել եմ նախադպրոցական հիմնարկում, որը մենք մանկապարտեզ ենք անվանում: Ավելի ուշ՝ 2010-ին,  արդեն  անցա նախակրթարանի բաժին և դեռ  նոր էի այդ պատասխանատվությունը ստանձնել, երբ Սիրիայում ծավալվեցին պատերազմական գործողությունները…Շատ  ծանր պայմաններում շարունակեցինք կրթական աշխատանքը՝ յուրաքանչյուր տարվա պայմաններին համապատասխանող դասաժամերով:

-Այդ  վտանգավոր պայմաններում ծնողները  թու՞յլ էին տալիս, որ իրենց երեխաները դպրոց հաճախեն:

-Նայած՝ ծնողներ. անշու՛շտ, կային երեխաներ, ովքեր բացակայում էին, կային այնպիսինները, ովքեր բնավ չբացակայեցին: Երբ շատ ավելի մեծ էր լինում վտանգը, Ազգային իշխանությունն ի՛նքն էր տնօրինում, որ դպրոցը փակ մնար: Իմ պաշտոնավարած դպրոցը Սահակյան վարժարանն էր, որը գտնվում է Նոր գյուղ թաղամասում: 2012-ի օգոստոսին, երբ պատերազմական գործողություններն սկսեցին թեժանալ այդ տարածքում, (դա շատ վտանգավոր գոտի էր), կամա-ակամա  դպրոցական վերամուտը հետաձգվեց՝ մինչև  իրավիճակը մի քիչ խաղաղվի. 3 ամիս ուշացավ վերաբացումը: Այս թաղամասում  էին գտնվում նաև  Զավարյան  դպրոցը, Կարեն-Եփփե ճեմարանը…Հայությամբ խիտ բնակեցված շրջան է Նոր գյուղը, երեք դպրոցներն այդ շրջանում էին և հնարավոր չէր դպրոց հասնել, որովհետև դիպուկահարների թիրախի տակ էր այն գտնվում, ավելի  ուշ սկսվեցին ռմբահարումները: Նույն իրավիճակն էր նաև քաղաքում՝ Սալիբեյի շրջանում գտնվող  Հայկազյան վարժարանում…Երեք ամիս ուշացավ  դպրոցների վերամուտը՝ մինչև 2012-ի դեկտեմբերի 25-ը, որովհետև անապահով վիճակ էր: Միակ վարժարանը, որը համեմատաբար խաղաղ տարածքում էր գտնվում, Գյուլբենկյան վարժարանն էր. Ազգային իշխանությունը գերադասեց փոքրիկների ապահովությունը, նախընտրեց Սուլեյմանիեի շրջանը: Դեկտեմբերին շատ արագ կերպով կազմակերպվեց դասերի կանոնակարգումը, և աշակերտներին դպրոց կանչեցին՝  Գյուլբենկյան վարժարանի շենքում շարունակելու դասերը: Չորս նախակրթարանները և ճեմարանը, կրճատված  դասաժամերի  ժամանակացույցով և խտացված ծրագրով, շարունակեցին աշխատել: Հաջորդ տարի երկու  վարժարանները ՝ Սահակյանն ու Զավարյանը, տեղափոխվեցին Նոր գյուղ,  իսկ այնտեղ մնացին Գյուլբենկյան ու Հայկազյան նախակրթարանները և Ճեմարանը:  Մեկ ուսումնական տարի այնտեղ անցկացնելուց հետո, հաջորդ տարի բոլոր  4 դպրոցները մեկտեղվեցին Գյուլբենկյանում…Այդ ընթացքում աշակերտների թիվը նվազեց. Ընտանիքների մի մասը հաստատվեց Հայաստանում, մի մասը մեկնեց արտերկիր, շատերն էլ հաստատվեցին Սիրիայի ծովեզրյա, ավելի ապահով շրջաններում: 2015-16թթ. ուսումնական տարում 4 վարժարանները միացրեցին իրար,  վերածեցին երկուսի՝ Ազգային Սահակյան-Զավարյանը միացյալ գործեցին: Գյուլբենկյան և Հայկազյան վարժարաններն էլ իրար միացան՝ առանձին տնօրինությամբ, իսկ  մանկապարտեզի բաժինն  էլ, դարձյալ առանձին տնօրինությամբ, անջատվեց դպրոցներից: Ես Սահակյան-Զավարյան դպրոցի տնօրենն եմ:  Նախակրթարաններում ուսումը 6 տարով է, որից հետո ուսումը շարունակում են միջնակարգում և երկրորդականում: Վարժարանները միացել են, սակայն չեն փակվել, դրանք ունեն իրենց  առանձին՝   մեկ վարժարանի արտոնագրերը. որոշ շենքեր վնասված են, հերթով պետք է վերանորոգվեն: Նոր-նոր, երբ  խաղաղություն է վերահաստատվում, սկսել ենք իրականացնել նաև մեր արտադասարանային միջոցառումները:

-Տիկի՛ն Զեփյուռ, ավելի շատ դասավանդե՞լ  եք,  թե՞ վարչական աշխատանք եք կատարել և դրանցից ո՞րն է առավել սիրելի Ձեզ համար:

-Դասավանդել եմ ընդամենը մեկ տարի, որից հետո ստանձնել եմ մանկապարտեզի պատասխանատվությունը: Այդ աշխատանքներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը, հետաքրքրությունը, սակայն մանուկների հետ աշխատելն ամենից հաճելի է: Բացի մանկավարժությունից, վարչական աշխատանիքից՝ ես զբաղված եմ նաև բարեսիրական  աշխատանքով:

-Դուք ստանձնել եք ոչ այնքան դյուրին աշխատանք, նաև քաղաքական գործիչ, լրագրող Ժիրայր Ռեիսյանի կինն եք, այսինքն՝ Ձեր ընտանիքը «թեժ գծի» վրա է, դժվար  չէ՞… մի ընտանիքում  ազգային երկու գործիչ, երկու նվիրյալ…

-Անշու՛շտ, դյուրին չէ, սակայն կարողացել ենք  նաև դժվարություններ հաղթահարել, խորհրդակցել շատ հարցերի շուրջ. բախտավոր ենք այն իմաստով, որ միշտ միմյանց աջակցել ենք, քաջալերել:

Շատերը պատերազմական լարված օրերին դուրս եկան Սիրիայից, արտագաղթեցին արտերկիր. երբևէ մտածե՞լ եք  դուրս գալ Հալեպից…

-Արտագաղթե՞լ…Ոչ…Շատ ծանր օրեր ունեցանք…բայց կարողացանք մնալ այնտեղ և հիմա մտածում ենք  մշտական խաղաղության մեջ ապրելու մասին: Պարբերաբար լինում եմ Հայաստանում, երկու զավակներս սովորում են Երևանի ճարտարագիտական համալսարանում, շատ կապված ենք Հայաստանին: Այս այցելությանս նպատակն էլ կրթական մի դասընթացի մասնակցելն է. այն առնչվում է արևմտահայերենով  վիքիպեդիան  հարստացնելուն, զարգացնելուն է:   Ամեն մի այցելություն Հայրենիք, բնականաբար, նաև կարոտի շունչ ունի:

Զրուցեց Կարինե Ավագյանը

Scroll Up