ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սփյուռքահայ ուսանողների խորհրդի 30 ակտիվ ուսանողներին
Նոյեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սփյուռքահայ ուսանողների խորհրդի 30 առավել ակտիվ ուսանողների աշխարհի 10 երկրներից` խորհրդի նախագահ Սամվել Մկոյանի գլխավորությամբ:
Շնորհավորելով սփյուռքահայ ուսանողներին Ուսանողների միջազգային օրվա առթիվ` նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես ասաց. «Սիրելի´ երիտասարդներ, դուք հնարավորություն եք ունեցել ապրելու և դաստիարակվելու այլ հասարակարգում, ինչը հնարավորություն է տվել մտածել ավելի ազատ` այսպիսով ձևավորելով ձեր մեջ ավելի լայն աշխարհայացք»:
Տիկին Հակոբյանը ուսանողներին պատգամեց լավ սովորել, լինել մրցունակ, լինել գաղափարներով հարուստ և նորարար` 21-րդ դարի արժանի սերունդ, լավ քաղաքացի, ամենուրեք պահպանել ազգային դիմագիծը և մարդկային բարձր բնութագիրը:
Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով պարգևատրեց անցած տարվա ընթացքում առավել ակտիվ հասարակական գործունեություն ծավալած և բարձր առաջադիմություն ցուցաբերած 10 սփյուռքահայ ուսանողների:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին սփյուռքահայ ուսանողության հանդեպ մշտառկա ուշադրության և հոգածության համար` խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը նշեց. «Երիտասարդները պատրաստ են աշխատել, երբ նրանց գործը գնահատվում է: Ուսանողների միջազգային օրվա առթիվ այս հանդիպումը և այս գնահատանքը մեծ լիցքեր կհաղորդի մեզ»:
Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին: