«Արի տուն» ծրագրի մասնակիցները Արագածոտնի մարզում

Հուլիսի 12-ից 21-ը «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի մասնակիցների առջև իր հյուրընկալ դռներն էր բացել Արագածոտնի մարզը: Աշտարակ քաղաքի քաղաքապետարանը ջերմ ընդունելություն էր կազմակերպել Իրաքից ժամանած հյուրերի համար: Հուլիսի 12-ին քաղաքապետարանի աշխատակազմը և հյուրընկալ ընտանիքները հայկական ավանդական հյուրասիրությամբ դիմավորեցին ծրագրի մասնակիցներին:

Աշտարակի քաղաքապետարանը նախատեսել էր միջոցառումներով լի ծրագիր, որն իր մեջ ընդգրկում էր շրջայցեր Արագածոտնի մարզի տեսարժան վայրերով: Հուլիսի 13-ին հյուրերն այցելեցին Աշտարակի հնագույն եկեղեցիները՝ Ծիրանավոր, Կարմրավոր, Սպիտակավոր վանքերը: Այնուհետև եղան Պ. Պռոշյանի թանգարանում, որի բակում կազմակերպվեց հյուրասիրություն: Օրվա վերջում ՀՀ երիտասարդական հիմնադրամի Աշտարակի մասնաճյուղում ծրագրի մասնակիցները հանդիպում ունեցան Աշտարակի երիտասարդության հետ:

Հաջորդ օրը՝ հուլիսի 14-ին, կազմակերպվեց այցելություն Բյուրականի աստղադիտարան, այնուհետև՝ Արագածի լիճ և Ամբերդ:

Հուլիսի 20-ին ծրագրի մասնակիցները ուղևորվեցին դեպի Երևան: Եղան Մուղնու Սուրբ Գևորգ, Սուրբ Մարիանէ և Սուրբ Սարգիս եկեղեցիներում:

Հուլիսի 21-ին հյուրերի համար կազմակերպվեց ճոխ հյուրասիրություն Աշտարակի ձորի «Արևիկ» հանգստյան գոտում: «Արի տուն» ծրագրի մասնակիցները, տպավորված հայրենիքում ստացած ջերմ հյուրընկալությամբ, շնորհակալություն հայտնեցին ծրագրի կազմակերպիչներին և Աշտարակի քաղաքապետարանի աշխատակազմին: Վերադառնալիս նրանք իրենց հետ տարան հարազատ դարձած հայրենակիցների ջերմությունն ու սերը:

Մարիաննա Անանյան

DSC06289-300x225 DSC06293-300x225 DSC06372-300x225 DSC06391-300x225 IMG_0167-300x225

Scroll Up