Ծաղկաձորում մեկնարկեց ուսուցիչների վերապատրաստման դասընթացները
Հուլիսի 15-ին Ծաղկաձորի Երիտասարդական կենտրոնում սկսվեցին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց»-2013թ ծրագրի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: Դասընթացները, որոնց մասնակցում են Սփյուռքի տարբեր համայնքներում գործող հայկական դպրոցների մոտ 40 ուսուցիչներ, կշարունակվեն հուլիսի15-ից օգոստոսի 2-ը:
ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը, ողջունելով սփյուռքահայ ուսուցիչներին, նշեց, որ մեծ է նրանց դերը հայապահպանության, հայոց լեզվի, մշակույթի պահպանման գործում: Նա հույս հայտնեց, որ դասընթացները կօգնեն հարստացնելու իրենց գիտելիքները, իսկ փորձի փոխանակումը կօգնի ծանոթանալու դասավանդման նոր մոտեցումների և մեթոդների:
Ուսուցման գործընթացին զուգահեռ՝ ուսուցիչների համար կլինեն ազգային երգի, պարի ուսուցման դասընթացներ: Կանցկացվեն նաև մշակութային, մարզական միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի գործիչների հետ, քննարկումներ, Կլոր սեղաններ և այլն:
Հիշեցնենք, որ «Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է 5 ուղղություներով՝ Հայոց լեզվի արագացված դասընթացներ, որոնք կտևեն հուլիսի 8-ից օգոստոսի 2-ը, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ (հուլիսի15-օգոստոսի2), Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց (հուլիսի22–օգոստոսի2), Սփյուռքի լրագրողների դասընթաց (հուլիսի 22 – օգոստոսի 2), Ազգային երգի ու պարի դասընթաց ( հուլիսի 24 – օգոստոսի 2):