Կայացավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հուլիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ կայացավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հայաստանի Կենտրոնական Բանկի անձնակազմի կառավարման վարչության պետ Գայանե Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից իրականացված՝ սիրիահայ հաշվապահների և տնտեսագետների վերապատրաստման դասընթացների ամփոփման արդյունքները: Զեկուցողը մասնավորապես նշեց, որ դասընթացներին մասնակցած սիրիահայ երիտասարդները բանկի կողմից ստացել են հավաստագրեր, ինչը հնարավորություն է տվել նրանց աշխատանք գտնելու:

Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Ռաֆայել արք. Մինասյանը  ամփոփեց Հայ Կաթողիկե Եկեղեցու և «Հայկական կարիտաս» բարեսիրական կազմակերպության իրականացրած աշխատանքները: Կազմակերպությունը պատսպարել է սիրիահայերի 87 ընտանիք և հոգում է նրանց կեցության, սննդի, կրթության, աշխատանքի տեղավորման և այլ հարցեր:

«Համազգային» հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը հանձնաժողովին տեղեկացրեց «Օգնիր եղբորդ» հիմնադրամի իրականացրած ծրագրերի մասին՝ նշելով, որ մարդասիրական օգնության կազմակերպումը նպաստեց սիրահայերին աջակցելու գաղափարի շուրջ ազգային համախմբմանը:

Սիրիահայ երիտասարդների ամառային հանգստի կազմակերպման մասին զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը: Նա նշեց, որ տարբեր կազմակերպությունների և գերատեսչությունների բարեգործական ներդրումների շնորհիվ Վանաձորի, Գուգարքի  և Լոռու մարզերի ճամբարներում արդեն հանգստացել է 9-12 տարեկան ավելի քան 200 սիրիահայ պատանի, և ևս 400-ը կհանգստանա:

Ամփոփելով նիստում հնչած առաջարկություններն ու կարծիքները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  շնորհակալություն հայտնեց Հայ Կաթողիկե Եկեղեցու ներկայացուցչին և «Օգնիր եղբորդ» հիմնադրամին՝ սիրիահայերին ցուցաբերած աջակցության և ակտիվ աշխատանքի համար: Նախարարը կարևորեց արաբախոս սիրիահայերի լեզվի, կրթության, աշխատանքի և բնակության հարցերը, ինչպես նաև սիրիահայերի առնչությամբ արդեն ընդունված որոշումների ժամկետների երկարացման խնդիրը:

Քննարկման ընթացքում նշվեցին գերատեսչությունների և այլ կառույցների առաջիկա անելիքները:

Scroll Up