ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը ուսանողների միջազգային օրվա առթիվ

Ուսանողների միջազգային օրը` նոյեմբերի 17-ը, ողջ աշխարհում նշվում է որպես ուսանողների համերաշխության օր:

Սիրով շնորհավորում եմ ձեզ ուսանողների միջազգային օրվա առթիվ:

Ես համոզված եմ, սիրելի ուսանողներ, որ դուք  ձեր հոգում և մտքում ամբարած  հայոց ոգու, մտքի ուժը, հայահատուկ կենսասիրությունը և մարդասիրությունը, մերօրյա համաշխարհային հասարակական-քաղաքական գործընթացներում այսուհետև ևս պիտի քայլեք որպես առաջադիմության և արդարության առաջամարտիկներ` միշտ կրելով ազգային և համամարդկային բարձր արժեքներին ծառայելու առաքելությունը:

Յուրաքանչյուր հասարակության պարտքը առողջ և գրագետ սերնդի դաստիարակումն է: Կրթությունը մեր ազգի գոյատևման հիմքն է, և մեր պարտքն է նեցուկ լինել, հոգալ և ապահովել մեր ապագա և աճող սերնդին ճիշտ ուղղություն և կողմնորոշում տալը` սկսած անմեղ փոքրիկներից մինչև գիտակ երիտասարդները:

Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը կրթության հանդեպ ունի առանձնահատուկ սեր, ընդդգծված վերաբերմունք, անսահման նվիրում: Յուրաքանչյուր ծնող երազում է, որ իր երեխան բարձրագույն կրթություն ստանա, և ստեղծում է բոլոր պայմանները  այդ ճանապարհով նրան տանելու համար: Հայոց պետությունը նույնպես հստակ, ընդգծված քաղաքականություն է իրականացնում պետական և մասնավոր հաստատությունների սովորողների կյանքի, առողջության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ընդունում անհրաժեշտ օրենքներ, մշակում ծրագրեր, ստեղծում  ենթակառուցվածքներ: Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ համայն հայության զավակներին՝ Հայաստանում և արտերկրում ուսանող հայ և աշխարհի տարբեր բուհերում սովորող հայաստանցի երիտասարդներին՝  ուսանողների միջազգային օրվա առթիվ և ցանկանում, որ դուք այսուհետև առավել գործուն պատասխանատվությամբ մասնակցեք համայն հայոց  Հոգեբնակման Տան`  Հայաստանի Հանրապետության գիտակրթական ու հասարակական զարգացումների գործընթացներին և ձեր կամային, մտավոր ներուժով, գիտելիքահենք մրցունակությամբ  նպաստեք  Հայաստան-Սփյուռք գործակցության զորացմանը: Ի դեմս ձեզ մենք տեսնում ենք Հայաստանի յուրատեսակ դեսպանին և մեր գործընկերոջը՝ համայնքներում Հայաստանը ճանաչելի դարձնելուն, մեր ազգային հոգևոր-մշակութային արժեքները օտար երկրներում տարածելուն ուղղված, համազգային, համահայկական, հայապահպանական ծրագրերի իրականացման գործընթացներում:

Ես հավատում եմ ձեզ և ձեր մեջ ապրող հայկական գենի իմացականության դարավոր ներուժին և կենսուժին:

Scroll Up