Առանց հզոր Հայաստանի, Սփյուռքը դատապարտված է կատարյալ անկման. Ռազմիկ Թամրազյան
«Հայերն այսօր»-ի զրուցակիցն է Ավստրո-հայկական մշակութային ընկերության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրիայի մասնաճյուղի ատենապետ, ճարտարագետ Ռազմիկ Թամրազյանը:
Ավստրիայի և Հայաստանի պետական, եկեղեցական մի շարք պարգևների արժանացած ճարտարագետի հետ զրույցը հիմնականում ծավալվել է 1974 թվականին հիմնադրված մշակութային ընկերության, Հիմնադրամի տեղական մարմնի գործունեության, հայ-ավստրիական կապերի շուրջ:
Հավելենք միայն, որ Ավստրո-հայկական մշակութային ընկերության շնորհիվ Ավստրիայում այսօր բազմաթիվ մնայուն արժեքներ կան՝ Ֆրանց Վերֆելի հուշարձանը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը (որի հեղինակը Ռազմիկ Թամրազյանն է), Հովհաննես Աստվածատուր (Աստվածատրյան) «Դիո Դաթո» պուրակը և այլն:
– Պարո´ն Թամրազյան, ինչպե՞ս կբնորոշեք 1974-ին հիմնադրված մշակութային ընկերութհան գործունեությունը:
– Ավստրո-հայկական մշակութային ընկերության գործունեության շրջնակը խարսխված է իր ծրագիր-կանոնագրում, այն է` ներկայացնել և ծանոթացնել հայ մշակույթը ավստրիացիներին և զուգահեռ ներկայացնել և ծանոթացնել ավստրիական մշակույթը մեր հայրենակիցներին: Հիշյալ նպատակին հասնելու համար կազմակերպությունը ավստրիացիների և մեր հայրենակիցների համար իր գոյության 42 տարիների ընթացքում կազմակերպել է անթիվ ցուցահանդեսներ, համերգներ, դասախոսություններ, բանակումներ, ճամբարներ, ճամբորդություններ, տեսաժապավեններ, գրքերի շնորհանդեսներ, տեղադրել է հուշարձաններ, կատարել է նկարահանումներ թե´ Ավստրիայում, թե´ Հայրենիքում:
– Ձեր կարծիքով զարգացման ի՞նչ փուլ են անցել հայ-ավստրիական մշակութային հարաբերությունները: Այսօր այդ հարաբերություններն ի՞նչ մակարդակի վրա են:
– Ավստրո-հայկական մշակութային ընկերության անդամների թիվը մեծ չէ, սակայն մեծ է նրա համակիրների թիվը, որոնք ինչպես անդամները, հայ և ավստրիացի մտավորականներ են, որոնք հետաքրքրված են երկու ժողովուրդների մշակույթով: Ավստրո-հայկական մշակութային ընկերությունը պաշտոնական անդամն է Ավստրիայի «Ավստրիա-օտարերկրյա ՓԱՆ կազմակերպության» (Փարթըներ ալլեր Նացիոնըն/ Գործընկեր բոլոր ազգերի), որի նախագահն է երկրի Նախագահը, իսկ փոխնախագահները Ավստրիայի ինը նահանգապետերը:
Տարիների ընթացքում այդ հարաբերությունները ամրապնդվել և ճյուղավորվել են ռադիո-հեռուստատեսության, մշակութային կազմակերպությունների և անհատ մտավորականների մասնակցությամբ:
– Որքանո՞վ է կարողացել մշակութային ընկերությունը Ավստրիայում տարածել հայկական մշակույթը:
– Այնքանով, ինչքանով որ կազմակերպության հնարավորություններն են թույլ տվել` լինեն դրանք ցուցահանդեսներ, համերգներ, Ավստրիայի պետական հեռուստատեսությամբ եթեր հեռարձակված «3000 տարի Հայաստան»՝ նկարահանված տեսաժապավենով, կամ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի Մանրակերտի, Ֆրանց Վերֆելի հուշարձանի, «Դիո Դաթո» պուրակի ստեղծման աշխատանքներով:
– Պարո´ն Թամրազյան, մշակութային ընկերությունն ի՞նչ չափով է կարողանում համախմբել ավստրիահայ համայնքը:
– Ավստրիայի համայնքը լինելով փոքր և միայն վերջին տասնամյակներին հարաբերական մեծացած՝ ունի բազմաթիվ ազգային կառույցներ և միություններ, որոնք ունեն իրենց մասնակի նախասիրությունները, որոնց շուրջ են հավաքվում իրենց համակիրները: Հետևաբար մեր կազմակերպությունը չունի ավստրիահայ համայնքի անդամներին միայն իր շուրջը համախմբելու հատուկ աշխատանք:
– Սփյուռքում հատկապես խոցելի են երիտասարդները: Ձեր կարծիքով նրանք հետաքրքրվա՞ծ են հայկական մշակույթով, նրա պահպանմամբ ու տարածմամբ:
– Համաշխարհային տիրող մթնոլորտին պարտադրաբար հետևելով՝ մեր երիտասարդությունն ևս ձգտում է նախ անձնական կայունացում և ապահովություն ձեռք բերել, ապա նոր զբաղվել ազգային, հասարակական կամ միութենական աշխատանքներով: Նրանք այնքանով են հետաքրքրված մեր մշակույթով, որքանով, որ իրենց վերը հիշված նպատակը թույլատրում է: Սակայն կան, բարեբախտաբար, դեռ երիտասարդներ, որոնք ազգային գիտակցությամբ օժանդակում են մեր համայնքային գործունեությանը:
– Պարո´ն Թամրազյան, կխնդրեի, որ պատմեք «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրիայի մասնաճյուղի գործունեության մասին: Հայաստանում ի՞նչ ծրագրեր է իրականացրել:
– Հայաստան համահայկական հիմնադրամի Ավստրիայի տեղական մարմինը հիմնադրվել է 1992 թվականին՝ Երևանում կյանքի կոչված Հայաստան համահայկական հիմնադրամի ստեղծումից անմիջապես հետո:
Տեղական մարմնի մաս են կազմում Ավստրիայում գործող բոլոր կազմակերպությունները մեկական լիազոր անդամով: Վարչության մեջ են մտնում նաև պատվո անդամներ և օժանդակող անդամների, ընդհանուր ժողովի կողմից ընտրված չորս պատվիրակներ:
Լինելով փոքր համայնք՝ հնարավորություն չենք ունեցել հատուկ ծրագրեր իրագործել, սակայն հանգանակած բոլոր գումարը, սկսյալ 1992 թվականից, նույնությամբ փոխանցվում է ՀՀՀ Գործադիր Մարմնի «Հայաստանի և Արցախի զոհված ազատամարտիկների և առաջին կարգի հաշվանդամների երեխաներին օժանդակելու» հաշվեհամարիին:
Վարչական անդամների անհատական օժանդակության շնորհիվ, խնայողության տեսանկյունից ելնելով, Տեղական մարմինը չունի ոչ գրասենյակ և ոչ էլ վճարովի պաշտոնյա: Այլևայլ ծախսերը (շրջաբերական, գրենական պիտույքներ, փոստ) հոգում են անդամ կազմակերպությունները, իսկ ՀՀՀ-ի ժողովներին մասնակցելու ճամբորդության ծախսերը վճարվում է մասնակից վարչական անդամի կողմից:
– Պարո´ն Թամրազյան, Հայաստանում հաճա՞խ եք լինում: Ձեր այցելությունը հիմնականում ի՞նչ առաքելություն է հետապնդում:
– Այո, 1975 թվականից տարեկան մեկ կամ երկու (երբեմն էլ՝ երեք) անգամ: 1975 թվականից սկսյած՝ Ավստրո-հայկական մշակութային ընկերության տարեկան «Հայաստանի Ճամբորդություն» ծրագրի պատասխանատու, Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովների մասնակցություն, Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհդի տարեկան ժողովներ (ես որևէ բիզնեսով չեմ զբաղվում, ո´չ Հայաստանում և ո´չ էլ Ավստրիայում):
Հայաստանի ամեն մի հաջողություն, խթան է Սփյուռքի գոյատևման, երիտասարդների հպարտության ու հետաքրքրության համար: Եթե Հայրենիքում իշխի ժողովրդավարությունը, իրար հանդեպ հանդուժողականությունը, անկասկած Հայաստանն օր-օրի պիտի հզորանա և Սփյուռքի գոյատևման երկարաձգման գրավականը դառնա: Այլապես առանց հզոր Հայաստանի, Սփյուռքը դատապարտված է կատարյալ անկման:
Լուսինե Աբրահամյան