«Եթե օվկիանոսը մի օր հատեմ, առաջին կանգառս Հայաստանը կլինի». Լուկաս Բալյան

«Հայերն այսօրի» զրուցակիցը Կորդոբայի քաղաքային խորհրդի անդամ Լուկաս Բալյանն է: Արգենտինաբնակ մեր հայրենակիցը վերջերս է ընտրվել այդ պաշտոնում և «Հայերն այսօրի» թղթակցի հետ խոսել է ոչ միայն քաղաքական գործունեության, այլև իր արմատների, ընտանիքի ու հայկական համայնքին օգտակար լինելու պատրաստակամության մասին:

-Պարո՛ն Բալյան, ընտրվելով Կորդոբայի քաղաքային խորհրդի անդամ, ի՞նչ գործունեություն եք ծավալելու խորհրդի կազմում:

-Քաղաքային խորհրդի 30 խորհրդատուների կազմում եմ, որոնք ներկայացնում են  Արգենտինայի մեծությամբ երկրորդ՝ Կորդոբա քաղաքի 1.5 միլիոն բնակչութանը: Կյանքիս 10 տարին Արմատական քաղաքացիական կուսակցությունում եմ անցկացրել և ռադիկալ քաղաքականության մեջ եղել:

Հայրս՝ Ալեխանդրո Բալյանը, 1983 թվականից կուսակցությունում է եղել: Ես էլ որոշեցի հայրիկիս ճանապարհը շարունակել: Քաղաքականությանը փիլիսոփայորեն եմ մոտենում: Փորձում եմ աշխատանքովս օգտակար լինել աղքատներին և աշխարհը փոխել իմ տեսանկյունից: Սկսեցի իմ թաղամասից, որտեղ հայեր էին ապրում: Լինելով քաղաքային խորհրդի անդամ՝ տարբեր ծրագրերի իրականացման եմ մասնակցել: Դրանք բազմաճյուղ են՝ մշակութային, դպրոցների և գրադարանների բարելավմանն ուղղված և այլն:

Պետք է խոստովանեմ, որ Արգենտինայում աղքատությունն դեռ չի նվազել: Այդ ուղղությամբ երեխաների համար «Մշակութային այգի» ծրագիրն ենք իրականացնում: Այն սոցիալական տարբեր խավերի երեխաների համար է, որպեսզի մտերմանան միմյանց հետ: Ծրագրի ողջ ծախսերը հոգում է պետությունը: Ծրագրին հատկացված վայրում լինելու են համակարգչային սենյակներ, խաղահրապարակներ, գրադարաններ, սրճարաններ և կինոթատրոններ: Նրանց են դասավանդելու անվանի պրոֆեսորներ: Մշակութային այգի կարող են հաճախել 7-ից մինչև 17 տարեկան անձիք: Փորձելու ենք գտնել ամենախելացի երեխային:

111

-Քաղաքային խորհրդում Դուք միա՞կ հայն եք:

– Ներկայումս միակ հայը ես եմ, իսկ վերջին  35 տարվա մեջ՝ 3-րդը:

Առաջինը՝ հայրս է եղել, երկրորդը`Ռաֆայել Սիմոնյանը: Երբ հայրս քաղաքային խորհրդում որպես խորհրդատու ընտրվեց, Հայոց ցեղասպանության քարոզչության ուղղությամբ սկսեց ակտիվ քայլեր ձեռնարկել: Նրա ջանքերով ամեն տարի ապրիլի 24-ը քաղաքային խորհուրդը հռչակել է «Հայերի տխրության օր»: Իսկ անցյալ տարի հայոց անմեղ նահատակների հիշատակի համար հայկական դրոշը բարձրացրին, միաժամանակ՝ տարբեր արարողությունների մասնակիցը դարձան: Ամբողջ Կորդոբան ոտքի էր կանգնել, որպեսզի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպվեր:

Նաև հասել ենք այն արդյունքին, որ դպրոցական բոլոր դասագրքերում պետականորեն հաստատված Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ կան ընդգրկված:

 Բոլոր կարևոր հանդիսությունների ժամանակ մենք չենք թաքցնում, որ հայ ենք: Եվ եթե կա մեկը, որ Հայոց ցեղասպանության մասին չգիտի, նրան պատմում ենք այդ մեծ արհավիրքի մասին:

 -Հայերի իրավունքները Արգենտինայում որքանո՞վ են պաշտպանված, և ի՞նչ դիրք են զբաղեցնում նրանք:

-Կարող եմ ասել, որ պաշտպանված են հարյուր տոկոսով: Եթե օտարության մեջ կարողանում ես ազատորեն քո ազգի և իրավունքների մասին խոսել, առանց քաղաքական հետապնդումների Հայոց ցեղասպանության արդարացի լուծումը պահանջել, ապա այստեղ ամեն ինչ ասված է:

Եթե համեմատելու լինենք մյուս ազգերի հետ, ապա հայերն Արգենտինայում յուրահատուկ առավելություն ունեն: Օրինակ՝ այստեղ ապրող ֆրանսիացիները կամ իտալացիները չեն խոսում իրենց ազգային պատկանելիության մասին, իսկ մենք ամեն առիթի դեպքում հպարտությամբ ենք բարձրաձայնում, որ հայ ենք: Աշխատում ենք առաջ տանել մեր ազգային շահերը և ամրապնդել մեր դիրքերը:

Առհասարակ, հայերի դերակատարությունը Արգենտինայի պատմության մեջ դարերի խորքից է գալիս: Օրինակ՝ Արգենտինայի ամենահին Կորդոբայի համալսարանը 200 տարվա գործունեության ընթացքում 3 հայ դեկան է ունեցել: ճանաչված հայերի թիվը շատ է Արգենտինայում, որոնք մեծ ներդրում ունեն պետության կայացման և զարգացման գործում:

-Որտեղի՞ց են գալիս Ձեր արմատները:

Արմատներս Արևմտյան Հայաստանից են՝ Թոմարզա և Չոմախլու գյուղերից:

Ես նույնպես Հայոց ցեղասպանության ականատեսների շառավիղներից եմ: Հայրական պապս՝ Պողոս-Թորոս Բալյանը, 1915 թվականին երկու այլ երիտասարդների հետ  փախել է որբանոցից և թաքնվել մի թուրքի գոմում: Սովից փրկվելու համար օրեր շարունակ կթել են կովին և խմել կաթը: Այնուհետև նրանք փախուստի են դիմել, իսկ պապիկս 14 տարեկանում եկել է Կորդոբա՝ ազգականների մոտ:

Իսկ հայրական տատիկիս՝ Վարդանուշի աչքը թուրք ասկյարները գդալով հանել են: Նա այդ ժամանակ 11 տարեկան էր: Տատիկիս քրոջ վիզը դանակով կտրել են, սակայն կենդանի է մնացել: Նա մահացավ Կորդոբայում՝102 տարեկանում:

 Ես ծնվել եմ Կորդոբայում: 2000 թվականին ստացել եմ Կորդոբայի կաթոլիկ համալսարանի քաղաքական գիտությունների լիցենզավորում: Մագիստրոսի կոչում եմ ստացել Պետական կառավարման ազգային համալսարանում, Քաղաքականության դասավանդման ազգային համալսարանում, Կառավարման ազգային դպրոցում, ինչպես նաև Տրեխո և Սանաբրիա համալսարանական քոլեջի լրագրողական դպրոցում: Քաղաքական լրագրողի դիպլոմ ունեմ:

Ներկայումս սովորում եմ Վիյա Մարիայի անվան ազգային համալսարանի անվտանգության քաղականության բաժնի մագիստրատուրայում:
2004-2006 թթ. եղել եմ նահանգային արմատական երիտասարդական կոմիտեի նախագահ, ինչպես նաև Վիյա Մարիայի անվան ազգային համալսարանի անվտանգության բաժնի դոցենտ:

 – Պարո՛ն Բալյան, Հայաստան այցելե՞լ եք:

-Դեռ չեմ եղել Հայաստանում: Աշխատանքի բերումով ամենամեծ ճամփորդությունս Բրազիլիան է եղել: Եթե օվկիանոսը մի օր հատեմ, ուղղությունս անվարան դեպի Հայաստան կվերցնեմ:

Անկախ հեռավորությունից՝ ինձ միշտ մոտ եմ զգում Հայաստանին. հետևում եմ, թե հայաստանյան հասարակական, քաղաքական, տնտեսական և սոցիալական դաշտում ինչ իրադարձություններ են տեղի ունենում:Կարծում եմ՝ Հայաստանը պայքարի և կռվի միջոցով կարողացել է գոյատևել միմիայն չհուսահատվելու և չնահանջելու անսահման կամքի շնորհիվ:

Հոգիս հպարտությամբ է լցվում, ցնծում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է հայ ժողովուրդն այսքան դժվարություններից հետո կարողանում ապրելու համար ուժ գտնել:

Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ամուսնացել եմ այլազգի կնոջ հետ, ում անունը Սոլերա է: Երկու աղջիկ ունենք: Մեծ աղջկաս անունը Ժոզեֆինա է, իսկ փոքրինը՝ Մալենա: Աղջիկներիս միշտ պատմում եմ իրենց ծագման մասին, ներկայացնում հայ ժողովրդի պատմության ողբերգական և հաղթական էջերը: Մեր ընտանիքում միշտ հայկական շունչն է թևածում: Ամեն օր ընտանիքով մի քանի անգամ հայերեն աղոթում ենք:

Կինս հայ չլինելով հանդերձ՝ հայկական ավանդական կերակուրները մայրիկիցս լավ է պատրաստում (ծիծաղում է-հեղ.), իսկ ես հումուս եմ պատրաստում: Ասեմ, որ արդյունքը վատ չի ստացվում:

Կորդոբայի քաղաքային խորհրդի անդամ լինելուց բացի, 2014 թվականից հանդիսանում եք նաև Կորդոբայի հայ համայնքի տնօրենների խորհրդի անդամ: Այստեղ ի՞նչ աշխատանքներ եք կատարում:

 -Տնօրենների խորհրդի ձևավորումը արգենտինահայերի համար կարևոր նշանակություն ունի: Խորհրդի տնօրենների կազմում գործունեությանս նպատակը հնարավորություններս, մարդկային ծանոթությունների շրջանակն ի նպաստ հայ համայնքի օգտագործելն է: Փորձում եմ խորհրդի անդամների հետ լուծել արգենտինահայերի խնդիրները: Միշտ պատրաստ եմ ինձ դիմող հայրենակիցներիս օգնության հասնել: Բոլորս մեր հերթին փորձում ենք աջակցել և ներդրում ունենալ համայնքային կյանքի զարգացմանը: Այդ ուղղությամբ տարբեր ծրագրեր ենք իրականացնում:

-Անշուշտ, կարելի է ասել՝ հայապահպան, ազգանվեր ծրագրեր եք իրականացնում: Ի՞նչ նոր նախաձեռնությունների  սպասենք, հետագա  անելիքները որո՞նք են:

-Հիմա երազանք ունեմ Կորդոբայում այգի կառուցել, որտեղ մարդիկ այցելելով՝ իրենց հայկական միջավայրում կզգան: Այս գաղափարի իրագործումն այժմ իմ ամենագլխավոր ծրագրերից է: Նախապատրաստական աշխատանքներն  ընթացքի մեջ են: Այգու կառուցումն իր նախապատմությունն ունի:

Մի օր մի հայ կին մոտեցավ ինձ և խնդրեց, որ հնարավորություններս և զբաղեցրած դիրքս օգտագործելով մի այնպիսի վայր կառուցել, որտեղ այցելուները հայկական արժեքներին հաղորդակից կդառնան և Հայաստանին առավել մոտ կզգան: Առաջարկը միանգամից դիպչեց սրտիս: Հասկացա, որ այն օտարության մեջ գտնվող հայերի, հատկապես երիտասարդների համար հայապահպանության մեծ ազդակ կարող է հաղորդել:

 Նախագիծն արդեն պատրաստ է: Այն կոչվելու է «Հայկական այգի», որը 700 ք/մ տարածք է զբաղեցնելու: Այգում կկանգնեցվեն Հայոց ցեղասպանության անմեղ նահատակներին և Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշակոթողներ, իսկ հանդիսությունների համար բեմահարթակ կտեղադրվի: Մի խոսքով՝ հայկական շունչն է թևածելու այնտեղ: Նախագիծն իրականացնելուն ֆինանսավորում կտրամադրեն համայնքը և Կորդոբայի քաղաքային իշխանությունները: Հուսանք՝ մինչև տարեվերջ կազդարարենք «Հայկական այգու» բացման լուրը:

L,B,

 -Պարո´ն Բալյան, շնորհակալություն ենք հայտնում հարցազրույցի համար: Թո՛ղ հաջողությամբ պսակվեն բոլոր նախագծերը, և նորանոր ձեռքբերումներ ունենաք՝ ի նպաստ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման: Սպասում ենք Ձեզ Հայաստանում:

-Ես նույնպես շնորհակալ եմ այս «հանդիպման» համար: Ձեզ հետ անցկացրած ժամանակն անչափ թանկ էր և հիշարժան ինձ համար:

Երախտապարտ եմ ՀՀ սփյուռքի նախարարությանը, որ գտավ ինձ և մտերմության քայլեր արեց: Գնահատում եմ Ձեր կողմից ցուցաբերած այս քայլը և հուզմունքով լցվում: Անկեղծ ասած՝ չգիտեի ՀՀ սփյուռքի նախարարության գոյության մասին: «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի նախաձեռնությամբ մենք ճանաչեցինք իրար: Արդեն այն համոզմունք ունեմ, որ աշխարհասփյուռ ցանկացած հայի համար պետական այս կառույցը կարևոր նշանակություն ունի: Թ՛ող Սփյուռքի նախարարությունը միշտ հիշի մեզ:

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

Իսպաներենից-հայերեն թարգմանությունը՝ Գագիկ Գասպարյանի 

 

Scroll Up