Գևորգ Չաքմանյան.«Խորհուրդ կտամ՝գոնե մեկ անգամ գիշերել սահմանամերձ գյուղերում»

«Հայերն այսօր»-ը զրուցել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գործող «Կանթեղ» և «Տարոն» աշուղական երգչախմբերի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական երգիչ Գևորգ Չաքմանյանի հետ:

Երգիչն այս անգամ հատուկ առաքելությամբ էր ժամանել Հայաստան: Տասն օր շարունակ բարեգործական համերգային շրջագայությունների էր մեկնել Տավուշի մարզի սահամանամերձ շրջաններ՝ իր երգերով բնակիչներին, դիրքերում կենաց-մահու պայքար մղող զինվորներին ոգևորելու, գորշ առօրյան ցրելու և նրանց ասելու, որ միայնակ  չեն…

-Պարո՛ն Չաքմանյան, սահմանամերձ մի շարք շրջաններում համերգներ եք ունեցել: Ո՞րն էր բուն շարժառիթը:

-Տեղեկանալով, որ օգոստոս ամսին հայ-ադրբեջանական սահմանում իրադրությունը կրկին լարվել է, միտք առաջացավ սահմանամերձ գոտիներում ապրող հայրենակիցներիս  համար բարեգործական համերգներ կազմակերպել: Այս քայլով որոշեցի փոքրիկ ներդրում ունենալ բնակիչների հոգսերը թոթափելու և օրն ուրախությամբ լցնելու գործում: Բնականաբար, ուշադրության կենտրոնում պահեցի նաև մեր քաջ զինվորներին. նրանց հոգիներին հայրենասիրություն, ուժ, կորով հաղորդելու համար անհրաժեշտ է հայկական երգերին հաղորդակից դարձնել, որի շնորհիվ առավել հպարտությամբ և հույսով կլցվեն:

Իմ հիմնած «Կանթեղ» աշուղական երգչախմբի երգիչներից Էդիկ Օհանյանի հետ միասին եկանք Հայաստան՝ որոշումն իրականություն դարձնելու նպատակով:

Մինչ մեկնելը սահմանամերձ գյուղեր՝ նախ հանդիպեցինք ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Նա, իմանալով նախաձեռնությանս մասին, շատ ուրախացավ և խրախուսեց ինձ: Կատարածս աշխատանքը միշտ բարձր է գնահատվել նախարարի կողմից, ինչի համար անչափ շնորհակալ եմ: Անխոս, տիկին Հակոբյանը հայկական մշակույթը պահպանելու և տարածելու ջատագովներից է:

 -Իսկ որտեղի՞ց  սկսեցիք համերգային շրջագայությունը:

-Համերգները մեկնարկեցինք Տավուշի մարզի Իջևան քաղաքից: Իջևանի Մշակույթի պալատում համերգն ավարտելուց հետո բարձրացանք զորամասերից մեկը, որտեղ 150 զինվորների համար երգեցինք: Իսկ վերջում, երբ «Հայոց աղունակ» և «Ա՜խ իմ հայրենիքի ջուրը» երգերը կատարեցի, զորամասի նվագախումբը նվագակցեց ինձ, որից շատ ազդվեցի և հուզվեցի: Աշխարհի տարբեր երկրների նվագախմբերի հետ եմ երգել, սակայն այս մեկից ստացած տպավորություններն ամեն ինչից վեր էր  ինձ համար:

Երկրորդ օրն ուղևորվեցինք Մովսես գյուղ, որը Հայաստանի դարպասն ու բանալին է համարվում: Այստեղ երկրորդ անգամ էի համերգ ունենում: Ի դեպ, երբ Հայաստան եմ գալիս, պարտադիր այցելում եմ սահմանամերձ  շրջաններ:

Մովսես գյուղի համերգին 400 հոգի էր ներկա: Նայելով նրանց՝ մտածում էի, որ բացառիկ ժողովուրդ են. նույնիսկ այդ ծանր պայմաններում փորձում էին ծիծաղել և ուրախանալ:

Համերգի օրը զուգադիպեց գյուղում աշակերտերի կողմից տոնախմբվող «Ոսկե աշուն» երգի, պարի և ասմունքի միջոցառմանը, որից ժողովրդի խանդավառությունն ավելի կրկնապատկվեց. մինչև ուշ երեկո տոնական տրամադրությունը թևածում էր Մովսեսում:

Այստեղ մեզ ուղեկցեցին նաև սահմանային դիրքեր՝ հանդիպելու զինվորներին: Ճանապարհը դժվարին էր. ընդամենը մեկ ավտոմեքենայի առաջ գնալու տեղ կար, իսկ դիմացը՝միայն ձոր էր: Անտեսելով այդ պայամանները՝ 4 կմ հատեցինք: Դիրքերում մեզ հաճելի անակնկալ էր սպասվում. զինվորներից մեկի՝ Արշակի, ծննդյան 20-ամյակն էր: Իմանալով այդ մասին՝ որոշեցինք  միահամուռ ուժերով  հոբելյարի օրը տոնի վերածել: Զինվորներն ամեն բան արեցին, որ իրենց ընկերը լիաթոք ուրախանա: Սասնա, Մշո երգ-պարերի ուղեկցությամբ Արշակին մի լավ պարեցրինք՝ մոռանալով, որ մի քանի կիլոմետր այն կողմ թշնամու խրամատներն են:

Վերջում Արշակն, ուրախությունից փայլող աչքերով, ասաց, որ ամբողջ կյանքի ընթացքում իր 20-ամյակը հիշողությունից չի ջնջվելու:

 Այդ օրերի ընթացքում այլ  խոչընդոտների  հանդիպեցի՞ք:

-Այն, ինչ տեղի ունեցավ, ոչ թե խոչընդոտ, այլև փորձանքից փրկվել կարելի է համարել:

 Ըստ ծրագրի՝ վերջին համերգը Բաղանիսում էր, որը հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ: Երբ Բաղանիսում համերգային շրջագայությունը բարեհաջող ավարտեցինք և հասանք Երևան, իմացանք, որ մեզանից անմիջապես հետո գյուղը կրկին գնդակոծվել է…

Առհասարակ, պետք է տեսնել, թե ինչ պայմաններում են ապրում այնտեղի մարդիկ.մութն ընկնելուն պես, անվտանգության առումներից ելնելով, բնակարանների և փողոցների էլեկտրոէներգիան անջատում են, երթևեկությունը դադարում է, որպեսզի թշնամին լույսի ուղղությամբ չկրակի: Իսկ գյուղի բնակիչները, զինվորների հետ հերթափոխով հերթապահում են,բնավ, միայնակ չեն թողնում:

Հիացած եմ աշակերտների հոգատարությամբ և արիությամբ: Երբ ուսուցիչները դրսում են գտնվում և կրակոցներ են հնչում, երեխաները տագնապած վազում են նրանց մոտ՝ խնդրելով ներս մտնել:

 Մի խոսքով, բառերով չեմ կարող նկարագրել այն ապրումներն ու հպարտությունը, որոնցով այդ օրերին լցված էր հոգիս: Ականատեսը լինելով հերոս-զինվորների անկոտրում ոգուն և հայերնասիրությունը՝ ուզում էի բոլորին եղբայրաբար փարվել և խոնարհվել նրանց առջև: Հրաժեշտ տալիս՝ բոլորի աչքերում հանգստություն  զգացի, հոգեպես խաղաղվել և ավելի ինքնավստահ էին դարձել:

-Պարո՛ն  Չաքմանյան, Ձեր  նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի՞:  

-Արդեն ծրագրել եմ գարնանը կրկին համերգներ կազմակերպել սահմանամերձ այն շրջաններում, որտեղ չհասցրեցի լինել: Իմ երգերով կներկայանամ Չինարիկ, Այգեպար և մյուս գյուղերի բնակիչներին:

 Կոչս է արվեստագետ ընկերներիս, երգիչ-երգչուհիներին, առհասարակ բոլոր սրտացավ մարդկանց հնարավորության սահմաններում աջակցել սահամանամերձ գյուղերի բնակիչներին, պետք չէ կենտրոնանալ միայն Երևանի շուրջ, որտեղ ամեն քայլափոխի մշակութային տարբեր միջոցառումներ են տեղի ունենում: Բոլորիս գերխնդիրն է նրանց ամեն կերպ աջակցել ու հույսով ներշնչել, որպեսզի լքված չզգան: Խորհուրդ կտամ գոնե մեկ անգամ գիշերել սահմանամերձ գյուղերում և սեփական մաշկի վրա զգալ այն տագնապը, որին ամեն վայրկյան բախվում են բնակիչները:

Վերջում տեղեկացնեմ, որ այս բարեգործական համերգային շրջագայությունն իրականացրել եմ 1993 թվականին Ղափանի սահմանամերձ Տրիդցատկա գյուղում պատերազմի ժամանակ զոհված 19-ամյա եղբորս՝ Մանվել Չաքմանյանի և մյուս հերոս քաջորդիների հիշատակին, ովքեր մինչև արյան վերջին կաթիլը համառ պայքար մղեցին թշնամու դեմ: Այս ամենից հետո խղճիս առջև ինձ հանգիստ եմ զգում:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

 

 

Scroll Up