ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց ՌԴ Մոսկվայի, Կալուգայի և Տուլայի հայ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 15-17-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Աշխատանք համայնքների հետ» ծրագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Մոսկվա, Կալուգա և Տուլա քաղաքներում  մասնակցել է համայնքների հետ հանդիպումներին:

Հանդիպումները կազմակերպել էին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպությունների աջակցությամբ:

Նոյեմբերի 15-ին` օրվա առաջին կեսին, նախարարն այցելել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն, հանդիպում ունեցել արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Օլեգ Եսայանի, ապա դեսպանության աշխատակիցների հետ եւ պատասխանել դիվանագետների բարձրացրած հարցերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման միտումները, հիմնախնդիրները և հետագա համագործակցության հեռանկարները: Մասնավորապես քննարկվել են ՀՀ դեսպանության հետ սփյուռքի ոլորտում համագործակցության հնարավոր ձևաչափերը՝ ՀՀ նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 22-ի ՆՀ-277-Ն հրամանագրի պահանջներին համապատասխան:

Երեկոյան Մոսկվայի հայկական վանական համալիրի Սուրբ Պայծառակերպություն նորաբաց եկեղեցու հանդիսությունների սրահում  տեղի է ունեցել հանդիպում-երեկո նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյա գործունեությանը: Երեկոյին իր օրհնությունն է բերել Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Հանդիպման ժամանակ բացման խոսքով հանդես է եկել և  ՀՀ սփյուռքի նախարարության հնգամյա գործունեության գնահատանքի խոսք է ասել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ապա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  համայնքի ղեկավարներին և ավելի քան 600 ներկայացուցիչներին  ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության հնգամյա գործունեության արդյունքները, իրականացրած ծրագրերն ու առաջիկա անելիքները: Այնուհետև տեղի է ունեցել երկուստեք հետաքրքրող հարցերի քննարկում: Ելույթ են ունեցել նաև Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայի հայ համայնքի մի շարք հեղինակավոր ներկայացուցիչներ:

Հանդիպումից հետո Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանից ժամանած արվեստագետների խումբը ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանի գլխավորությամբ ներկայացրել է Կոմիտաս Վարդապետին նվիրված «Կոմիտաս՝ հավերժի ճամփորդ» համերգային-թատերականացված ծրագիրը, որը ներկաների կողմից ընդունվել է մեծ ոգևորությամբ:

Նոյեմբերի 16-ին նախարարը մեկնել է Կալուգա, որտեղ հանդիպել է տեղի հայ համայնքի ղեկավարների հետ, քննարկվել են համայնքային խնդիրներ, մասնավորապես համայնքում եկեղեցի ունենալու և դպրոցը վերաբացելու խնդիրները:

Երեկոյան նախարարը  հանդիպում  է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր շուրջ 300 մարդ, նախարարը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյա գործունեությունը: Համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են մի շարք համայնքային խնդիրներ և ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին մասնակցելու վերաբերյալ  հարցեր:

Նոյեմբերի 17-ին նախարար Հակոբյանը մեկնել է Տուլա: Այստեղ ևս նախարարը հանդիպել է համայնքի ղեկավարների, ապա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Տուլայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նույնպես Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է նախարարության 5 տարիների գործունեությունը: Հանդիպմանը մասնկացում էին համայնքի բոլոր նշանավոր անհատները, մտավորականները և համայնքի ղեկավարները:

Նախարարը հանդիպել է տեղի հայկական դպրոցի ուսուցիչների և աշակերտների հետ և նրաց խնդիրները քննարկելուց  հետո փոխանցել գրականություն:

Կալուգա և Տուլա քաղաքներում ևս հանդիպումների պաշտոնական մասից հետո ներկայացվել է «Կոմիտաս՝ հավերժի ճամփորդ» համերգային-թատերականացված ծրագիրը:

Յուրօրինակ հաշվետու համերգով հանդես են եկել Տուլայում գործող մշակութային խմբերը: Այս մասին «Հայերն այսօրին» հաղորդում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Scroll Up