ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Համազգային հայ կրթական և մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովին, ստորագրեց համագործակցության հուշագիր

Մայիսի 29-ին տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովը, որին մասնակցում էին աշխարհի 15 երկրներից ժամանած 80 պատվիրակ:  Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնի արվեստագետներ, մտավորականներ:

Բացման խոսքով հանդես եկավ  «Համազգային» հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը: Ցուցադրվեց Համազգայինի հիմնադրման 80-ամյակին նվիրված տեսաֆիլմ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Համազգային հայ կրթական և մշակութային միության պատգամավորական ժողովը 2-րդ անգամ հայրենիքում անցկացնելու  գաղափարն ինքնանպատակ չէ. Համազգայինը, հաստատվելով Հայրենիքում, իր ներկայությամբ նոր մշակույթ ձևավորեց Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացման գործում` նոր որակներ ու երանգներ բերելով ազգային մշակութային քաղաքականության մեջ: Համազգայինը միշտ էլ հզոր զենք է եղել Սփյուռքում հայ ինքնությունը պահպանելու, հայ մշակույթը տարածելու և քարոզելու գործում»: Նախարարն իր ելույթն ավարտեց Ներսես Շնորհալու խոսքերով. « Միասնություն՝ գլխավորում, ազատություն՝ երկրորդականում, սեր՝ ամեն ինչում»:

Հ. Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության հուշամեդալով պարգևատրեց Համազգային հայ կրթական և մշակութային միությանը:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և միության կենտրոնական վարչության ատենապետ Վաչե Փափազյանը ստորագրեցին Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում գիտական, կրթական, հրատարակչական և մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված  Համագործակցության հուշագիր:

unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8) unnamed (9) unnamed (10) unnamed (11) unnamed (12) unnamed (13) unnamed (14)

 

Scroll Up