«Արցախը միշտ իմ մտքում է».Ադամ Բարրո
Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) միացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում անում Ղարաբաղի համար» շարժմանը: «Հայերն այսօր»-ի հետ զրույցում երգիչն ասաց, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում իրազեկվելով շարժման մասին՝ միանգամայն որոշել է մասը կազմելու համահայկական նախաձեռնությանն այն համոզմամբ, որ Հայաստանին և Արցախին սատարելը պետք է բոլորիս ամենօրյա մտահոգությունը լինի:
-Ադա՛մ, ինչպես հաճախ նշում եք, Հայաստան գալու պատեհ առիթը երբեք բաց չեք թողնում: Այս անգամ ի՞նչ նպատակով եք եկել:
–Ուրախ եմ, որ կրկին վերադարձել եմ Հայաստան և հնարավորություն ունեմ շփվելու հայրենակիցներիս հետ, զբոսնելու երևանյան փողոցներով:
Այս անգամ կնոջս ու աղջիկներիս հետ եմ եկել:Մեզ համար սուրբ պարտականություն է դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի աղետալի երկրաշարժի օրը, Գյումրի այցելել՝ գլուխ խոնարհելու ծնողներիս շիրիմին:
Երբ Հայաստան եմ գալիս, անպայման հանդիպում եմ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Ինձ համար շատ կարևոր է նախարարին հանդիպելը և իբրև արտերկրում ապրող օպերային հայ երգիչ՝ նրան պատմել կատարած աշխատանքներիս ու ձեռքբերումներիս մասին:
Հրանուշ Հակոբյանին ներկայացրեցի ապրիլից հետո, երբ նա ինձ «Կոմիտաս» մեդալով պարգևատրեց, ծավալած գործունեության արդյունքները: Այդ պարգևատրումով, կարծես, Աստծո կողմից առավել օրհնվեցի, քանի որ իմ առջև շատ դռներ բացվեցին: Նախարարն ինձ տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում անում Ղարաբաղի համար» համահայկական շարժման մասին, որը գրավեց ուշադրությունս:
Հասկանալով շարժման խորագրի բուն էությունը՝ կարող եմ ասել, որ այն համախմբվածության կոչ է, այլ ոչ թե՝ պահանջ կամ հրաման: Պետք է եղբայրական սիրով ընկալենք այս գաղափարը, ամբողջ հայությամբ հարց տանք ինքներս մեզ, թե ինչ ենք արել Ղարաբաղի համար և ձեռք ձեռքի տված՝ քայլեր ձեռնարկենք՝ ի սատարումն Ղարաբաղի:
-Կարո՞ղ ենք ասել, որ Դուք նույնպես միանում եք համահայկական շարժմանը:
-Անվարան միանում եմ: Շատ կարևոր նախագիծ է նախաձեռնել ՀՀ սփյուռքի նախարարությունը, որի միջոցով մեկ անգամ ևս բոլորի ուշադրությունը Արցախի շուրջ կհրավիրվի: Այն նաև հայ ժողովրդի համախմբվածությունն է ցույց տալիս:
Առհասարակ, զօրուգիշեր մտածում եմ Արցախին օգտակար լինելու մասին. Արցախը միշտ իմ մտքում է: Արվեստագետն, իբրև «զենք», կարող է իր ձայն ու բեմն օգտագործել, հնարավորինս շատ համերգներ ունենալ՝ ներկայացնելով Հայաստանն ու Արցախը: Ես պատրաստ եմ այդ «զենքն» օգտագործել:
Այդ միջոցով այլազգի շատ արվեստագետներ կհետաքրքրվեն Հայաստանով և Արցախով և, գուցե, փորձեն աջակցել մեզ: Քիչ չեն դեպքերը, երբ արտասահմանցի շատ անվանի երգիչ-երգչուհիներ չնայած հայտնվել են Բաքվի «սև ցուցակում», բայց շարունակում են իրենց գործունեությամբ Արցախի կողքին լինել:
Մտածել եմ Փարիզում մեծ համերգ կազմակերպել, որը նվիրված կլինի Արցախին: Ինչպես ամեն օր՝ մտածում ենք Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծման մասին, այնպես էլ Արցախին սատարելու մասին պետք է մտածենք:
Ամեն ինչ անելու եմ Հայաստան-Ֆրանսիա-Արցախ կամուրջը պահպանելու և ամրապնդելու ուղղությամբ: Նմանօրինակ նախաձեռնությունների մասնակցելով՝գլուխս հանգիստ խղճով եմ բարձին դնում:
Արցախին աջակցելու հարցում արդեն փոքրիկ ներդրում ունեցել եմ: Երբ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստան եկա, «Կնոջ կողքին» հասարակական կազմակերպության հիմնադիր Լիլիթ Ամիրշադյանն ինձ Արցախի երեխաներին հագուստ տրամադրելու խնդրանքով դիմեց: Վերադառնալով Ֆրանսիա՝ կնոջս հետ որոշեցինք համերգ կազմակերպել, որից գոյացած հասույթը նպատակին ծառայեցրինք:
-Ադա՛մ, ասացիք՝ վերջին ամիսներին բեղուն ստեղծագործական ընթացքի մեջ եք եղել, շատ դռներ են բացվել Ձեր առջև:Կմանրամասնե՞ք այդ ամենի մասին:
-Իսկապես, ապրիլ ամսից հետո հագեցած գրաֆիկ եմ ունեցել՝ համերգներ, հանդիպումներ, վարպետության դասեր և այլն: Իտալիայի Կիյետի քաղաքում կայացած վոկալիստների փառատոնում «Գրան-պրի» մրցանակն եմ ստացել: Հաջորդիվ այնտեղ մենահամերգ եմ ունենալու:
Հետո մեկնեցի Իսպանիա, որտեղ նույնպես վոկալիստների մրցույթում առաջին կարգի մրցանակին արժանացա: Ֆրանսիայի Մանդ քաղաքում անվանի վոկալիստներին վարպետության դասեր եմ տվել: Նրանք նաև Կոմիտասի ստեղծագործություններն էին կատարում այնպիսի հմտությամբ, որ կարծես՝ վաղուց էին լսել և հաղորդակցվել հայ անվանի երգահանի երգերին:
2017 թվականին Փարիզում առաջին անգամ «Կոմիտաս» փառատոնն եմ կազմակերպելու: Փառատոնին հնչելու են նաև ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններից:
Իմ վերջին ձայներիզում, «Ավե Մարիա»-ների տասնվեց կատարումների շարքում, ձայնագրեցի Մխիթար Սեբաստացու 17-րդ դարում գրված «Հիմն Աստվածամոր» ոչ այնքան ճանաչված ստեղծագործությունը: Ձայնասկավառակի նախաբանում տեղ է գտել նաև Ալեն Դյուոյի կարծիքն իմ մասին, որը մեծ պատիվ է ինձ համար:
Այս տարի Փարիզի Ռախմանինովի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր դարձա, որտեղ նաև դասավանդում եմ: Ֆրանսիացի երեխաների հոգում հայկական երգն եմ սերմանում: Ճիշտ է, նրանք ֆրանսերենով թարգմանված են երգում, բայց, այնուամենայնիվ, այդ միջոցով ծանոթանում են հայկական մշակույթին: Երեխաների մոտ միշտ խոսում եմ Հայաստանից և հայ ժողովրդից:
2017 թվականին Հայաստանում կրկին երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնին մասնակցելու հրավեր եմ ստացել:
-ՀՀ սփյուռքի նախարարության հետ 2017 թվականին համագործակցության ուղիներ նշմարվու՞մ են:
-Անկեղծ ասած՝ մեծ ցանկություն ունեմ Հայրենիքում հնարավորինս շուտ մենահամերգ ունենալ: Այդ մասին հանդիպման ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին տեղյակ պահեցի: Նա սիրով պատրաստակամություն հայտնեց ցանկությունս իրականություն դարձնելու համար օգնել ինձ:
Համերգը, հավանաբար, տեղի կունենա 2017 թվականին սեպտեմբեր ամսին՝ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի շրջանակներում: Համերգի ժամանակ նախատեսվում է նշել նաև իմ բեմական գործունեության 20 տարին:
Հրանուշ Հակոբյանի հետ նույնիսկ 2018 թվականի համատեղ համագործակցության ծրագիրը քննարկեցինք: Առաջ Աստված, որոշել ենք Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ՝ «30 տարի երկրաշարժից անց» խորագրով համերգը կազմակերպել: Մտածել ենք բեմում մեկտեղել երկրաշարժից հետո աշխարհասփյուռ դարձած գյումրեցի երիտասարդներին՝ տեսնելու համար, թե Սփյուռքում ինչ ձեռքբերումների են հասել ու ինչ գործունեություն են ծավալում: Համերգի կյանքի կոչումը կարևոր նախաձեռնություն կլինի:
Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի