«Որոշել եմ ամրապնդել Հայաստանի հետ կապերս». Մադլեն Մեծակոբյան
«Հայերն այսօր»-ի զրուցակիցը՝ խաղաղության, հակամարտությունների լուծման, սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման ոլորտում հորդանանահայ հետազոտող և վերլուծաբան Մադլեն Մեծակոբյանը, առաջին անգամ էր լինում Հայաստանում: Նա նշեց, որ շատ է սիրել Հայաստանը, մարդկանց, որոնց հետ շփվելիս՝ ջերմություն և անկեղծություն է զգացել: Նկատել է՝մեր երկիրը տարբեր ոլորտներում գրանցած ցուցանիշների բարձր մակարդակով չի զիջում եվրոպական երկրներին:
Տիկին Մադլենը զրույցի ընթացքում հավաստեց նաև, որ Հայաստան այսուհետ միայն շրջայցեր կատարելու համար չի գալու, այլև՝ աշխատանքում հասած հաջողությունների շնորհիվ նպաստելու Հայաստանի առաջընթացին և զարգացմանը:
-Տիկի՛ն Մադլեն, որպես սկիզբ՝ կպատմե՞ք Ձեր մասին:
-Ես Հայոց ցեղասպանությունը վերապրած Մանուել Ռոփեն Մեծակոբյանի դուստրն եմ: Ներկայումս կատարում եմ գիտական հետազոտություններ և աշխատում եմ Շվեդիայում՝ որպես հետբուհական կրթության գծով խորհրդատու, նաև գրող- վերլուծաբան եմ: Վերլուծում եմ տեղական, տարածաշրջանային, միջազգային, ինչպես նաև՝ խաղաղապահությանն ու անվտանգությանը, փախստականներին, ԵՄ-ին և Հայաստանին առնչվող հարցերը: Գիտական-վերլուծական մի շարք հոդվածների հեղինակ եմ:
Միաժամանակ աշխատում եմ նաև շվեդական ընկերություններում՝ որպես բիզնես-խորհրդատու:
Եղել եմ նաև «Էլ Արաբ Ալիաոում» պարբերականի գործադիր տնօրենն ու գլխավոր խմբագիրը, իսկ Շվեդիայում՝ Ուպսալայի համալսարանի Խաղաղության և հակամարտությունների հետազոտությունների բաժնի հետազոտողի օգնականը:
– Հայաստանում առաջին անգամ էիք: Ի՞նչն էր պատճառը, որ մինչև հիմա չէի՞ք այցելել:
-Ծնողներս 1980 և 1990-ական թվականներին են Հայաստան այցելել: Այդ ժամանակ հայրս ցանկանում էր Հայաստան վերադառնալ, սակայն նա մահացավ՝ չհասցնելով իրագործել իր փայփայած երազանքը:
Այնուհետև ես դիմեցի ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ առաջարկելով իմ մասնագիտական գիտելիքների հարուստ պաշարով խթանել Հորդանանի հայերի շահերի պաշտպանությունը և օգնել հարաբերություններ հաստատել Հորդանանի և Հայաստանի միջև, սակայն պատասխան չստացա:
Հիասթափվեցի, բայց չկոտրվեցի: Հայաստանցի երկու երեխաների խնամակալությունը ստանձնելով և տարբեր առիթներով Հայաստանի ազգային շահերի մասին խոսելով՝ փորձեցի կապ հաստատել Մայր հայրենիքի հետ:
Հեռվից հետևում էի Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրադարձությունների զարգացմանը: 2015 թվականին հոգումս կրկին արթնացավ Մայր հայրենիքին ծառայելու ցանկությունը:
-Այնուամենայնիվ, այդ տարիներին Հայրենիքի հետ կապը պահպանե՞լ եք:
-Հայրս Հորդանանում քաղաքապետ և Հայ կաթողիկե համայնքի ղեկավարն է եղել: Ութ տարի հաճախել եմ Հայ կաթողիկե դպրոց: Հայ կաթողիկե եկեղեցու երգչախմբի անդամ եմ և քսանհինգ տարի ապրել եմ Ամմանի հայաբնակ շրջանում, որտեղ հայկական դպրոցներ, եկեղեցիներ և ակումբներ կան: Այս ամենը ամուր հիմք են հանդիսացել՝ Հայաստանի հետ մշտական կապ պահպանելու համար:
Մայրս՝ Անժելա Մեծակոբյանը, Հայ օգնության միության (ՀՕՄ) հիմնադիր անդամներից մեկն է:
ՀՕՄ-ի աշխատանքներում միշտ ակտիվ եմ եղել: Քսանհինգ տարի ապրել ենք հայաբնակ շրջանում և մեր տան դռները միշտ բաց են եղել տարբեր հարցերով հորս դիմող հայերի առջև:
-Այս տարի առաջին անգամ Հայաստան այցելեցիք: Ոտք դնելով Մայրենի հողին՝ ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք:
– Հայաստան ժամանելուց առաջ շատ դրական տպավորություն ունեի, քանի որ քույրս՝ նկարչուհի Կլարա Մեծակոբյանը, արդեն հինգ անգամ այցելել էր Հայաստան և հրաշալի տպավորություններով կիսվել ինձ հետ: Ի դեպ, քույրս Հայաստանի քաղաքացի է: Ես շատ սիրեցի Հայաստանն այն պահից, երբ «Զվարթնոց» օդանավակայանում մեզ դիմավորեցին նրբագեղ հայուհիները և գեղեցկադեմ հայ տղաները, ովքեր հմտորեն օգնեցին մեզ՝ իրենց պարտականությունները կատարելիս:
Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ առաջին վայրը, ուր ցանկանում էինք այցելել, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն էր: Մենք խորապես հուզվեցինք՝ տեսնելով Ցեղասպանությունից փրկվածների «լուռ վկայությունը»: Այդ վերապրածներից են եղել իմ պապիկն ու տատիկը՝ Ռուբեն և Վիկտորյա Մեծակոբյանները, ովքեր կոտորածից հետո մեկ տղա ունեցան՝ հորս՝ Մանուելին:
Հայաստանի ոգին ու պատմությունը զգում էինք նաև Երևանի փողոցներում և ամեն մի անկյունում, որը մարդիկ մաքուր և գեղեցիկ են պահում:
Հայաստան կատարած մեր այցելությունն ավելի բովանդակալից դարձավ, երբ տարբեր տեսարժան վայրեր այցելեցինք՝ լինելով Սևանում, Դիլիջանում, Վերնիսաժում: Այս շրջայցերն ավելի ընդգծեցին մեր ազգային նկարագիրն ու հայի ոգին: Մեզ համար մի քանի հուշանվերներ, նկարներ և ձեռագործ աշխատանքներ գնեցինք, որոնցով շատ են հիանում Սփյուռքի և Հայաստանի հայերը:
Երևանի հասարակական շատ վայրեր հարմարեցված են հաշմանդամների համար, իսկ երեխաների ժամանցն ապահովելու նպատակով բազում խաղահրապարակներ են կառուցված, որոնց առկայությունը գովելի է:
Մի խոսքով, Հայաստան կատարած կարճ այցելությամբ՝ ավելի հպարտացանք հայ լինելու հանգամանքով: Որոշել ենք ամրապնդել մեր կապերը, պաշտպանել Հայաստանի շահերը տարբեր մակարդակներում և մեր ընտանիքի մյուս անդամների հետ մոտ ապագայում կրկին այցելել Հայրենիք:
Ես ճամփորդել եմ Շվեյցարիայի, Գերմանիայի, Անգլիայի, Հունաստանի, Իտալիայի և Շվեդիայի նման եվրոպական մեծ երկրներում, այնպես որ, իմ նպատակն ամենևին Հայաստանում շրջագայելը չէր: Իմ Հայրենիքը տեսնելն ու հայկական անձնագիր ձեռք բերելու հապճեպ որոշումն էր գալուս նպատակը: Ներքին ձայնն ինձ հուշում էր, որ ես, առանց հապաղելու, պետք է ամրապնդեմ իմ կապը Մայր հայրենիքի հետ:
-Ձեր կարծիքով այսօր ի՞նչ մակարդակի վրա են գտնվում հայ-հորդանանյան հարաբերությունները:
-Հորդանանի հայ համայնքի վերաբերյալ վերջին ուսումնասիրությունս ինձ հնարավորություն տվեց գնահատելու Հայաստանի և Հորդանանի միջև հարաբերությունները:
Հորդանանի հայերը պահպանում են իրենց հայկական ինքնությունը, Հորդանանի լավ և հավատարիմ քաղաքացիներ են: Հորդանանցիները դրական տպավորություն ունեն Հայաստանի և հայերի մասին: Սակայն հորդանանցիներն ավելի շատ են մտածում հայերի հիմնախնդիրների, հատկապես՝ Հայոց ցեղասպանության մասին, քան Հորդանանի կառավարությունը, որն իր ազգային շահերը վեր դասելով՝ միևնույն ժամանակ հիշում է, որ 20-րդ դարասկզբին հայերն ու հորդանանցիները դիմակայում էին Օսմանյան կայսրության բռնապետերին և նրանց վայրագություններին:
Կարևոր է վկայակոչել հորդանանցի մի գիտնականի խոսքը. «Հայերը Հորդանան եկան իրենց մեծ մշակույթով, հմտություններով և մասնագիտություններով, որոնք հարկավոր էին զարգացող պետության քաղաքական գործիչներին, իսկ հայերի քրիստոնյա լինելն օգնեց նրանց ծանոթանալ հորդանանյան մշակույթին և ինտեգրվել այդ հասարակությանը: Հայերը միշտ էլ ապացուցել են, որ Հորդանանի լավ քաղաքացիներն են: Չնայած երկրում և տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր զարգացումներին՝ նրանք ազգային հարցերը բարձրացնելու համար երբեք չեն օգտվել առիթից: Հայերը համակարգի և ժողովրդի հետ երբեք լարված հարաբերություններ չեն ունեցել. նրանք խաղաղասեր ժողովուրդ են»:
Հորդանանցի պատմաբան Ադնան Բախիտը հայերին բնութագրել է որպես արժանապատիվ, հպարտ, ինտելեկտուալ, ստեղծագործ, բարի և իրենց ազգին հավատարիմ ժողովուրդ: «Նրանց կոչումը կատարելությունն է»,-ասել է Բախիտը:
Հորդանանցի մեկ այլ հայտնի գիտնական և գրող էլ ասել է. «Հայկական ինքնությունը թարմացվում է և նորից է ի հայտ գալիս՝ իշխանության հավասարակշռության և աշխարհաքաղաքականության փոփոխությունների պատճառով»:
Այս մեջբերումները պարզապես նախաբան են Հայաստանի և Հորդանանի միջև առկա հարաբերություններին առնչվող հարցի պատասխանին, սակայն երկու պետությունների միջև համագործակցությունը դեռևս ամուր չէ, քանի որ հորդանանցիները և ինձ շրջապատող մարդիկ շատ քիչ տեղեկություններ ունեն Հայաստանի մասին: Հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանը բավարար չափով ներկայացված չէ Հորդանանում:
-Դուք այս տարվա մայիս ամսին մասնակցել եք Բեյրութի Հայկազյան համալսարանի կազմակերպած «Հորդանանի հայերը» գիտաժողովին: Ի՞նչ զեկույցով եք հանդես եկել:
-Գիտաժողովում ես ներկայացրեցի «Հայկական սփյուռքը Հորդանանում. ինտեգրման գործընթացի և Հայրենիքի հետ կապի պահպանման միջև» խորագրով զեկույցը:
Զեկույցում առաջարկում եմ, որ Հայաստանը Հորդանանի հայ համայնքի ներուժն օգտագործի Հորդանանի և Հայաստանի միջև հարաբերությունները խթանելու և Հորդանանում ազգային շահերն առաջ տանելու նպատակով:
Հաշվի առնելով, որ թեման արդիական է և վերաբերում է ոչ միայն Հորդանանին և Հայաստանին, այլև՝ աշխարհի այն երկրներին, որոնք դառնում են փախստականների համար հյուրընկալ պետություններ, այս գիտաժողովի արդյունքները կարող են ուսումնասիրության նյութ դառնալ՝ համապատասխան ոլորտում:
-Տիկի՛ն Մադլեն, Դուք հանդիպեցիք նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Հանդիպման ընթացքում օրակարգային ի՞նչ հարցեր քննարկեցիք, արդյոք ակնկալվու՞մ է հետագա համագործակցություն:
-Իսկապես, շատ ուրախ էի, որ հնարավորություն ունեցա քրոջս՝ Աննա Մեծակոբյանի հետ, հանդիպելու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ով կարևոր դեր է խաղում Հայաստանի ազգային շահերն առաջ տանելու և Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու կարևոր գործում: Քննարկման ընթացքում կիսվեցինք մեր գաղափարներով, հանդես եկանք երկուստեք առաջարկներով, որոնք մեզ ավելի ոգևորեցին՝ ամուր կամուրջ ստեղծելու Մայր Հայաստանի հետ: Սփյուռքի նախարարի և նախարարության աշխատակազմի հետ ունեցած ջերմ հանդիպումից հետո ես հույսով և լավատեսությամբ լցվեցի:
Ակնհայտ է, որ նախարարն ամեն ջանք գործադրում է՝ աշխարհասփյուռ հայերին քաջալերելու և Հայաստանի շուրջը համախմբելու համար:
Գևորգ Չիչյան