«Հայաստանն իմ և բոլոր հայերի տունն է». Լիլիթ Մարգարյան
Ապրիլի 7-ին կայանալու է «Լիլիթ» նորաձևության տան հիմնադիր-տնօրեն նկարիչ-մոդելավորող Լիլիթ Մարգարյանի հագուստների ցուցադրությունը: Այդ առիթով «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է նրա հետ:
-Լիլի′թ, ի՞նչը, ո՞վ ուղղորդեց Ձեզ` հմտանալու այդ մասնագիտությամբ, թե՞ կար ժառանգաբար փոխանցված շնորհ:
– Նկարել եմ 5 տարեկանից և հաճախել եմ Հրաչյա Գաբուզյանի նկարչական ստուդիա: Երազում էի դառնալ նկարչուհի. 10-րդ դասարանում տեղեկացա հագուստի մոդելավորում մասնագիտության մասին և որոշեցի գնալ այդ ուղղությամբ, սակայն Երևանում չկար այդպիսի մասնագիտացված բուհ, կրթօջախ: Հետաքրքրվեցինք և իմացանք, որ նման բուհ կար Մոսկվայում` Կոսիգինի անվան Տեքստիլ ակադեմիան: Դիմեցի այնտեղ. շատ դժվար էր, որովհետև մեկ տեղի համար 27 դիմում կար: Երախտապարտ եմ մասնագիտությամբ մանկավարժ մայրիկիս, ով ինձ համարձակություն, վստահություն ներշնչեց` ասելով, որ ես կարո′ղ եմ և անպայման կընդունվեմ: Անդրադառնամ Ձեր հարցի երկրորդ մասին` ժառանգաբար փոխանցված շնորհին և ասեմ, որ առկա է նաև այդ գործոնը: Իմ պապիկը` Գրիգոր Մարգարյանը (հայրիկիս հայրը), մեր Հանրապետության հրապարակի շենքերի զարդանախշերն է քանդակել, հորեղբայրս` Էդուարդ Մարգարյանը, ևս աշխատել է այդ զարդանախշերի վրա: Մայրիկիս մայրը Երևանում հանրաճանաչ, արվեստավարժ դերձակուհի է եղել. ասում են, որ նրա մոտ միշտ մեծ հերթ է գոյացել: Տատիկս շատ գեղեցիկ, ինքնատիպ, ճաշակով զգեստներ է կարել թե′ կանանց, թե′ տղամարդկանց համար: Այդ գենը ոչ միայն ինձ, այլև իմ 5-ամյա աղջկան է փոխանցվել. 3.5 տարեկանից նա շարունակ նկարում է:
– Կարո՞ղ եք հիշել առաջին նկարը կամ նկարները. ի՞նչ թեմայով էին դրանք:
– Առաջինը չեմ կարող մտաբերել, սակայն որոշ նկարներ հիշում եմ. դրանք ֆանտաստիկ բնույթ ունեին: Մայրիկս պահպանել է 5, 6, 7 տարեկանում իմ նկարած նկարները: Շատ եմ նկարել հայկական հարսանիքներ` օգտագործելով բազմազան գույներ, նկարել եմ այգիներ, սիրահարված զույգերի, ովքեր նստած են նստարանին, իսկ աղջկա ձեռքում ծաղիկներ են…
– Ե՞րբ է կայացել Ձեր առաջին ցուցահանդեսը:
– Ընդամենը 7 տարեկան էի, երբ Արվեստի աշխատողների տանը ուսուցչիս` Հրաչյա Գաբուզյանի շնորհիվ, բացվեց իմ առաջին անհատական մեծ ցուցահանդեսը: Հրավիրված էին շատ հայտնի նկարիչներ: Ցուցահանդեսը լուսաբանվեց Մոսկվայի 1-ին ալիքով. կարծեմ <<Բարեկամության թևերով>> ծրագիր էր, որտեղ ներկայացնում էին տարբեր հանրապետությունների շնորհալի երեխաների աշխատանքները: Ցուցահանդեսի ժամանակ ամբիոնից նկարիչներից մեկը զարմանքով և հիացմունքով խոսել էր իմ աշխատանքի մասին, ուր տան տանիքը և տղամարդու գլխարկի կարպետային զարդանախշերը ճիշտ իրար նման էին. նա ասել էր, որ այսպիսի մոտեցման համար ամենաքիչը պետք է ունենալ ակադեմիական կրթություն… Այս ամենը ես չեմ հիշում, մայրս է պատմում… Դա եղավ իմ առաջին ու վերջին ցուցահանդեսը. ուսուցիչս գտավ, որ դա է ճիշտը, որովհետև իր կարծիքով երեխան կարող էր մեծամտանալ ու այլևս առաջ չգնալ:
Ապրիլի 7-ին «Մերիդիան էքսպո» կենտրոնում կկայանա իմ հագուստների հավաքածուի ցուցադրությունը և կցուցադրվեն նաև աղջկաս նկարները: Ես էլ կփորձեմ առաջնորդվել իմ ուսուցչի պատգամներով, և աղջկաս այդ ցուցահանդեսը կլինի առաջինն ու վերջինը` մինչև ինքը կմեծանա, կաճի և արհեստավարժ կդառնա:
-Մոսկվայում ուսանելուց հետո վերադարձաք Երևան և անմիջապես անցաք աշխատանքի՞:
-Ո′չ: Մոտ 2 տարի չունեի աշխատանք: Կամաց-կամաց կյանքն իր հունի մեջ էր մտնում 1993-ից հետո. ես վերցրեցի մեծ թվով էսքիզներ և սկսեցի աշխատանք փնտրել: Ինձ ծանոթացրին ճանաչված երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ և հենց առաջին հանդիպման ժամանակ նա ինձ վստահեց ու «Հայեր» համույթի կատարողների համար հագուստներ պատվիրեց: Մոսկվայում պետք է համերգ տային «Սև ու սպիտակ» խորագրով, և հագուստները պետք է լինեին սև ու սպիտակ գույների համադրությամբ: Արեցի էսքիզները և տան պայմաններում դերձակուհիների հետ պատրաստեցինք այդ հագուստները: Դա իմ գործերի առաջին բեմելն էր, որը պսակվեց հաջողությամբ: Դրանից հետո ստեղծվեց առաջին հավաքածուն, տեսահոլովակ նկարահանվեց, դրան հաջորդեց 2-րդ անհատական հավաքածուն. դրանք, իհարկե, փոքրիկ հավաքածուներ էին: 1999-ին Դրամատիկական թատրոնում եղավ ավելի մեծ` մոտ 80` սպորտային, դասական, երեկոյան շքեղ զգեստների հագուստների ցուցադրություն:
– Լիլի′թ, կարո՞ղ եք առանձնացնել Ձեր մոդելավորած հագուստների ամենատպավորիչ, հիշարժան ցուցադրությունը:
– Ամենատպավորիչն, ինձ համար ամենակարևորը 2000թ. Երևանի կամերային երաժշտության տանը կայացած ցուցադրությունն էր, որը հեռարձակվեց արտերկրի Fashiontv ալիքով, ցուցադրության տակ գրված էր` Armenia, Lilit Margaryan. Դա ինձ համար մեծ հպարտություն էր, հաջողություն, որ գրվեց ու հնչեց իմ Հայրենիքի անունը, հպարտ էի նաև, որովհետև մենք բավարարել էինք այդ բարձրակարգ TV-ի պահանջները: Ես առաջին հայ մասնակիցն էի, ով ռուսական <<Силует>> երիտասարդական միջազգային մրցույթին ներկայացրեց Հայաստանը: Մինչև Մոսկվա մեկնելը` Թբիլիսիում ես անցել էի նախընտրական փուլը և շահել գլխավոր մրցանակը. 1.5 ամիս շարունակ ОРТ-ով օրը մի քանի անգամ գովազդ էր հեռարձակվում այն մասին, որտեղ նշվում էր, թե Մոսկվայում կայանալիք մրցույթին մասնակցելու են տարբեր հանրապետություններից նկարիչ-մոդելավորողներ, և անընդհատ հնչում էր Армения անվանումը… Մի անպատմելի զգացում էր դա ինձ համար: Այդ մրցույթի հաղորդման գլխագրի վրա իմ մոդելներն էին ցուցադրված: Հավաքածուս կոչվում էր «Նոր Հայաստան» , որի ցուցադրությունն ընթացավ Արա Գևորգյանի երաժշտության ուղեկցությամբ:
– Ե՞րբ և ո՞ւմ աջակցությամբ է բացվել <<Լիլիթ>> նորաձևության տունը:
– Մինչ այդ ես աշխատել եմ տարբեր ստուդիաների հետ: 2000 թվականին հիմնեցինք այս կենտրոնը` ամուսնուս աջակցությամբ: Աշխատում ենք այստեղ 3 հոգով, միշտ ունենք պատվերներ, հաճախորդներ:
– Ապրիլի 7-ի ցուցադրությունն ի՞նչ խորհուրդ ունի:
– Այն նվիրում եմ հայ կանանց միամսյակին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ասեմ, որ ցուցադրությանն աջակցում են ՀՀ Առաջին տիկինը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այս ցուցահանդեսը խոնարհման ու երախտիքի մի նվիրում է արժանապատիվ հայ կանանց, ովքեր պատմության քառուղիներում, վերապրելով Հայոց Ցեղասպանությունը, բարձր են պահել բարոյական արժեքները և դաստիարակել են հրաշալի սերունդներ: Ինձ ոգեշնչեցին 10 հայ նկարիչներ, որոնց գործերի միջոցով ես ներկայացնում եմ հայ կնոջ պատմությունը. ցուցադրությունը սկսվել է Հովնաթանյանի կտավների հայուհիների կերպարներով, Գևորգ Գրիգորյանի, Հակոբ Հակոբյանի, Վահրամ Գաֆեսճյանի, Սուրենյանցի, Արշիլ Գորկու, Ասլամազյանի, Մինաս Ավետիսյանի, Սարգիս Մուրադյանի կտավների հայ կանանց կերպարներով. անցել եմ նրանց ճանապարհներով` ինչպիսին էր հայ կինը Եղեռնից առաջ, Եղեռնից հետո, և ինչպիսին է խաղաղ օրերում.. Եզրափակել եմ Սարյանի նկարներով, նրա պայծառ գույներով: Բոլոր նկարիչների վրձնած բոլոր ժամանակների կանանց հագուստները, դրանց գույները շատ բան են պատմում հայուհու մասին: Աղջկաս` 5 տարեկան Աննա Նազարյանի ցուցահանդեսն էլ խոսում է այն մասին, որ հայ կինը շարունակվում է սերունդների մեջ, ովքեր մեր ապագան են, իսկ ապագային գույներն ավելի պայծառ պիտի լինեն: Ցուցահանդեսին ներկայացնելու եմ իմ աշակերտուհու` 14-ամյա Գրետա խաչատրյանի նկարները: Ես այդ երեխայի հետ կապված մեծ հույսեր ունեմ: Գրետան առողջական խնդիրներ ունի, ես նրան առաջարկել եմ իմ աջակցությունը մինչև կյանքի վերջ: Աղջիկը տաղանդավոր է, հրաշալի նկարում է, և ես որոշել եմ օգնել նրան` հետագայում բարձրագույն կրթություն ստանալու:
-Ի՞նչ բաղձալի երազանք ունեք` կապված Ձեր աշխատանքի հետ:
-Այսօրվանից սկսած` ճամփորդել իմ հավաքածուով, շրջել աշխարհով մեկ:
-Աշխատասենյակի պատին փակցված են բազմաթիվ պատվոգրեր. ո՞րն է դրանցից ամենաթանկը:
-Վյաչեսլավ Զայցևի կողմից ստացված պատվոգիրն է, որն ստացել եմ «Ազգային հագուստ-2000» էքսպո ցուցահանդեսին ներկայացրած իմ ցուցադրության համար:
-Ովքե՞ր են Ձեր հաճախորդները:
– Հայտնիներ և սովորական քաղաքացիներ, անհատներ և պարային, երգի խմբեր, << Եվրատեսիլ>> -ին Հայաստանը ներկայացնող բալիկները , Հայաստանի փոքրիկ երգիչները, <<Արևիկ>> խումբը… Ինձ համար շատ հաճելի է երեխաների հագուստներ ստեղծելը:
-Հայրենանվեր գործունեությամբ զբաղվող Լիլիթ Մարգարյանի համար ի՞նչ է Հայրենիքը:
– Ես ասացի, որ ուզում եմ իմ հավաքածուով ճամփորդել, բայց ապրել միայն իմ Հայրենիքում. Հայաստանն իմ և բոլոր հայերի տունն է:
– Աշխարհահռչակ նկարիչ –մոդելավորողներից ո՞վ է Ձեզ համար ամենա, ամենա…
– Կոկո Շանելը. նա մեծ է այդ ոլորտում, ինձ համար անկրկնելի է:
Կարինե Ավագյան