Վիգեն Սարգսյան. «21-րդ դարը ոչ թե աշխարհը երկու մասի բաժանելու դարն է, այլ՝ համագործակցության» (տեսանյութ)
Եգիպտոսի «Ալ Յաում» հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ հարցազրույցը։ Առաջիկայում եթերում կլինեն նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հարզազրույցները։
Երկու շաբաթ շարունակ հատուկ առաքելությամբ Հայաստանում էին Եգիպտոսի մի քանի հեռուստաընկերությունների մի խումբ աշխատակիցներ, որոնց նպատակն էր եգիպտական լսարանին փոխանցել Հայաստանի մասին տպավորություններն ու տեղեկատվությունը: Հայաստանյան այցի շրջանակներում նրանց աջակցում էր նաև «Հայերն այսօր»-ը:
Հայտնի հաղորդավար Մարիամ Զաքին նշել է, որ այս շարքում ներկայացնելու են նաեւ Հայաստանի «հոգին ու պատմությունը»:
-Իր պատմության ընթացքում Հայաստանը միշտ փորձել է որդեգրել հավասարակշռված դիրքորոշումներ, միշտ բարձր գին է վճարել իշխանության համար պայքարող գերտերությունների համար, և թվում է, թե հենց հայերն են եղել այդ ամենի կենտրոնում: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը որդեգրում Եվրոպայի և Արևելքի միջև հավասարակշռված դիրքորոշումներ, մասնավորապես Եվրասիայի և Եվրոպայի միջև: Ո՞ր ուղղությամբ է Հայաստանը շարժվելու և ինչո՞ւ է որդեգրում հավասարակշռված դիրքորոշումներ:
-Հայաստանը նման դիրքորոշումներ է ընդունում, որովհետև երկիրը հավատում է այն աշխարհին, որը սև ու սպիտակ չէ, և որովհետև երկիրը բաց է համագործակցության համար այն երկրների հետ, որոնք շահագրգռված են: Մենք մեր միջազգային գործընկերների հետ նախաձեռնած միջոցառումները միշտ էլ իրականացրել ենք, և խոստանում ենք անել այն, ինչ կարող ենք անել: Իսկ դա դիտվում է որպես հավասարակշռված դիրքորոշում, բայց իրականում դա ավելի շատ հիմնված է Հայաստանի՝ ազգային շահերը պաշտպանելու համար Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ համագործակցության եզրեր գտնելու վրա: Այդ տարածաշրջանը երկար ժամանակ բաժանված է եղել, և մենք կարծում ենք, որ 21-րդ դարը ոչ թե աշխարհը երկու մասի բաժանելու դարն է, այլ՝ համագործակցության դարը, ինչպես նաև լուծելու այն մեծ խնդիրները, որոնք մեկ միավոր չի կարող լուծել ինքնուրույն:
-Այդ լույսի ներքո ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի և արաբական աշխարհի միջև համագործակցությունը, երբ արաբական աշխարհում այդքան շատ խնդիրներ կան:
-Հայաստանն արաբական աշխարհի հետ միշտ էլ ունեցել է բարիդրացիական հարաբերություններ: Երկու ազգերը դարեր շարունակ ապրել են կողք կողքի: Հատկապես Հայոց Ցեղասպանության տարիներին արաբները գրկաբաց ընդունել են հարյուր հազարավոր հայերի, ովքեր զրկվել էին իրենց հայրենիքից: Այդ առումով, արաբները շատ են նպաստել ընկերական հարաբերություններին:
-Դա շատ բնական էր…
-Ես բարձր եմ գնահատում ձեր ասածը, բայց չեմ կարծում, որ 20-րդ դարի սկզբին ընկերոջ կամ նույնիսկ հարևանի համար միջամտելը շատ բնական էր, դա բնական էր արաբ ժողովրդի համար, բայց ոչ այդ ժամանակվա միջազգային քաղաքականության մեջ: Դրանով ենք մենք առաջնորդվում Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներում` հիմք ընդունելով չորս հիմնասյուն՝ հիշողություն՝ լայն իմաստով, երախտագիտություն այն անձանց, կազմակերպություններին և երկրներին, որոնք ձեռք մեկնեցին Հայոց Ցեղասպանության վերապրածներին, երրորդը՝ մարդատյացության և մարդկության դեմ հանցանքների դեմ, մասնավորապես՝ Ցեղասպանության դեմ պայքարին մեր նպաստն է: Այդ պատճառով 2015 թվականին Հայաստանում կանցկացվեն ցեղասպանության կանխարգելմանը նվիրված բազմաթիվ միջոցառումներ՝ առաջատար միջազգային մասնագետների մասնակցությամբ, և չորրորդը՝ Ցեղասպանությունից հետո հայերի վերածնունդը տոնելն է, քանի որ շատ հազվադեպ է, որ այս ողբերգությունից հետո, հայերը մոբիլիզացվել են, հռչակել են Հայաստանի Առաջին հանրապետությունը, հետո Սովետական հանրապետությունը, իսկ հետո ավելի ուշ՝ Հայաստանի Հանրապետության անկախությունը և կատարել են շատ գործեր, և հարյուրամյակը լավ առիթ է այդ ամենին անդրադառնալու համար:
-Դուք նշեցիք, որ հիմնասյուներից մեկը՝ ցեղասպանությունների կանխարգելումն է: Ինչպես տեսնում եք, արաբական աշխարհում տեղի են ունենում ցեղասպանություններ և տեղահանություններ: Ինչպե՞ս է Հայաստանն այս ամենին նայում և, ըստ Հայաստանի՝ որո՞նք են հիմնական պատճառները:
-Ահավոր ողբերգություն է: Նույնիսկ մեկ մարդու կորուստը ողբերգություն է: Դուք ճիշտ եք, երբ նշեցիք Սիրիան: Ինչպես գիտեք, Հայաստանը միշտ էլ վայելել է Սիրիայի հետ ավանդական, եղբայրական հարաբերություններ, և հայերի համար ողբերգալի է տեսնել, թե ինչ է կատարվում այդ երկրում, ինչպես նաև, թե ինչ է կատարվում եզդիների հետ: Մենք բոլորս բավական չափով չենք սերտում պատմության դասերը: Գիտնականները պնդում են, թե այդ ամենն ավարտվել է Արևմուտքի և Արևելքի հակադրությամբ, բայց այն ավարտված չէ, և արտահայտվում է: Մենք կարծում ենք, որ հնարավոր է դուրս գալ այս ամենի միջից՝ համատեղ և տևական լուծումներով:
-Կարծում եք հնարավո՞ր կլինի գտնել դիվանագիտական լուծում:
-Հուսով ենք:
Դուք դա պատկերացնո՞ւմ եք:
-Դե, երբ դադարում ես պատկերացնել, ուրեմն պետք է հաշտվես իրականության հետ և չփորձես փոխել այն: Այնպես, որ Հայաստանը հուսով է, որ հնարավոր կլինի այս հարցին տալ դիվանագիտական լուծում:
-Կլինեմ ավելի պարզ. Թուրք-սիրիական սահմանում կազմավորվում է նոր քրդական պետություն՝ Քուրդիստանը, և մենք ստանում ենք տեղեկություններ, ըստ որոնց «Իսլամական պետության» կողմից աջակցություն է տրամադրվում թուրք-սիրիական սահմանով: Այս ամենը կարող է պայթել: Այդ սցենարում, կարո՞ղ եք բացատրել, թե որն է Հայաստանի դիրքորոշումը և ձեր կարծիքը Միջին Արևելքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:
-Այդ առումով, Հայաստանը պետք է շատ զգույշ լինի, քանի որ, ինչպես արդեն նշեցիք, հնարավոր է, որ այդ ամենը պայթի, և քանի որ մենք դեռևս ունենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը, դա կմնա որպես բաց վերք, մինչև դրա կարգավորումը: Մենք արդեն 20 տարի է, ինչ բանակցում ենք վերջնական լուծման համար: Մենք զգում ենք, որ այս ամենը կարող է բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանի, ինչպես նաև Հարավային Կովկասի վրա: Պետք է ավելի ուղղակի քայլեր ձեռնարկվեն՝ հետագա զարգացումները կանխելու համար, ինչպես նաև գտնելու տարածաշրջանում և Միջին Արևելքում խաղաղություն հաստատելու համար միջոցները:
-Դուք խոսեցիք Լեռնային Ղարաբաղի մասին: Ադրբեջանցիներն ունեն պան-թուրքական գաղափարախոսություն, ըստ որի թուրքերը մաս են կազմում իրենց ազգին: Սրանով արտահայտվում է այն, ինչ կատարվում է Միջին Արևելքում, որտեղ կա թուրքական կառավարության ուղղակի միջամտությունը: Հնարավոր է դա կախված է գաղափարախոսությունից, կամ այլ բանից, բայց սրանք են փաստերը: Այդ դեպքում, մի՞թե Հայաստանը չի զգում այս գաղափարախոսության սպառնալիքը Ադրբեջանից, որը փակ է պահում ձեր երկրի անմիջական հարևանի հետ սահմանը և միաժամանակ դառնում է Միջին Արևելքում շատ տառապանքների պատճառը:
-Դուք միանգամայն ճիշտ եք, Ադրբեջանը բացահայտ խոսում է մեկ ազգ, երկու երկրի մասին, այսինքն՝ Թուրքիան և Ադրբեջանը, նույնն անում են թուրքական իշխանությունները: Մենք նաև տեսնում ենք, թե ինչպես են Թուրքիայի կառավարութունն ու նախագահը խոսում նեո-օսմանյան արտաքին քաղաքականության մասին, կարծես թե մարդիկ կարոտում են օսմանյան ժառանգությունը, այսինքն՝ տարածաշրջանի վրա քաղաքական ազդեցությունը և որևէ մեկը ուզում է տեսնել դրա վերականգնումը: Ընդհանուր առմամբ, ինձ համար չափազանց զարմանալի է, թե ինչպես կարող է որևէ երկիր այս դարում խոսի նեո-իմպերիալիզմի մասին, իսկ Օսմանյան կայսրության քաղաքականությունը նեո-իմպերիալիզմի քաղաքականություն էր: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է շատ բաց ու պարզ խոսի այս ամենի մասին, քանի որ արտաքին քաղաքականության մեջ բառերը նշանակություն ունեն: Երբ դու կիրառում ես նման բառեր, դրանից բխում են հետևանքներ, որոնք շատ ավելին են, քան այն, ինչ մարդուն կարող է թվալ: Այնպես, որ այդ քաղաքականությունը, ինչպես նաև հարևանների հետ զրո խնդիրներ քաղաքականությունը, և ես միշտ ավելացնում եմ՝ հարևանների հաշվին, չեմ կարծում, որ կարող է գործել 21-րդ դարում: Կարծում եմ, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դեռևս փակ սահմանը ամոթալի է այս դարում, քանի որ 21-րդ դարը հաղորդակցության, գործակցության, հնարավորությունների ստեղծման դար է, իսկ 20-րդ դարի ընթացքում աշխարհը հասկացել է, որ նման համագործակցությունը կարող է ավելի շատ օգնել լուծել խնդիրները, քան ստեղծել նոր խնդիրներ: Հայաստանի համար տարօրինակ է, երբ Թուրքիան հույս է հայտնում բացել սահմանը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումից հետո: Սահմանի բացումն ինքնին կարող է ծառայել որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանում այլ հակամարտություններ լուծելու համար հրաշալի գործիք: Միայն համագործակցության միջոցով կարելի է օգնել ժողովուրդներին ավելի շատ վստահել իրար, իսկ վստահությունը շատ կարևոր բան է հակամարտությունների լուծման հարցում: Պարզ է, որ Թուրքիան մի կողմ է բռնել այս հակամարտությունում, և դա արել է հենց հակամարտության ծագումից սկսած: Ուստի, ամեն անգամ, երբ Թուրքիան փորձում է ստեղծել այն տպավորությունը, թե նա ուզում է լինել չեզոք կամ օժանդակ կողմ, Հայաստանի կառավարությունը և հասարակությունը երբեք էլ չեն վստահում Թուրքիային:
Անգլերենից հայերեն թարգմանությունը՝ «Հայերն այսօր»-ի: