Սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչները

Սեպտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի անկախության 25 ամյակի առթիվ Հայաստան ուխտագնացության եկած 40 կանադահայերի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանադայի հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը արժևորեց կանադայի հայոց թեմի հայրենանվեր նախաձեռնությունը՝ համայնքի ներկայացուցիչներին, որոնցից շատերն առաջին անգամ են ոտք դրել նախնիների սուրբ հողին, Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակի տոնակատարության օրերին Հայրենիք ուխտագնացության բերելը: Նախարարի պաշտոնակատարը խոսեց ակախության տարիների դժվարությունների, Հայոց պետության ու բանակի կայացման, ձեռքբերումների մասին: Նա մասնավորապես նշեց «Սփյուռքը միշտ եղել է Հայրենիքի կողքին, օգնել հաղթահարել դժվարությունները, միասնական ուժերով կայացել ենք որպես պետություն: Ուրախ եմ, որ հայ ժողովրդի համար կարևորագույն այս օրերին մեզ հետ եք: Այսօր շատ հրատապ  ազգային խնդիր ունենք լուծելու՝ տնտեսության զարգացումը: Միասին պետք է լուծենք այդ խնդիրները»:

Գերաշնորհ Աբգար սրբազանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության,  մշտապես համայնքի կողքին լինելու և աջակցելու համար:   Նա բարձր գնահատեց նախարարի վերաբերմունքը, նշեց, որ այն համակարգող դեր ունի, և հավելեց. «Շատ շնորհակալ ենք, Ձեր խոսքը շատ քաջալերական էր՝ Հայաստան գալու, Հայրենիքի շենացմանը մեր մասնակցությունը բերելու առումով: Երեկ՝ ուխտագնացության առաջին օրը, եղել ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մասնակցել ենք Սուրբ պատարագին: Եվ այսօր այցելել ենք սփյուռքի նախարարություն՝ մեր տուն: Գնալու ենք նաև Ղարաբաղ, շրջելու ենք Հայաստանի պատմամշակութային վայրերով, լինելու ենք գյուղերում: Շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեզ՝ Հայաստանի կարոտը սրտում Հայրենիք այցելած հայորդիներիս»:

 Վերջում Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը պատասխանեց կանադահայերին հետաքրքրող հարցերին:

Scroll Up