Գործարար ֆորումում դրական տեղաշարժ է նկատվում. Ֆորումի մասնակիցներ

Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) նախաձեռնությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի ու Արցախի արդյունաբերողների և գործարարների միությունների համագործակցությամբ կայացած ՀԱՑ-ի 4-րդ Գլխավոր Ասամբլեայի նիստի և 2-րդ գործարար ֆորումի ժամանակ «Հայերն այսօր»-ը  ճեպազրույց է ունեցել ֆորումի մասնակիցներից մի քանիսի հետ:

Արայիկ Վարդանյան- Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ, աշխատակազմի ղեկավար

– Ես ֆորումի ժամանակ էլ ասացի, որ նախկինում տեղի ունեցած ֆորումներից հետո արդեն դրական տեղաշարժ է նկատվում: Առաջ քննարկումների ժամանակ  չէր խոսվում  Հայաստանում ներդրումներ կատարելու մասին. սփյուռքյան գործարարները փորձում էին միայն միմյանց հետ համագործակցել: Բայց հիմա ցանկանում են բոլոր ծրագրերում Հայաստանին և Արցախին ևս ընդգրկել, ինչը, անշուշտ, ողջունելի է:

Այս հանդիպումները նաև մեծապես խթանում են, որ մեր աշխարհասփյուռ հայրենակիցները վերադառնան Հայաստան: Ես դրական եմ տրամադրված այս հարցում:

Հակոբ Կոշեցյան– Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ

– Հայաստանում առևտրաարդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ ավելի շատ ծրագրեր են մշակվում, քան իրականացվում: Ուստի առաջարկս է՝ ուժերը կենտրոնացնել  ծրագրեր իրականացնելու վրա: Ինչքան նկատել եմ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համար մարկեթինգ-մենեջմենթ ոլորտի մասնագետների պակաս է զգացվում: Կարծում եմ՝ անհրաժեշտ է նման մասնագետներին լավ վերապատրաստել: Չնայած այդ ամենին՝ զարգացման միտումներ եմ նկատում:

Ես Ֆրանսիայում անհատ ձեռներեց եմ. զբաղվում եմ տարբեր ոլորտների բիզնեսով՝ տեքստիլ արդյունաբերություն, շինանյութերի վաճառք, շինարարական գործունեություն և այլն: Հիմնականում համագործակցում եմ Ֆրանսիայում գործող անշարժ գույքի գործակալությունների հետ:

Րաֆֆի Էլլիոթթ- Հայաստանում «Getreated» տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության հիմնադիր

– Կանադայից  չորս տարի առաջ եմ հայրենադարձվել: Տեղափոխվելով Հայաստան՝ տեղեկատվական տեխնոլոգիաների փոքր ընկերություն հիմնեցի:

Ուրախ եմ, որ նմանատիպ ֆորումներ են իրականացվում Հայաստանում, այն շատ կարևոր է մեզ համար: Սակայն մեկ նկատառում ունեմ: Այստեղ ծավալվելու դաշտը փոքր է, հնարավորությունները՝ սահմանափակ, ինչն էլ խոչընդոտում է հետագա գործունեության զարգացմանը:

Իսկ նման հավաքների ժամանակ նախընտրում եմ ոչ թե նստել և միայն խոսել, այլև խոսքը գործի վերածել. պետք է կոնկրետ և հստակ գործելաոճ որդեգրել:

Դավիթ Խաչատրյան– Ռումինիայի առևտրաարդյունաբերության պալատի ներկայացուցիչ

– Ռումինիայի առևտրաարդյունաբերության պալատը 2005 թվականից է գործում: Պալատը միշտ հետաքրքրվել է հայ-ռումինական առևտրային հարաբերությունները պահպանելու և զարգացնելու ուղղությամբ: Առևտրային շրջանառությունը զարգացնելու նպատակով՝ 2013 թվականին հայ-ռումինական բիզնես ֆորում կազմակերպվեց:

Մասնակցելով այս ֆորումին՝ մեզ նորից առիթ է ընձեռված ներկայացնելու Հայաստանի հետ կապված ռումինական նախագծերը, որից հետո կանցնենք փոխշահավետ համագործակցության: Նաև կիսատ թողած գործերն ի մի կբերենք. կան մշակված ծրագրեր, որոնք պետք է առաջ տանել:

Կարևորում եմ նմանատիպ ֆորումների կազմակերկումը նաև այն առումով, որ մտերմանում ենք, կարողանում ենք գործընկերներ և նոր համագործակցությունների ուղիներ գտնել:

                                                                                          Պատրաստեց Գևորգ Չիչյանը                                                                     

Scroll Up