ՀՀ սփյուռքի նախարարությունը պարգևատրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Արգենտինայի հանձնախմբի անդամներին
Սեպտեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը Արգենտինայում ՀՀ դեսպանության հետ համատեղ պարգևատրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Արգենտինայի հանձնախմբի անդամներին: Այս մասին հայտնում է «Հայերն այսօրը»՝ հղում կատարելով Պրենսա Արմենիա գործակալությանը:
«100-րդ տարելիցի կենտրոնական հանձնախումբն ուղենշեց մի ճանապարհ, թե ինչպես կարող են արդյունավետ համագործակցել տարբեր կազմակերպությունները միմյանց հետ: Այն նաև սկիզբը դարձավ Ցեղասպանության ճանաչման պայքարում մի նոր փուլի,-իր խոսքում նշեց Խաչիկ Տեր-Ղուկասյանը, ով իր գործունեությամբ կամուրջ է դարձել արգենտինահայ համայնքի և կենտրոնական հանձնախմբի միջև աշխատանքներում:
Արգենտինայում եւ Հարավային Ամերիկայում մենք, անշուշտ, կատարել ենք Ցեղասպանության ճանաչմանն ուղղված մեր ներդրումը, սակայան մինչ մենք քննարկում ենք ու խոսում այս մասին, մյուս համայնքներում ճանաչման գործընթացը շարունակվում է: Մենք չպետք է մոռանանաք, որ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը այսօր էլ շարունակում է իրականացվել Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանությունների, տեղական վարձկան քաղաքական գործիչների, լրագրողների ու գիտնականների կողմից»,- ավելացրեց Խաչիկ Տեր-Ղուկասյանը:
Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, Հայ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Վարդան Պողոսյանը և Հայ ավետարանական եկեղեցու հովիվ Ենոք Էլմասյանը պարգևատրվեցին՝ իբրև համայնքի հոգևոր կառույցների ղեկավարներ:
Արգենտինահայ համայնքի պատասխանատուներից շնորհակալագրեր ստացան Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Ադոլֆո Սմիրլյանը, Ադրիան Լոմլոմջյանը, Ալբերտո Ջերեջյանը, Արփինե Կարամանուկյանը, Դիանա Տեր-Կարապետյանը, Համբարձում Հալաջյանը, Հորացիո Թերզյանը, Հյուգո Կույումջյանը, Ժորժ Մուրեքյանը, Ժորժ Թոսունյանը, Միգել Մհեր Հարությունը, Նելիդա Բուլգուրջյանը, Նշան Իշխանյանը, Օնիկ Բոջիացյանը, Ռուբեր Մոզիանը, Սամո Սարգիսյանը, Սերխիո Նահապետյանը և Վարդի Մանուկյանը:
Նշենք, որ պարգևատրման արարողությանը, որը տեղի էր ունենում Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում, ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերը հանձնեցին Արգենտինայում ՀՀ դեսպանության հյուպատոս Էսթեր Մկրտումյանը և Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը: