Մեր ծրագրին մասնակից Հալեպի աշակերտների աչքերը վկայում են, որ այս համայնքը հավերժ է ապրելու…

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ չծնվեցին» ծրագրին մասնակից դարձան նաև Հալեպի ազգային դպրոցների (Սահակյան, Գյուլբենկյան, Հայկազյան, Զավարյան և Ազգային մանկապարտեզ) ավելի քան 700 աշակերտներ, որոնք նկարվել են Դեր Զորի Սրբոց Նահատակաց հուշահամալիրի ներքնահարկը պատկերող ետնանկարով:

Նայե´ք երեխաների աչքերին և կհասկանաք, թե ինչ ապրումներ են ունեցել նրանք անցնող երեք տարիների ընթացքում: Նրանց ժպիտի մեջ անգամ թախիծ կա, միաժամանակ ինչքան ուժ և կամք, հույս և գիտակցություն կա նրանց հայացքների մեջ…

Նայե´ք նրանց աչքերին և կհամոզվեք, որ այս համայնքը հավերժ պետք է ապրի….

Այս պայմաններում, մեր ծրագրին նման մեծ պատասխանատվությամբ մասնակցող երեխաներին և բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել կազմակերպչական աշխատանքներում, շնորհակալություն հայտնելը քիչ է: Ամենայն անկեղծությամբ ու զերծ մնալով չափազանցություններից, կարելի է խոնարհվել նրանցից յուրաքանչյուրի առջև…

Քանի դեռ Դո´ւք կաք և այսպե´ս կաք, թուրքն արդեն իսկ պարտված է…

Հ.Գ. Նշենք, որ ծրագրի մասնակիցների թիվը հասել է մոտ 6000-ի: Առաջին մասնակից համայնքը Քուվեյթն էր: Առ այսօր ծրագրին մասնակցել է 13 երկիր: Ամենակազմակերպվածը և մեծ թվով մասնակիցներ ապահովված երկրներն են` Հայաստանը, Սիրիան և Քուվեյթը:

Հուսով ենք, որ Հալեպի մասնակցությունը կոգևորի նաև մյուս համայնքներին, և նրանք ևս նույն պատասխանատվությամբ կմասնակցեն ծրագրին:

Ընդամենը երեխաների ձեռքը պետք է տալ այս պաստառը և նկարել Ցեղասպանությունը հիշեցնող որևէ հուշակոթողի կամ նկարի մոտ, իսկ նկարներն ուղարկել [email protected] հասցեով:

Scroll Up