«Վարդավառ» պարախումբը որոշել է կրկին մասնակցել «Իմ Հայաստան» փառատոնին
Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Մոսկվայի «Հայորդյաց տան» «Վարդավառ» պարախումբը հիմնադրվել է 2014 թվականի նոյեմբերին: Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ է անվանակոչվել «Վարդավառ»:
«50 մասնակցից բաղկացած պարախումբը հանդիսատեսին ներկայանում է հայկական ժողովրդական պարերով: «Վարդավառը» բազմիցս արժանացել է գլխավոր մրցանակների, դիպլոմների, պատվոգրերի, ինչպես նաև տարբեր մրցույթների դափնեկիր է»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց պարախմբի գեղարվեստական ղեկավար ու պարուսույց Մարգարիտա Գրիգորյանը՝ հավելելով, որ պարախումբ այցելող 5-16 տարեկան երեխաների հետ պարապմունքներն անցկացվում են շաբաթական 3-4 անգամ:
Պարուսույցը սաներին բացի հայկական պարարվեստի գաղտնիքները սովորեցնելուց, նաև այլ ազգերի պարերին է ծանոթացնում՝ այդպիսով ընդլայնելով նրանց պարային փորձառությունը:
Մարգարիտա Գրիգորյանը նկատել է, որ մոսկվաբնակ հայ երեխաները սիրով են գալիս պարի դասընթացներին, քանի որ գիտակցում են օտար միջավայրում հայկական արժեքներին հաղորդակից դառնալու անհրաժեշտությունը:
«Վարդավառ»-ն, ի թիվս սփյուռքյան մյուս պարախմբերի, նույնպես մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին:
Առաջին անգամ Հայաստանում մասնակցելով մշակութային իրադարձության՝ շատ հետաքրքիր և անմոռաց օրեր են ունեցել:
Ինչպես ասաց պարուսույցը, երեխաները տպավորվել են հատկապես Արարատի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած համերգից, որտեղ նրանք ոգեշնչված պարել են հայ զինվորների համար:
«Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ սփյուռքի նախարարությանը ազգանվեր գործունեություն ծավալելու և մեզ Հայրենիքում ելույթ ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Արդեն որոշել ենք երկու տարի հետո կայանալիք փառատոնին նույնպես մասնակցել:
Նմանօրինակ փառատոների մասնակցելը նախևառաջ Հայաստան գալու, հայկական մշակույթին մոտիկից հաղորդակցվելու միջոց է հանդիսանում:
Կարևոր և նպատակային էր Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրեր այցելելը: Հոգիս հպարտությամբ լցվեց և հուզվեցի, երբ Խոր Վիրապ վանքում մեր խմբի երեխաները Արարատ լեռան ներքո հայկական քոչարին պարեցին: Շատ ուրախ եմ, որ «Վարդավառ»-ը փառատոնի շրջանակներում Հայաստան եկավ»,-զրույցն ամփոփեց Մարգարիտա Գրիգորյանը:
Գևորգ Չիչյան