Սիրեցի Հայաստանն ու կցանկանայի նորից վերադառնալ. «Արի տուն-2016» ծրագրի մասնակից

դրեյ Կրյուկովը ծնվել և մեծացել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում: Միայն գիտի, որ իր մայրիկի պապիկը հայ է, սակայն պապիկի մասին որևէ տեղեկություն չունի: Համալսարանում որպես երկրորդ լեզու՝ հայերեն է սովորում: Նրա ուսուցիչն էլ պատմել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի մասին և առաջարկել մասնակցել:

Անդրեյը Հայաստան է եկել մի քանի համակուրսեցիների հետ: «Մենք որոշեցինք օգտվել առիթից ու մասնակցել ծրագրին` Հայաստանն ավելի լավ ճանաչելու նպատակով»- «Հայերն այսօրի» հետ զրույցում նշեց 18-ամյա Անդրեյը:

Նա ապրում է Երևանի պետական համալսարանի հանրակացարանում: Շատ է հավանել Հայաստանը, նրա կարծիքով՝  այստեղ արևոտ է, տաք ու ամեն ինչ շատ բնական, մարդիկ բարեհամբույր են ու ժպտերես, և Մոսկվայում ապրող մարդկանցից շատ են տարբերվում:

«Արի տուն» ծրագրում արտասովոր ու հետաքրքիր ժամանակ է անցկացնում, այցելած վայրերից մեծ տպավորություն է ստացել և հիացած է Հայաստանի բնաշխարհով, պատմում է՝ ուրախ է, որ կարողացավ բացահայտել Հայաստանն ու նոր ընկերներ ձեռք բերել:

«Տարօրինակ զգացում ունեմ, երբ Հայաստանում մարդիկ ինձ հասկանում են, բայց ես, ցավոք,   նրանց չեմ կարողանում հասկանալ: Փորձում եմ, բայց դժվարությամբ է ստացվում, միայն որոշ բառեր ու արտահայտություններ եմ հասկանում: Սակայն աշխատում եմ սովորել հայերենն ու իմանալ ամեն բան, ինչը կապված է Հայաստանի հետ: Ինձ ամեն ինչ հետաքրքիր է`  պատմությունը,  մշակույթը, բնաշխարհը, տեսարժան վայրերը: Սիրեցի Հայաստանն ու կցանկանայի նորից վերադառնալ»- իր խոսքն ավարտեց Անդրեյը:

Անի Հարությունյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

Scroll Up