«Արգիշտ» դպրոցի 6 սաները տպավորված են «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերից
Մերձմոսկովյան Պուշկինո շրջանի Իվանտեևկա քաղաքի «Արգիշտ» հայկական մեկօրյա դպրոցի 6 սան մասնակցել են Սփյուռքի նախարարության «Արի տուն-2016» ծրագրի 4-րդ փուլին և 2 սան «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներին:
Արդեն երկրորդ տարին է, որ «Արգիշտ» հայկական մեկօրյա դպրոցի աշակերտները մասնակցում են «Արի տուն» ծրագրին` իրենց ամառային արձակուրդների այս երկու շաբաթը վերածելով տոնի: Նրանք արդեն սպասում են հաջորդ ամառային արձակուրդների սկսվելուն, որպեսզի մասնակից դառնան ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրին:
Ահա թէ ինչ են պատմում աղջիկները․
«ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած ծրագրերի մասին իմացել եմ մեր «Արգիշտ» մեկօրյա դպրոցից: Երբ դպրոցում լսեցի «Արի տուն» ծրագրի մասին, շատ ոգևորվեցի: Նախորդ տարի չստացվեց մասնակցել: Մեզանից շատերն առաջին անգամ էին գնում Հայաստան, շատ հուզված էինք միևնույն ժամանակ շատ ոգևորված։ Անհամբեր սպասում էի և օրերն էի հաշվում, թե երբ պետք է սկսվի “Արի տուն” ծրագրի 4-րդ փուլը։ Նույնիսկ գիշերը անքուն եմ անցկացրել…»,- ոգևորված պատմում է Հովհաննիսյան Մարինե ։
«Անմոռանալի օրեր էին հատկապես ճամբարային օրերը։ Էքսկուրսիաների օրերին եկեղեցիներ, հուշակոթողներ գնացինք, տեսանք հայկական պատմական վայրեր: Ճաշելիս երգում էինք հայրենասիրական երգեր, պարում էինք, եւ ես հոգուս խորքում զգացի իմ հայ լինելը։ Այդ հուշակոթողների, եկեղեցիների և հայկական վայրերի մասին մեր հայոց պատմության ուսուցչուհի տիկին Վրացյանը դասերի ժամանակ պատմել և ցուցադրել էր, բայց իմ աչքերով տեսա այդ ամենը եւ դա աննկարագրելի է»- պատմում է Թամարա Ներսիսյանը:
«Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի այս ծրագրին, քանի որ դրա շնորհիվ մենք ավելի ու ավելի հավատարիմ ենք մնում մեր ազգային ինքնությանը և էլ ավելի բարձր կպահենք հայ ազգի պատիվը Սփյուռքում»,- ասաց Մարինե Դավթյանը։
«Անմոռանալի օրեր էին հատկապես Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում անցկացրած չորս օրերը։ Այսուհետ մեզ հետ կլինի հայրենիքի սերն ու ջերմությունը: Մեր ընկերներին կպատմենք Հայաստանում անցկացրած օրերի մասին, որ նրանք էլ մեզ պես ոգևորվեն և գան իրենց աչքերով տեսնեն մեր հայրենիքը՝ Հայաստանը։ Հայրենիքից գնում ենք միայն մի պայմանով` հաջորդ տարի անպայման վերադառնալու ենք»,- ասացին Ռոզա և Լուիզա Մգլամյանները։
«Ես մասնակցել եմ «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի «Հայոց լեզվի արագացված ուսուցում» դասընթացներին։ Ընկերներս պատմել էին, թե ինչ լավ ուսուցողական ծրագիր է, ինչքան հագեցած ու հետաքրքրիր են անցնում օրերը: Այս տարի որոշեցի մասնակցել և անձամբ զգալ ընկերներիս պատմածը։ Այդ մի քանի շաբաթները շատ արագ անցան, օրերը` ուրախ և հետաքրքիր: Սփյուռքի նախարարության ծրագրերի շնորհիվ մենք կարողանում ենք ոչ միայն հայրենիքը ճանաչել, այլև հարստացնել մեր գիտելիքները «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի փակման արարողության ժամանակ ելույթ ունեցա իմ մենապարով, որը տարբերվում էր նրանով, որ այս անգամ հանդիստեսը սփյուռքի նախարարության աձնակազմն էր և սփյուռքից ժամանած երիտասարդներն էին, ովքեր իրենց հայացքներով ապահովեցին այն հուշերն ու զգացմունքները, որոնք կապված են իմ հայ լինելու և իմ հայրենիքի հետ», պատմեց Լիլիթ Մելիքյանը։
«Արգիշտ» հայկական մեկօրյա դպրոցի տնօրինությունը, սաները եւ ծնողները շնորհակալություն են հայտնում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և նախարարության աշխատակիցներին` Հայրենիք-Սփյուռք ամուր կապերի ստեղծման և ամրապնդման համար։
«Արգիշտ» մեկօրյա դպրոցի տնօրեն
Ազնիվ Պարոնյան