«Մայրենիի դասընթացները՝ «կանաչ լույս» «Արի տուն» ծրագրին մասնակցելու համար»

Ֆրանսիայի Դիժոն քաղաքի հայկական համայնքի հիմնադիր և «Մաշտոցյան տառեր» հայկական դպրոցի տնօրեն Լիլիթ Բաղրամյանը, ամուսնու հետ հեռավոր ափերում զբաղվելով ազգօգուտ գործունեությամբ, մեկ տեսլական ունի՝ օտարության մեջ գտնվող հայ երիտասարդներին հեռու պահել ուծացման վտանգից, տարածել հայկական մշակույթն ու պահպանել Մայրենիի անաղարտությունը: Ճիշտ է՝ ճանապարհին խոչընդոտների հանդիպում են, բայց չեն ընկրկում, քանի որ իրենց կողքին գաղափարակից ընկերներ ունեն:

«Հայերն այսօրի» հետ զրույցում Լիլիթ Բաղրամյանը ներկայացնում է Ֆրանսիայում հաստատվելու, համայնքի և դպրոցի ստեղծման պատմությունը.

 

«2005 թվականին ամուսնանալուց հետո ամուսնուս հետ տեղափոխվել եմ Ֆրանսիայի Դիժոն քաղաքում ապրելու, որտեղ ընդամենը 30 հայ ընտանիք կար: Նկատեցինք, որ նրանք շատ հեռու էին հայկական իրականությունից, ինչի համար մեծ ցավ և ափսոսանք ապրեցինք: Որոշեցինք ամեն կերպ օգնել նրանց: Հատկապես մտահոգ էինք երիտասարդների համար:

2010 թվականին հիմնեցինք Դիժոնի հայկական համայնքը: Համայնքային կյանքին զարկ տալուց հետո արդյունքը նկատելի էր. Դիժոնի հայ ընտանիքների թիվն աստիճանաբար ավելացավ՝ հասնելով  300-ի:

Մասնագիտությամբ ուսուցիչ եմ, ծնողներս`նույնպես: Ֆրանսիայում հաստատվելն ու կայանալն, իհարկե, ժամանակի հրամայական էր, որը պատվով հաղթահարեցինք:

Սկզբնական շրջանում մեզ զբաղված զգալու համար ամուսիններով որոշեցինք իբրև կամավոր Դիժոնի քաղաքապետարում աշխատել՝ քաղաքի համար աշխատանքներ կատարելով:

Երեք տարի աշխատելուց հետո քաղաքապետը ցանկություն հայտնեց մեզ համար, ի նշան երախտագիտության, որևէ բան անել: Երբ նա հարցրեց, թե ինչի կարիք ունենք, միանգամից միտք ծագեց տարածքի մասին խնդրել, որպեսզի դպրոց բացեինք:

Անկեղծ ասած՝ մի փոքր կասկածում էինք, որ նա կընդառաջի խնդրանքին: Բայց մեր հույսերն ի դերև չելան: 2011 թվականին հիմնեցինք «Մաշտոցյան տառեր» դպրոցը, որն այժմ 35 աշակերտ ունի: Դասընթացները շաբաթ և կիրակի օրերին են տեղի ունենում:

1445

Հետո իմ շրջապատում ապրող ուսուցիչներից, պարուսույցներից և այլ մասնագետներից թիմ հավաքեցի, և սկսեցինք միասին հայանպաստ աշխատանքներ իրականացնել: Ճիշտ է, սկզբում հեղհեղուկ վիճակ էր, մտածում էինք հանկարծ չձախողենք, բայց ամեն ինչ բարեհաջող ընթացք ունեցավ:

Այս խանդավառությունը Դիժոնի հայերի շրջանում արագորեն տարածվեց: Նրանք սիրով ընդունեցին հրավերս՝ պատրաստակամություն հայտնելով կամավորության սկզբունքով աշխատել դպրոցում: Մեր բանիմաց ուսուցիչներն անձնվիրաբար աշխատում են՝ գիտակցելով իրենց գործի առաքելությունը:

Սփյուռքի համար նախատեսված գրքերով և ծրագրով Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայ եկեղեցու պատմություն, Հայ ժողովրդի պատմություն առարկաներն են դասավանդվում: Ունենք երգի, պարի խմբակներ, նաև շախմատի դասընթացներ ենք կազմակերպվում:

Հասել ենք այն արդյունքին, որ աշակերտները Մայրենին սովորելուց հետո ցանկություն են հայտնում Հայաստան գալ՝ մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին: Մասնակցելուց հետո նրանց ոգևորությունն աննկարագրելի է լինում, գալով  Դիժոն՝ իրենց տպավարություններով են կիսվում ընկերների հետ, խորհուրդ տալիս, որ նրանք էլ «Արի տուն» գան: Գալիս են նաև ֆրանսիական տարբեր կազմակերպությունների աջակցությամբ՝ մարզերում կամավորական աշխատանքներ կատարելու համար:

Այս տարի նշեցինք դպրոցի հիմնադրման հնգամյակը: Այդ առիթով ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ուսուցիչները պատվոգրերով, իսկ երկու ծնող՝ շնորհակալագրերով պարգևատրվեցին:

IMG_057522

2012 և 2014 թվականներին դասագրքեր, ուսումնաօժանդակ նյութեր տրամադրելու խնդրանքով դիմել ենք ՀՀ սփյուռքի նախարարություն: Արդեն բավականաչափ գրքեր ունենք, որոնք մեզ շատ են օգնում աշխատանքների մեջ: Իրոք, Սփյուռքում ամենամեծ խնդիրը հայապահպանությունն է, մեզ օգնող ձեռք է պետք:

Դպրոցում տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ ֆրանսիացիներ, իտալացիներ, աֆրիկացիներ են գալիս՝ հայոց լեզուն սովորելու և հայկական մշակույթին ծանոթանալու: Գործում է նաև «Հայ պատանի» ակումբը՝ 27 անդամներով:

Համայնքում Հայրենիքի հանդեպ կապը փորձում ենք պահել՝ նաև ավանդույթներին հետևելով ու դրանց մատաղ սերնդին մասնակից դարձնելով: Օրինակ՝  Մուսա լեռան հերոսամարտի օրը նշեցինք՝ հարիսա պատրաստելով, երգ ու պարի ուղեկցությամբ ներկայացնելով տոնի խորհուրդը: Միջոցառումները կազմակերպվում են ուսուցիչների և աշակերտների համատեղ ջանքերով:

Նշենք, որ ակտիվ համագործակցում ենք Արմավիրի մարզի Ջրառատ, Ջրարփի գյուղերի դպրոցների և Էջմիածնի  «Գիտունիկ» քոլեջի հետ: Հուսամ՝ ՀՀ սփյուռքի նախարարության և մեր գործընկեր կրթական հաստատությունների հետ համագործակցության շնորհիվ՝ կհաղթահարենք մեր առջև ծառացած խնդիրները և միասնաբար շատ հաղթանակներ կգրանցենք»:

Գևորգ Չիչյան

Scroll Up