«Ես զգում եմ, որ Հայաստանի արևն ուրի՜շ, մի անբացատրելի ջերմություն ունի». Սեդա Օհանյան

ՀՀ սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի աշխատասենյակում հյուրընկալված սիրիահայ Սեդա Օհանյանի( Սրբուհի Փալանջյան) երկնքի պես վճիտ կապույտ աչքերում՝ ի նշան երախտագիտության հուզմունքից ծովացած արցունքներն ակամայից հուզեցին նաև ինձ.տիկին Սեդան եկել էր շնորհակալություն հայտնելու իր երկու թոռնիկներին՝ 17-ամյա Գրիգոր Քալայջյանին և 15-ամյա Արեն Չաքրյանին «Արի տուն-2016» ծրագրում ընդգրկելու և պատմելու երեխաների ունեցած հրաշալի տպավորությունների մասին, որից հետո մեր խնդրանքով «Հայերն այսօր»-ի խմբագրությունում փոքր-ինչ ներկայացնում է նաև իր կյանքի պատմությունից:

«Ամուսինս սասունցի է, ես  շատ երիտասարդ եմ ամուսնացել և ամբողջ կյանքս ապրել սասունցիների՝ այդ քաջ մարդկանց միջավայրում: Հայրս՝ Հաբեթ Փալանջյանը, Արաբկիրիկց է,(հայրս շուտ է մահացել) մայրս՝ Մարի Դեմիրճանը, Ուրֆայից է: 1915-ի ջարդից փրված մեր գերդաստանը հաստատվել է Սիրիայում. ես ծնվել եմ Սիրիայում, մի եղբայր ունեմ՝ Մինաս  Փալանջյանը, ով հայտնի է Հալեպում՝ որպես երգիչ.մեկուկես ամիս առաջ նա տեղափոխվել է Հայաստան, Հայրենիքում է հաստատվել նաև աղջիկս՝ Մարալը, ում ամուսինը՝ Վաչեն, լավ արհեստավոր է, ամեն մի մատը մի ոսկի է, հիմա Երևանում շարժիչների աշխատանքով է զբաղված: Ես չորս երեխաների մայր եմ . երկու տղա և երկու աղջիկ ունեմ. փա՛ռք Աստծո, լավ երեխաներ ունեմ, բոլորն էլ ամուսնացած են:  4-րդ անգամ եմ Հայաստանում, Արցախ էլ եմ գնացել. 2000-ին էլ եմ եղել Արցախում, 4 օր մնացել եմ այնտեղ, հրաշալի բնություն ունի, ժողովուրդն էլ շատ լավն է: Ես  արդեն մեկ ամիս է, որ այստեղ եմ, կարոտս եմ առնում Հայաստանից ու իմ հարազատներից: Երեխաները ճամբարում էին: Պարոն Զաքարյանն ասաց, որ ուրբաթ օրը կարող եմ գնալ ճամբար և ականատես լինել հրաժեշտի միջոցառմանը, խարույկին,  սակայն տղաներն ասացին, որ չգնանք, իրենց էլ շուտ չբերենք, կուզեն  հաջորդ օրն էլ այնտեղ մնալ և մյուս երեխաների հետ վերադառնալ տուն:  Այս ամենն արդեն ամեն ինչ ասում է. հետո թոռնիկներս այնքա՜ն ոգևորված էին իրենց տպավորություններով, պատմում էին ու պատմում….Սա երջանկություն է, որի համար իմ խորին շնորհակալություն եմ հայտնում ՀՀ սփյուռքի նախարարին, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանին, աշխատակազմի ղեկավար պարոն Զաքարյանին, ծրագրի բոլոր կազմակերպիչներին, ուսուցիչներին. մեր երեխաները լավ գիտեն հայոց լեզու, սակայն հայերենի դասընթացների ընթացքում կարողացան  հարստացնել իրենց բառապաշարը, մեր սիրիահայերը շատ հայրենասեր են  ու հավատքով, մեր զավակները ծնված օրվանից  սովորում են  մայրենի լեզուն, հայրենասիրական երգեր, զորանում են հավատքով և, այնուամենայնիվ, այս ծրագրի շրջանակներում ևս  շատ երգեր ու պարեր սովորեցին: Հոգեպես մենք միշտ կապված ենք եղել մեր Հայրենիքին, ականջալուր ենք եղել Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, ապրել ենք Հայաստանի կյանքով, ուրախություններով ու տխրություններով, հոգսերով: Առաջին անգամ Հայաստան եկա 1988 թվականին, այդ ժամանակ օդանավը խնդիր ունեցավ, ընկավ, սակայն, փառք Աստծո, ոչ մեկին բան չպատահեց: Արվեստագոտներ կային ինքնաթիռում, երգիչներ…Աստված մեզ խնայեց: Երբ երկրաշարժը եղավ, ամուսինս (Աստված հոգին լուսավորի, շատ լավ մարդ էր) սովորություն ուներ  ամեն առավոտ ռադիո լսելու. տեսա, որ լալիս է, հարցրեցի, թե ինչ է եղել, ասաց, որ Հայաստանում երկրաշարժ է եղել, և շատ մարդ է մահացել, այնուհետև ասաց՝ երանի այդ օդանավի մեջ եղածներս  զոհվեինք, սակայն այդքան մարդ երկրաշարժից չմահանար… համրացել էինք: Հայրենիքը ոտքի կանգնեց, դժվար էր. հիմա էլ Սիրիայի վիճակը, չգիտենք, թե վերջն ինչ պիտի լինի, բայց նեղվում եմ, որ սիրիահայերը Հայաստանից Կանադա մեկնեցին: Հավատացե՛ք, ես  զգում եմ, որ այստեղի արևն ուրիշ ջերմություն ունի, ուրի՜շ են ճառագայթներն արևի»,- այս  ոգևորիչ  խոսքերով ավարտվեց  մեր զրույցը  երախտագետ հայուհու՝ տիկին Սեդայի հետ. հայի այս տեսա՛կն է, որ ամենուր   հպարտանալու առիթ է տալիս և  համոզվում ես, որ  հայի հարատևության բանաձևն իր  մարդկային այսօրինակ արժեքների կենսունակությունն է:

Կարինե Ավագյան 

Սրապիոնյան

Scroll Up