Օր 7-րդ. «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցները ելույթ ունեցան Արարատ քաղաքում
Հուլիսի 28-ին ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի «Պարարվեստի օրերի» շրջանակներում Սփյուռքից ժամանած պարախմբերը ելույթ ունեցան Արարատ քաղաքում:
Արարատ քաղաքի ամֆիթատրոնում ազգային պարերի կատարումներով հանդես եկան «Գարուն» (ՌԴ, Ստավրոպոլ), «Նաիրի» (Արգենիտա, Բուենոս Այրես), «Մեղրի» (ԱՄՆ, Ֆիլադելֆիա), «Նիկա դանս» (Ուկրաինա, Դնեպրոպետրովսկ), «Տայք» (Էստոնիա, Տալին), «Անի» (Աբխազիա, Գագրա) և «Էրեբունի» (Բելառուս, Մինսկ) պարախմբերը:
«Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի մասնակիցներին ողջույնի խոսք էր հղել Արարատ քաղաքային համայնքի ղեկավար Հայկ Հայկյանը, որն ընթերցեց Արարատի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Կարեն Մելքոնյանը:
«Շնորհակալություն Ձե´զ, հարգելի հայրենակիցներ, որ Դուք աշխարհի որ անկյունում էլ ապրելիս լինեք, մեր ազգային մշակույթը, մեր մարտական խրոխտ պարերը, ազգային կոլորիտն ու տարազը պահում եք անաղարտ, հայրենանվեր մեծ աշխատանք եք կատարում Սփյուռքի մեր երիտասարդներին հայեցի դաստիարակելու և նրանց մոտ հայի աննկուն մարտական ոգին միշտ կայտառ պահելու համար:
Արարատը լավ ավանդույթ ունի նաև «Արի տուն» ծրագրով Սփյուռքի երեխաներին հյուրընկալելու գործում: Ամեն տարի մեր բնակիչները սիրով ընդունում են տասնյակ սփյուռքահայ երեխաներ, որոնք կարճ ժամկետում մերվում են հյուրընկալող ընտանիքի հետ: Սերն ու գուրգուրանքը նրանց նկատմամբ միշտ անպակաս է լինում:
Այդ ծրագրի իրականացման շնորհիվ մեր շատ ընտանիքներ ջերմ բարեկամական ու մշտական կապեր են հաստատել սփյուռքի ընտանիքների հետ:
Հարգելի հայրենակիցներ, մենք` հայաստանաբնակներս, շնորհակալ ենք, որ Դուք կաք, ապրելով ու արարելով աշխարհի տարբեր ծեգերում, կարիքն առաջանալիս Ձեր աջակցությունն եք ցուցաբերում Մայր հայրենիքին:
Բարի գալուստ Արարատ քաղաք:
Ցանկանում եմ, որ Դուք տուն վերադառնալիս, Ձեզ հետ տանեք ոչ միայն մեր կիզիչ արևի ջերմությունն, այլև դրանից ոչ պակաս նաև մեր` արարատցիներիս, սրտի ջերմությունը»,- «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ասված էր Հայկ Հայկյանի ուղերձում:
Համերգային ծրագրի ընթացքում ելույթ ունեցան նաև Արարատի «Նաիրի» (գեղ. ղեկավար՝ Մերի Աբրահամյան), «Արարատ» (գեղ. ղեկավար՝ Կարինե Ռուբինյան) պարախմբերը:
Համերգային ծրագրի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր Սփյուռքի հետ կապերի վարչություն գլխավոր մասնագետ Հասմիկ Եղիազարյանը ՀՀ սփյուռքի նախարարության անունից շնորհակալություն հայտնեց քաղաքային իշխանությանը, հանդիսատեսին՝ ջերմ ընդունելության համար և շնորհակալագրեր հանձնեց Արարատ քաղաքի պարախմբերին: