«Իմ Հայաստան» փառատոնին մասնակցությունը իրականություն դարձրեց մեր երազանքը. ծրագրի մասնակիցներ

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում հուլիսի 26-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Ռուսասատանի Դաշնության, Հունաստանի, Իրանի և Արցախի պարախմբերի և անհատ կատարողների համատեղ համերգը` նվիրված ՀՀ Անկախության 25- ամյակին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՌԴ Մայկոպ քաղաքի «Վարդանանք» և «Նաիրի» պարախմբերի գեղարվեստական ղեկավար Սյուզաննա Բաբայանն ասել է. «Մասնակցելով Հայաստանում կազմակերպված «Իմ Հայաստան» փառատոնին` մենք իրականացրինք մեր երազանքը` առաջին անգամ այցելելով Արցախ, որը տեսնելու մեծ ցանկություն ունեին պարախմբի բոլոր մասնակիցները: Պարախումբը գործում է 2007 թվականից: Ընդհանուր առմամբ, պարախմբում ընդգրկված է 5-20 տարեկան 120 երեխա, սակայն այսօր այստեղ ենք միայն 40 մասնակիցներով: Մեր սաներին սովորեցնում ենք հիմնականում հայկական պարեր: Ապրելով հայրենիքից դուրս` մենք փորձում ենք հայ մշակույթն ըստ արժանվույն ներկայացնել մեր երեխաներին»,- ասել է Ս. Բաբայանը և հավելել, որ պարախումբը գործում է Հայ առաքելական եկեղցուն կից:
Մայկոպ քաղաքի «Նաիրի» համույթի պարուհի Անահիտ Միքայելյանը նշել է, որ իրենց համույթում ներգրավված է 70 հոգի: «Այստեղ ենք եկել 26 հոգով: Պարապում ենք շաբաթական երկու անգամ: Մենք հայրենասիրություն ենք համարում նաև հայկական մշակույթը պահել-պահպանելը` պարի միջոցով աշխարհի տարբեր երկրներում ներկայացնելով»,-նշել է Ա. Միքայելյանը:
ՌԴ Դոնի Ռոստովի «Զվարթնոց» համույթի պարուհի Կարինե Դանիելյանն էլ է ընդգծել, որ իրենց խումբը ևս առաջին անգամ է Արցախում, և որ իրենք հիացած են Արցախով ու արցախցիներով: «Պարախումբը ստեղծվել է 2014 թվականին: Այնտեղ ընդգրկված է 15-33 տարեկան 60 հոգի»,- հավելել է Կ. Դանիելյանը և նշել, որ պարախումբը գործում է Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցուն կից: