Օր 2-րդ. «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցներն այցելեցին Վանաձոր
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հուլիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պարարվեստի օրերի շրջանակներում Սփյուռքից ժամանած «Սայաթ-Նովա» (ԱՄՆ), «Բարալեթ» Վրաստան), «Վաչիան» (Վրաստան), «Նաիրի» (ԱՄՆ), «Կիլիկիա» (ՌԴ, Մոսկվա), «Նարեկ» (ՌԴ, Կրասնոդար), «Թերպսիխորա» (Պլատիգորսկ, ՌԴ) պարախմբերն այցելեցին Լոռու մարզ:
Մինչ Լոռու մարզ մեկնելը՝ սփյուռքահայ պարախմբերը փոքրիկ կանգառ կատարեցին Սաղմոսավանքում:
Երեկոյան արդեն, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում կայացավ համերգ, որի ընթացքում վանաձորցի հանդիսատեսին իրենց գեղեցիկ կատարումներով ներկայացան ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռուսաստանից ժամանած պարախմբերը:
Համերգին ներկա էր Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:
Երեկոյի ընթացքում փառատոնի մասնակիցներին ողջունեցին Վանաձորի «Հորովել» երգի-պարի դպրոց-ստուդիայի սաները (գեղ. ղեկավար՝ Արայիկ Գևորգյան):
Երեկոյի ավարտին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը պատվոգրեր հանձնեց համերգի մասնակիցներին՝ Սփյուռքում հայ պարարվեստը պահպանելու, զարգացնելու և տարածելու համար:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետարանին և վանաձորցիներին՝ Սփյուռքից ժամանած պարախմբերին ջերմորեն հյուրընկալելու և համերգն հավուր պատշաճի կազմակերպելու համար: