Հայաստան բերող ճանապարհները… «Սփյուռք» ամառային դպրոց-2016

«Սփյուռք» ամառային դպրոցի «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» դասընթացի ընթացքում շատ ուսուցիչների հետ ծանոթացա, հետաքրքրի զրույցներ ունեցանք, որոնք ինձ՝ որպես դեռևս ապրելու քիչ փորձ ունեցողի, կյանքի դասերի արժեք ունեցան: Ամեն անգամ անցնում եմ այն լսարանների կողքով, որտեղ սփյուռքահայ ուսուցիչների դասեր են ընթացնում, ինքնաբերաբար կանգնում եմ ու լսում.  ես դեռևս այդքան սեր, կարոտ, ջերմություն որևէ տեղ չեմ նկատել: Միանգամից հիշում եմ մեր պատմության մեծագույն ուսուցիչներին, որ ազգ են կրթել ու փրկել, ու այս սփյուռքահայ ուսուցիչները բարձրանում, արժևորվում են իրենց գործով, որ ոչ պակաս կարևոր է այսօր, երբ մեր հզոր Սփյուռքը հնարավորինս հեռու պիտի պահենք դարի մարտահրավերներից:

Սփյուռքահայ ուսուցիչներից յուրաքանչյուրն իր տեսակով օրինակելի է: Այս տեսակի ու որակի կրողն է նաև Մոսկվայից հայրենիք եկած Երանուհի Ղազարյանը: Տիկին Ղազարյանի հետ զրույցը ամենատպավորիչներից մեկն էր, որի մասին թերևս չեմ կարող այնքան երկար գրել, ինչքան այն իրականում տևել է: Պարզապես ներկայացնեմ պատառիկներ մեր զրույցից:

Առանց իմ աշխատանքի ես չեմ ապրի

Նախքան Մոսկվա գնալս՝ այստեղ 15 տարի աշխատել եմ Աբովյան քաղաքի թիվ 10 դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Սիրահարված եմ իմ մասնագիտությանը դասարան ոտք դնելուս հաջորդ րոպեից: Գիտեի՝ իմ կոչումն է հայերեն սովորեցնելը, կոչում, որին հավատարիմ եմ մինչ օրս: Երբ Մոսկվա մեկնեցինք, մեկ տարի չաշխատեցի: Իմ կյանքի ամենադժվար մեկ տարին էր, երբ դպրոցից, իմ կոչումից ու սաներից հեռու էի: Ցանկացա աշխատանքի անցնել Մոսկվայի 16/50 պետական միջնակարգ դպրոցում: Երբ գնացինք աշխատանքի համար դիմելու դպրոցի տնօրենին՝ Օֆելյա Առաքելյանին, ամուսնիս ուղղակի խնդրեց. «Եթե չեք ուզում մի ամուր հայ ընտանիք քայքայվի, կնոջս աշխատանքի վերցրեք, նա լավ ուսուցչուհի է, առանց դասավանդելու չի կարող ապրել, կգնա դարձյալ Հայաստան՝ իր դպրոց, իր աշակերտների մոտ»: Այո´, ես չեմ կարող առանց իմ աշխատանքի ապրել: Հիմա, բացի պետական միջնակարգ դպրոցից, նաև Մոսկվայի Հայորդյաց տանն եմ աշխատում և «Այբիկ» կրթահամալիրում: Երեկոյան տուն եմ գնում բավարարվածության մեծ զգացումով, որ տվեցի ու արեցի այն, ինչի համար կամ, ստեղծվել եմ, ապրում եմ: Հայերեն դասավանդելը իմ շունչն է, մի վայրկյան էլ չլինի՝ կխեղդվեմ: Աղջիկս հաճախ է ասում, որ նախանձելի մարդ եմ, որը և´ հաճույք է ստանում իր աշխատանքից, և´ քիչ թե շատ՝  վարձատրվում է: Իմ իրական վարձատրությունը իմ սաներն են, որ հայ են ամբողջ սրտով: Նրանց մեջ տարբեր ազգերի ներկայացուցիչներ ևս կան, և ես հպարտ եմ, որ սովորեցնում եմ նրանց աշխարհի հարստագույն լեզուներից մեկը՝ հայերենը: Ես երջանիկ մարդ եմ:

Հայորդյաց տունը՝ հայկականության տաճար

-Ինչպես նշեցի՝ Մոսկվայում երեք կրթօջախում եմ աշխատում, սակայն այսօր այստեղ՝ «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում, ներկայացնում եմ Մոսկվայի Հայորդյաց տունը: Մյուս երկու կրթահամալիրների գործունեության և աշխատանքի մասին ևս կարող եմ շատ երկար պատմել, նրանք անգնահատելի աշխատանք են կատարում, սակայն թույլ տվեք այսօր ավելի շատ անդրադառնալ Հայորդյաց տան պատմությանն ու ներկային: Այն զուտ  դպրոց չէ, այն հոգևոր դաստիարակության կենտրոն է, որը տրամադրում է քրիստոնեական հավատքով համեմված կրթություն: Այն իր մեջ ներառում է հայոց լեզուն, գրականությունը, մշակույթը, պատմությունը: Մենք ստեղծում ենք մի մթնոլորտ, որը դառնում է ապրելակերպ, տալիս ենք հիմքերը և ցանկանում, որ մեր սաներն իրենց հետագա կյանքն այդ  հիմքերի վրա կառուցեն:

 Հայորդյաց տունն իր այս բարձունքին հասել է հետևողական ու նվիրված աշխատակիցների շնորհիվ: Նախ չեմ կարող չնշել Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի անունը, ում վաստակը անգնահատելի  է հայ համայնքի կյանքում: Նրա շնորհիվ է այսօր գործում Հայորդյաց տունը, և Մոսկվայի կենտրոնում հառնում է առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին:  Հայորդյաց տան հոգևոր տեսուչ Առաքել Ամիրյանը ևս եզակի մարդկային կերպար է, որ օրինակ  կարող է լինել բոլորիս համար: Նախանձելի եռանդով և ավյունով լեցուն է նաև Հայորդյաց տան տնօրենը՝ Հմայակ Գևորգյանը, որ  մշտապես նոր գաղափարներով, մտքերով, մոտեցումներով զարմացնում և ոգևորում է մեզ: Այս միահամուռ աշխատանքի շնորհիվ է նաև, որ օր օրի մեր սաների քանակը ավելանում է՝ այժմ հասնելով մոտ 800-ի: Ոչինչ սիրողական մակարդակում չէ: Դասավանդում են լավագույն մասնագետները՝ փորձելով հասնել ցանկալի արդյունքի:

Միայն հայերենի առումով չէ առաջընթացը նկատելի: «Հայասա», «Վարդավառ» պարային խմբերը հայկական ազգային ու ազգագրական պարն են ներկայացնում, «Նորահրաշ» վոկալ համույթը և Լենա Բեգլարյանի ղեկավարած երգչախումբը հղկում են երեխաների երաժշտական ունակությունները: Ժողովրդական գործիքները ևս չեն անտեսվում. մեր քանոնահարուհիները մեծ հաջողություններ են գրանցել: Եվ այսպես շարունակ, երկար կարող եմ թվել: Երբ ազգությամբ ռուս աշակերտը իր շեշտադրությամբ, նորաթուխ հայերենով ասմունքում է, միայն անսահման հուզմունք ու հպարտություն կարելի է զգալ:

Սովորել հայերեն 60 տարեկանում

-Ես դասավանդում եմ հիմնականում ռուսախոս դասարաններում և մեծահասակների խմբերին: Ունեմ ութ ազգության պատկանող աշակերտներ, որ տարբեր պատճառներով են հայերենը սովորում. ցանկանում են հաղորդակից լինել մեր աստվածային լեզվին կամ պարզապես իմանալ այն, կամ էլ սիրած անձնավորությունն է հայ, և ցանկանում է իմանալ՝ սիրելին ինչ լեզվով է մտածում: Այս շարքում ես չեմ կարող չառանձնացնել մոսկովյան ամենահայտնի իրավաբաններից մեկին՝ Ալեքսանդր Արութունովին: Նա 60-ն արդեն բոլորել է, և ի հպարտություն ինձ՝ իմ սանն է: Նրա հայրը հայ է եղել,  մայրը՝ ռուս: Ինչպես շատ հաճախ, այս դեպքում ևս հաղթել է մայրական գենը՝ գերակա լեզու դարձնելով ռուսերենը: Սակայն… երկու տարի առաջ Սփյուռքի նախարարության հրավերով պարոն Արութունովը մասնակցել է Հայ իրավաբանների համահայկական համաժողովին: Նախարար Հրանուշ Հակոբյանը զրույցում հայերեն է դիմել նրան, հայտնի իրավաբանը չի հասկացել լեզուն, և Մոսկվա գալուն պես՝ որոշել է հայերեն սովորել, որ հաջորդ այցին նախարարի  հետ ոսկեղենիկ հայերենով խոսի: Այժմ շաբաթական 2 անգամ գալիս է դասերին, գերզբաղված է, բայց ժամանակ գտնում է: Այնքան ջերմությամբ, հոգատարությամբ է կարդում հայերեն, որ շատ հաճախ հոտնկայս ծափահարում ենք:

Հայաստանին սիրահարված օտարազգին

-Տատյանա Տելեգինան իմ սանն է եղել: Զտարյուն ռուս այս աղջիկը իսկապես սիրահարվել է Հայաստանին: Բազում անգամներ է այստեղ եղել, հայոց պատմությունը գերազանց գիտի: Նույնիսկ կայք է բացել, որտեղ հայկական տեսարժան վայրերի, պատմական կոթողների նկարներն է տեղադրում: Յուրաքանչյուր եկեղեցու պատմությունը անգիր հիշում է: Որևէ արյունակցական կապ չունի հայերի հետ, բայց Հայաստանը շատ լավ է զգում, սիրում: Երևի այն մարդկանցից է, որն այս հողում զգում է աստվածայինի ներկայությունը: Այնքան ուրախ եմ, որ օգնել եմ նրան գտնելու Հայաստան բերող ճանապարհները:

Որպես վերջաբան

-Մեր սաներից յուրաքանչյուրն ունի այն զգացումը, որ իր հայրենիքը Հայաստանն է, մայրենին՝ հայերենը: Ես էլ՝ որպես ուսուցիչ, մի բան կարող եմ հստակ ասել՝ մեծ գործ է թեկուզ մեկ հայ երեխա կրթելը: Ինչքան մեծանում եմ, այնքան ձգվում եմ դեպի Հայաստան, սակայն դեռևս Մոսկվայում առաքելությունս ավարտված չեմ համարում: Հիմա ամառային դպրոցին եմ մասնակցում, սովորում եմ, որ գնամ ու կիրառեմ այնտեղ: Միակ մտահոգությունս այն է, որ կարողանամ ունենալ դասագրքեր ռուսախոս դասարաններում դասավանդելու համար: «Սփյուռք» ամառային դպրոցը յուրօրինակ հարթակ է նոր հնարավորությունների և գաղափարների համար: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպումների ժամանակ միշտ առանձնացնում և շնորհակալություն է հայտնում Սփյուռքի ուսուցիչներին, այսօր էլ ես եմ ցանկանում նրան, ամբողջ նախարարության աշխատակիցներին, տիկին Սիրվարդ Համբարյանին, «Սփյուռք» ամառային դպրոցի համակարգող Մհեր Հովհաննիսյանին մեծ շնորհակալություն հայտնել: Նրանց շնորհիվ՝ եկել եմ հայրենիք մեկ ամսով, հուսամ՝ մեկ օր էլ կգամ՝ այլևս չգնալու մտադրությամբ:

Ամալյա Կարապետյան

Աղբյուրը՝ Հայերն այսօր

Երանուհի1

Scroll Up