«Արի տուն» ծրագրից միայն դրական տպավորություններ եմ ստանում». լիբանանահայ մասնակից
Ալեքսան Ազարյանը Լիբանանից է եկել մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին: Սովորում է Լիբանանի «Եղիշե Մանուկյան» հայկական վարժարանում:
«Հայերն այսօրի» հետ զրույցում Ալեքսանն ասաց, որ ծնողներն իրեն մի քանի անգամ բերել են Հայաստան` ծանոթացնելու իր երկրի պատմությանը, մշակույթին, որպեսզի Հայրենիքի մասին լավ պատկերացում կազմի:
«Շատ եմ սիրում Հայաստանը, և հպարտ եմ, որ հայ եմ ծնվել: Ծնողներս մեծ դեր ունեն օտարության մեջ հայեցի դաստիարակություն ստանալու հարցում. նրանք ամեն բան անում են, որ ընտանիքում միայն հայերեն խոսեմ և հավատարիմ մնամ Մայրենիին»,-նշեց Ալեքսանը:
«Արի տուն» ծրագրին մասնակցելու է եկել հորաքրոջ խորհրդով և չի ափսոսում, քանի որ այս օրերի ընթացքում հասցրել է միայն դրական տպավորություններ ստանալ ծրագրից:
«Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ալեքսանը դարձավ այն սփյուռքահայ պատանին, որին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ որպես ամենակրտսեր մասնակցի, հագցրեց ծրագրի տարբերանշանով շապիկն ու գլխարկը , ինչպես նաև հանձնեց պայուսակը:
«Ուրախ եմ, որ իբրև այդ արարողության «հերոս» ծրագրի կազմակերպիչները հենց ինձ էին ընտրել, քանի որ Սփյուռքի նախարարի կողմից նման ուշադրության արժանանալը՝ պատասխանատու և հիշարժան պահ էր ինձ համար»,-զրույցը եզրափակեց Ալեքսան Ազարյանը:
Գևորգ Չիչյան